Բարեմաղթանքներ՝ 2016 թվականի
2018-12-30 21:38:00

 
  2015 թվականը ժամեր հետո, կազմ պատրաստ, «ճամպրուկները» հավաքած, իր տեղը կզիջի «նորին մեծություն» 2016 թվականին:  

 Շուտո՜վ, շատ շուտո՜վ,   մեր դռներից ներս կմտնի Նոր Տարին՝ 2016 թվականը: 
Կնստենք տոնական սեղանների շուրջ, կշնորհավորենք միմյանց ամենաբարի ցանկություններով ու մաղթանքներով: Կգոհանանք Աստծուց մեր ամեն մի հաջողության համար, իհարկե՝ անհաջողության համար էլ, քանի որ նա մեզ խորհել կտա թե մենք որտե՛ղ ենք թերացել, կամ ՝ պարզապես ճիշտ չենք վարվել:
USArmenianews.com նորակազմ լրատվական կայքի անձնակազմը ցանկություն ունեցավ տոնական օրերի առիթով իր էջերը լցնել շատ շատերի ցանկություններով ու բարեմաղթանքներով,ովքեր սիրով պատասխանեցին մեր ուղարկված երկու հարցերին.
1. Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել Ամանորը,
2. Ամանորյա Ձեր բարեմաղթանքը՝ Հայաստանի և Սփյուռքի հայությանը:

Ստորև ներկացանում ենք նրանց պատասխանները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ 2016 ԹՎԱԿԱՆ...

        
 

  

«USArmenianews.com» կայքի սիրելի ընթերցողներ
Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ «USArmenianews.com» կայքի բոլոր ընթերցողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2015 թվականը խորհրդանշական էր աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ, որոնց մասնակցեցին համահայկական հոգևոր, հասարակական, բարեգործական ավելի քան 60 կառույցներ, կազմակերպություններ, հայ ազգի նշանավոր զավակները, փաստեցին ոչ միայն հայ ժողովրդի համերաշխության և միասնական կամքի մասին, այլև տեսանելի դարձրին մեր ժողովրդի ապրելու և արարելու անկոտրում կամքն ու շնորհները: Աշխարհն իմացավ նաև մեր տաղանդավոր ազգի նվաճումների մասին:
2016 թվականը՝ Հայոց պետականության վերակերտման 25 ամյակի տարին, նոր ու ավելի պատասխանատու տարի է հայրենական և սփյուռքյան ԶԼՄ-ների համար: Այն Ձեզ համար թող լինի հնարավորությունների և դրանց իրագործման բացառիկ, արգասաբեր տարի:
Կրկին շնորհավորելով ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ, որ Նոր տարին համայն հայ ժողովրդի համար դառնա նորանոր հաջողությունների և նպատակների իրագործման տարի:
Թող Տիրոջ Աջը հովանի և զորակից լինի բոլորիդ ազգանվեր ձեռնարկներում: Թող Հիսուսի Ծննդյան ավետիսը հնչի մեր հարկերի ներքո և մեր հոգիներում ու Սուրբ Ծննդյան Լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի:
Հարգանքով՝ ՀՀ Սփյուռքի նախարար
  Հրանուշ Հակոբյան
 
