Ապրե՞լ եք ուզում` արդարությունը գիտելի՛ք դարձրեք 2016-09-21 13:46:00
«Ինչու՞ է աշխարհն անարդար»,-հանկարծ ինձ հասանելի է դառնում հարցը, որ հնչեցնում է նա` այն միակ տղան 12-րդ դասարանում: Նա ազնիվ է, պարզ, հոգում ունի անթեղած այն մաքուր աշխարհի մասին իր երազանքները, որ երբեմն խաթարվում են ու դառնում հարցականների մի երկար շղթա: Փորձում եմ չլսելու տալ, ու նա հանկարծ դիմում է ինձ. նորից նույն հարցը: Բայց ինչու՞ եմ հիշում նրան` Ռ. Պատկանյանի գրական հերոսին, որ կյանքում իր տեղը չգտավ, ու հանկարծ նրա խոսքը բարձրաձայնում եմ. «Մեզ ո՞վ է ասում գառ լինենք, որ գայլերը մեզ հոշոտեն»: Զարմանալի՞ էր, թե՞ մանկավարժներս իրավունք չունեինք հաստատելու այն վաղ, շատ վաղ դարերից եկած ու մեզ հասած անարդարության մասին... Մի բան, որ մեր կողքին է, և ամենուր նա ապրում է, երբեմն թևեր առած` ճախրում է նա, երբեմն` հրճվում, որ սավառնել գիտի, ու այսպես պատահում է նույնիսկ, որ երբեմն հայտնվում ենք նրա հովանու տակ:
Հարմարվում ենք երբեմն, գուցե նաև՝ դժգոհում, համառում ենք նաև, ըմբոստանում, դառնում ենք ամուր, երբեմն` անկոտրում, բայց պահ է լինում` հուսահատությանն ենք հագուրդ տալիս: Մեր թևերն ենք հուսահատ թափահարում, բայց նորից շնչահատ, հոգեվարքի մեջ` ոգի ենք առնում, որ հաղթենք չարին, բռունցք ենք դառնում, որ գառ չլինենք գայլերի կողքին, ու այսպես համառ ու այսպես կոփված` քայլում ենք առաջ, միայն թե քանդենք կապանքներն անտես, որ պարուրում են մեր հոգուն անգամ:
Բայց ինչո՞ւ եմ ես սովորեցնում նրանց, որ պայքարել սովորեն, հաղթել իմանան, որ գառ չլինեն այս կյանքում հանկարծ: Ըմբոստության կո՞չ էր դա, թե՞ հարմարվողականության դեմ պայքար, որ այդ դասաժամին բառերն ինքնաբերաբար հոսում էին ինձանից: Ուզում էի անարդարությանը դիմադա՛րձ լինեն, չեմ ուզում տեսնել թևաթափ սերունդ` գայլերի կողքին անմեղ գառնուկներ...
Համա՞ռ է կամքդ` կհաղթես չարին, ապրե՞լ ես ուզում` արդարությունը գիտելի՛ք դարձրու, հովանի՛ դարձիր, հասի՛ր դու նրան, որ կարողանաս այդ արդար կյանքին միշտ սատար կանգնես:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1670 անգամ