Ամանորն ընտանեկան տոն է: Ես դեռ մանկուց դաստիարակվել եմ այն արժեքներով, որ Նոր Տարին հարկավոր է դիմավորել տանը` հարազատների հետ: Այս տարին եւս բացառություն չի լինի` 2016 թ. գալուստն ազդարարող զանգերը կդիմավորեմ ընտանիքիս, հարազատներիս հետ:
Ունենք նաեւ մեկ այլ ավանդույթ մեր քաղաքում: Մեր ընտանիքներում Ամանորը դիմավորելուց հետո դուրս ենք գալիս Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակ` միասին ունկնդրելու էջմիածնեցի երգիչ-կատարողների, պարախմբերի ուժերով կազմակերպված համերգը: Ամանորի գիշերն անցկացնում եմ համաքաղաքացիներիս հետ, քանի որ Էջմիածինն էլ մի մեծ ընտանիք է: Առհասարակ, սիրում եմ օգտագործել էջմիածնեցիների հետ անձամբ շփվելու հնարավորությունները, քանի որ ամեն մեկ մարդուց էլ կարելի է մի օգտակար խորհուրդ, առաջարկ լսել, ամեն մեկ մարդու հետ շփումով էլ կարելի է եզրակացնել, թե ինչպես, ինչ մտահոգություններով, ինչ տրամադրությամբ է ապրում մեր քաղաքի ժողովուրդը:
Մաղթում եմ մեր ժողովրդին, որ 2016 թվականը լինի հաջողությունների, առողջության, երջանկության տարի: Որ շատ կարեւոր ու հրատապ է այսօր` թող 2016-ը լինի խաղաղության` արժանապատիվ խաղաղության տարի: Մեր ազգին համախմբում, միասնություն եմ ցանկանում: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայության միասնական ջանքերով մենք կարող ենք հասնել համազգային բոլոր խնդիրների արդարացի կարգավորմանը: Սփյուռքի մեր հայրենակիցներին տոկունություն եմ մաղթում, որ դիմակայելով բոլոր մարտահրավերներին, կարողանան պահել ու պահպանել հայի տեսակը: Հայրենիքն ու Սփյուռքը պետք է մշտապես միմյանց աջակցեն, սատարեն: Ի վերջո, ցանկանում եմ այնքան հզորանա, ամրանա մայր Հայաստանը, որ մեծ ներգաղթ կազմակերպվի` սփյուռքահայությունը վերադառնա եւ սկսի արարել հայրենիքում: Ու թող վերջնականապես վերանան ամերիկահայ, ռուսահայ եւ նմանատիպ ձեւակերպումները: Կա եւ կլինի մեկ հասկացություն` հայ, հայություն:

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ
Կարեն Գրիգորյան
 
Ամանորն ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և խորհրդավոր տոնն է բոլորիս համար: Ինչպես  յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, պատրաստվում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել տանը` ընտանիքիս հետ, մերձավորներիս շրջանում: 
Թող գալիք տարին աշխարհին խաղաղության բերի, հայ ժողովրդի համար լինի երջանկության, ստեղծագործ աշխատանքի և իղձերի իրականացման տարի:

ՀՀ Մշակույթի նախարար
Հասմիկ Պողոսյան
 
 Ջերմորեն շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:Լիահույս եմ, որ 2016 թվականը թե գյուղատնտեսության և թե ընդհանուր առմամբ մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի:
Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի և դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար:
Աստված մեզ պահապան:

Հարգանքով ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարար
Սերգո Կարապետյան
 
  Ամանորը պատրաստվում ենք անցկացնել Վարշավայում, մեր կեցավայրում՝ ընտանիքի հետ միասին: Ի դեպ, այս տարին մեր ընտանիքի համար որոշակի իմաստով յուրահատուկ է, քանզի առաջին անգամ է, որ մենք Ամանորը դիմավորելու ենք Հայաստանի սահմաններից դուրս: ՈՒրախ ենք, որ մայրիկս արդեն մեզ հետ է, իսկ տոներին մեզ կմիանա նաև քույրս: Այնպես որ, ավանդույթները չենք խախտի, և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, Ամանորը կդիմավորենք մեր ողջ ընտանիքով, պարզապես այս անգամ՝ Լեհաստանում:
2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, թե ինչ հզոր ուժ է հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն ամբողջ աշխարհում, թե ինչպես կարող ենք մենք հպարտանալ և ոգևորվել մեկս մյուսի հաջողություններով, առավել ևս, երբ դրանք ծառայում են ընդհանուր նպատակներին: Ես մաղթում եմ, որ այդ միասնության ոգին, որն արդեն համակել է մեզ բոլորիս, մշտապես ուղեկցի մեզ՝ նպաստելով շարունակական հաջողությունների կերտմանը համահայկական նշանակության խնդ
իրների լուծմանը, մեր բոլորիս հպարտության և ներշնչանքի՝ Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու շենացմանը:


Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Էդգար Ղազարյան
 
 
 
 Ամանորն ընտանեկան տոն է, և ես այն անշուշտ անցկացնելու եմ  Երևանում ընտանքիս և հարազատներիս միջավայրում:
 Սիրելի հայրենակիցներ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Ձեզ  եմ հղում իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները:
Ցանկանում եմ առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Թող 2016թվականը  լինի խաղաղության, բարեկեցության և նոր վերելքների տարի:

 «ՍԻԼ Կոնցեռն»-ի հիմնադիր՝ գործարար
Խաչատուր Սուքիասյան

 

 

 
 Ամենայն հավանականությամբ այս տարի Ամանորն ընտանիքիս հետ Երևանում կնշենք: Ժամանակ առ ժամանակ կարոտում ես այսօր արդեն շատերի կողմից ավանդական երևանյան ամանորյա «մերժելի» մոտեցմանը, երբ մի օրվա մեջ այցելում են գրեթե բոլոր հարազատներին ու նրանք էլ նույն օրը փոխադարձաբար գալիս են քո Նոր Տարին շնորհավորելու: 
Ողջ աշխարհի հայությանը մաղթում եմ առատ ու դժգոհելու առիթներից զերծ տարի: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում թեկուզ փոքր դրական տեղաշարժ լինի, տղամարդկանց հաջողվի նորմալ վաստակել, կանայք սիրված լինեն ու գնահատված, իսկ երեխաները իսկապես ստանան իրենց երազած նվերները... Թո՛ղ այս տարի փոփոխությունների առաջին նշանները շատ արագ տեսանելի լինեն ծանոթ-անծանոթների անկեղծ ժպիտներում...

ՀՀ Արդարադատության նախկին նախարար՝
Հովհանես Մանուկյան
 
 Ամանորը հայկական իրականության մեջ համարվում է նախևառաջ ընտանեկան տոն, մյուս կողմից՝ այս տարի մեր ընտանիքը համալրվեց իմ երկրորդ թոռնիկով, հետևաբար Ամանորն այս տարի ևս անցկացնելու եմ ընտանիքիս, հատկապես թոռնիկներիս հետ: 
Ինչպես բազմաթիվ հայ ընտանիքներ, մենք նույնպես, հյուրընկալում ենք հարազատների, ընկերների ու հարևանների: Մենք ենք հյուր գնում նրանց, շնորհավորում միմյանց՝ տոնը ավելի ջերմ ու ուրախ դարձնելու համար: 
Մի ավանդույթ էլ կա՝ ամեն տարի Ամանորի զանգերը խփելուց մի քանի ժամ հետո հավաքվում ենք նաև մեր քաղաքական թիմով:
Ամփոփելով նշեմ, որ չնայած դժվարություններին, առօրյա հոգսերին՝ փորձում ենք գոնե ամանորյա մի քանի օրը անցկացնել հարազատների, ընկերների շրջապատում, ուրախանալ, բարեմաղթանքներ հղել մեկմեկու:

Մենք նոր տարի ենք մուտք գործում նոր հույսերով ու ծրագրերով` համոզված, որ համատեղ պայքարով ու աշխատանքով դրանք իրականացնելու ենք:
2015թ.–ը մեր ժողովրդի համար հոգսաշատ, բազմաթիվ խնդիրներով լի տարի էր: Պետք է անել հնարավորը Հայաստանում փոփոխություններ բերելու դեպի լավն ու լուսավորը, որ մեր ժողովուրդը ապրի արժանապատիվ կյանքով: 
Ուզում եմ Հայաստանի Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին ջերմորեն շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ:
Թող 2016 թ.-ը լինի նախևառաջ խաղաղության և բարօրության տարի, հաջողությունը թող ուղեկից լինի ամեն մի հայի՝ աշխարհի որ մասում էլ նա գտնվելիս լինի:
Թող նոր տարին մեր ժողովրդի համար լինի ձեռքբերումների և նվաճումների տարի, իսկ ամեն մի հայի օջախում լինի խինդ ու երջանկություն, ջերմություն ու անսպառ սեր: 
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, մեր հայրենիքի պաշտպաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն, առողջություն, ուժ և կորով: Աստված պահապան հայ զինվորին:

ՀՀ ԱԺ Օրինաց Երկիր Խմբակցության Ղեկավար՝
Հեղինե Բիշարյան
 
 Ամանորը սովորաբար դիմավորում և անցկացնում եմ Երևանում ընտանքիս հետ: Այս տարին ևս բացառություն չէ: Մի լավ ավանդույթ էլ կա «Օրինաց երկիր» կուսակցությունում ձևավորված՝ ամեն տարի հավաքվում ենք մեր մեծ թիմով, ընկերներով, հարազատներով միասին նշելու Ամանորը: 
2015թ.–ը մեր ժողովրդի համար հոգսաշատ, բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներով լի տարի էր: Սակայն, լինելով լավատես մարդ, վստահ եմ, որ հաջորդող մյուս տարիներին մեր ժողովուրդն ավելի լավ է ապրելու, բայց դրա համար պետք է իրականացնել համառ, քրտնաջան և պատասխանատու աշխատանք, պետք է անել հնարավորը մեր երկրում փոփոխություններ բերելու դեպի լավը, գեղեցիկը, լուսավորը, որ մեր ժողովուրդը կարողանա իսկապես ապրել արժանապատիվ կյանքով: 
Մեր նպատակն ավելի բարեկեցիկ կյանք ապահովող գաղափարների կենսագործումն է, և մենք պատրաստ ենք այդ նպատակի համար շարունակել պայքարել և աշխատել` մեր երկրի զարգացման, ժողովրդի բարեկեցության և ժողովրդավարական արժեքների խորացման համար:
Ուզում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2016թ.-ը լինի հաջողակ և արգասաբեր տարի, լինեն բազմաթիվ ձեռքբերումներ և նվաճումներ, խաղաղությունն ու բարօրությունն ուղեկցեն մեր երկրին, և յուրաքանչյուր հայի օջախում լինի ջերմություն, խինդ ու երջանկություն: 
Մաղթում եմ հույս, հավատ, սեր և վճռականություն, լավատեսություն և կորով: Ես վստահ եմ, որ մեր հայրենիքը, մեր ժողովուրդը այս ծանրագույն վիճակից դուրս է գալու: Մենք պետք է ապրենք հույսի, լույսի և հավատի մեջ: Մենք պետք է մերժենք խավարը, մենք պետք է պայքարենք բոլոր արատավոր երևույթների և դրսևորումների դեմ, իսկ դա հնարավոր է անել, եթե մենք հավատանք, ունենանք նպատակներ և իղձեր և դրանք կյանքի կոչելու կամք, վճռականություն և լավատեսություն: Պետք է ամեն մարդ հավատա սեփական ուժերին, հայ ժողովուրդը պետք է հավատա իր ներուժին՝ վճռական պայքարելու իր ու իր զավակներ ապագայի, հայկական վերածննդի համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՕԵԿ նախագահ` Արթուր Բաղդասարյան
 
 Մեր ընտանիքում տարիներ շարունակ ձևավորված ավանդույթ կա ամանորը անցկացնել ընտանիքի հետ միասին, տանը: Մի տեսակ ջերմություն և քաղցրություն կա այդ ավանդույթի մեջ՝ նոր եկող տարին դիմավորել քո սեփական բնակարանում, հարազատներով շրջապատված: Չգիտեմ երբևէ կփորձեմ ձերբազատվել այդ սովորույթից, այնուամենայնիվ այն նոր եկող տարվան տալիս է նոր շունչ և ջերմություն:Քանի որ աշխատանքիս բնույթով շատ եմ շփվում աշխարհի տարբեր անկյունում գտնվող հայերի հետ, դրա համար նաև շատ եմ կապված նրանց հետ՝ նրանց հոգսերով տարված, նրանց լավ օրերով ուրախացող: 
Նախ և առաջինը թող ամեն եկող տարին Հայաստանում և աշխարհի տարբեր անկյունում ապրող հայերին բերի խաղաղություն և բարիք, անկախ հեռավորությունից միասնությունն ավելի ամրապնդվի մեր մեջ, տարեցտարի վերանա սփյուռքահայ, ղարաբաղահայ, հայաստանահայ տարանջատումները և բոլորիս հոգեբանության մեջ լինի միայն Հայ բառը: 

Թող հայ մանուկը մեծանա անհոգ, չտեսնի սով և պատերազմ, թող հայ մայրը միշտ մնա առաքինի, ինչպես որ եղել է դարեր շարունակ, իսկ հայ տղամարդը ուժեղ, վստահ և առնական:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Մնացական Բիչախչյան
 
 Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին և Սուրբ ծնունդը: 
 Թող անցնող տարում մնան բոլոր անհաջողություններն ու դժվարությունները: Ցանկանում եմ գալիք տարին լինի առողջության, հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի:
Թող 2016թ-ը հայ ժողովրդի համար լինի խաղաղության տարի: Ուզում եմ շնորհավորել նաև աշխարհասփյուռ հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այս տնտեսական դժվարին ժամանակահատվածում,երբ վտանգված է հայրենիքի սահմանը,կարիք կա համախմբվելու և լինելու հայրենիքի կողքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ,
ԱԺ Պատգամավոր՝ Արթուր Գևորգյան
 
 Ամանորն ընտանիքիս հետ նշելու եմ Եգիպտոսում: Սովորաբար շատ լարված աշխատանքային տարին փորձում եմ ավարտել Հայաստանից դուրս և նոր ու թարմ գաղափարներով վերադառնալ տուն:Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթում եմ ուրախ տոներ և առնաց կորուստների տարի: 
Թո՛ղ 2016 թվականն իսկապես հայ ժողովրդի համար լինի ձեռքբերումների, հաջողության, սիրո և երազանքների իրականացման տարի: 
Շնորհավորում եմ ձեր խմբագրության աշխատակիցներին ևս տոների առթիվ, մշտապես լավ լուրերով ուրախացնեք մեր հայրենակիցներին և գոտեպնդեք հատկապես Սփյուռքի հայությանը:

Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպության 
Հայաստանյան Մասնաճյուղի Տնօրեն՝ 
Դավիթ Ղուլյան 
 
 

 
 Սովորաբար Ամանորն անց ենք կացնում տանը, ընտանեկան միջավայրում: Այս տարի ևս չենք խախտելու ավանդույթը:
Հայաստանի և Սփյուռքի իմ հայրենակիցներին թիվ մեկ մաղթանքս և մեծագույն ցանկությունս՝ խաղաղությունն է, որի համար պետք է լինենք միաբան, ամուր, հաստատուն և իմաստուն: Վստահ եմ որ այդպիսին կանք ու կլինենք նաև 2016-ին:
Մաղթում եմ, որպեսզի 2016թ-ին յուրաքանչյուր երիտասարդ հայ ընտանիքում Արու Զավակ ծնվի: Մաղթում եմ, որ յուրաքանրյուր կարող Հայ Մարդ ունենա աշխատանք, իր Ընտանիքի համար բարեկեցություն և բավարար անվտանգություն:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Զաքարյան
 
 Դեռևս մանկության տարիներից այն ինձ համար եղել է ընտանեկան տոն, ուստի մշտապես նախ ընտրում եմ Ամանորի և հատկապես սուրբ ծննդյան տոները անցկացնել Հայաստանում` հարազատներիս հետ:    2015թվականը թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում լի էր բազում իրադարձություններով: Մեր ազգի համար այն հատկապես կարևորվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Հռոմի պապի մատուցած պատարագը`նվիրված եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից 1915թ-ի ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողությունը: Հայաստանը և սփյուռքը մեկ մարմին են և ունեն մեկ սիրտ` հայի սիրտ : Մաղթում եմ, որ այդ սիրտը բաբախի համախմբվածության և միասնականության ուժով:
Թո՛ղ որ 2016թ-ը լինի խաղաղություն տարի ամբողջ աշխարհում :

ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ՝
Նաիռա Նահապետյան
 
Ամանորը միշտ տոնել եմ տանը ու այս տարի նույնպես լինելում եմ տանը ՝ ընտանիքով: Դա ամենագեղեցիկ ու սպասված ընտանեկան տոնն է:
 Հայաստանի և սփյուռքի հայությանը մաղթում եմ,  որ գալիք 2016 թվականը խաղաղություն և բարեկեցություն պարգևի: Յուրաքանչյուր հայկական ընտանիքում թող բալիկ ծնվի ու առողջություն բոլորին:
 ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր՝  Թևան Պողոսյան 
 

 Ընտանիքի անդամների հետ ենք անցկացնելու Ամանորը՝ Երևանում կամ իմ ծնողների գյուղերից մեկում:

Ցանկանում եմ սեփական երկրում արժանապատիվ ապրելու հնարավորություն:

 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ 

  Արմեն Մարտիրոսյան 
 

 Ամանորը կամ Նոր տարին, որն իր մեջ պարունակում է «նոր»-ը, յուրաքանչյուրիս համար սպասումների, երազանքների, ցանկությունների, անավարտ գործերը կյանքի կոչելու նորովի սկիզբ է: Մենք՝ հայերս Ամանորն ընկալում ենք որպես ընտանեկան տոն: Ընտանեկան տոնի ավանդույթը մեզ փոխանցվել է մեր ծնողներից, մենք էլ, մեր հերթին, այն փոխանցում ենք մեր զավակներին: Այդ ավանդույթը խախտել եմ մի քանի անգամ, պետք է խախտեմ նաև այս տարի: Դուստրս և թոռնիկս որոշել են Սուրբ ծնունդը և Ամանորը դիմավորել ԱՄՆ-ում, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ և ընկերներ, ինձ մնում է Ամանորն անցկացնել հայրենիքում՝ մնացած հարազատներիս և ընկերներիս հետ, Երևանից դուրս:

 Ամենից առաջ ցանկանում եմ, որ Նոր տարին խաղաղություն բերի աշխարհի բոլոր ժողովուրդներին, որ ոչ մի մայր չզգա որդու կորստյան ցավ, որ յուրաքանչյուր մարդ անխռով վայելի Աստծո կողմից տված այն մեծագույն նվերը, որը կոչվում է ԿՅԱՆՔ:  

 Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում և Սփյուռքում, վստահ եմ, որտեղ էլ լինենք, «Հայաստան» լսելիս՝ մեր սրտի զարկերն արագանում են: Մեզ՝ բոլոր հայերիս կապողը, ընդհանրացնողը մեր հայրենիքն է: Գիտեմ նաև, որ սփյուռքահայ մեր հայրենակիցներն ապրում են անբացատրելի կարոտով առ հայրենիք: Հավատացե՛ք, մենք էլ՝ ապրելով Հայաստանում կարոտում ենք մեր հայրենիքը, կարոտում ենք, քանի որ ամեն օր ավելի ու ավելի ենք օտարվում հայրենիքից, կարոտում ենք, քանի որ հայրենիքը միայն այն տարածքը չէ, որի վրա ապրում ես, հայրենիքը նաև քո հարազատներն են, ընկերները, բարեկամները, ովքեր իրենց տեղն իրենց «տան» մեջ չեն գտնում ու լքում են այն՝ յուրաքանչյուրն իր հետ տանելով մեր սրտի մեկ մասնիկը: Հայրենիքը մեր բզկտված, մասնատված, աշխարհով մեկ սփռված սրտերից կորցրել է իր ջերմությունը: Պատճառները գիտեք բոլորդ…

  Սիրելիներս, Ամանորի գիշերը առաջին բաժակը բարձրացրեք Հայաստանի լինելիության, բիբլիական հայրենիքի հավերժության համար և հիշե՛ք. հիվանդ մորը չեն լքում: 


ՀԱԿ վարչության անդամ ՝ Զոյա Թադեւոսյան
 
 Ամենայն հավանականությամբ ընտանեկան հարկի տակ նշենք, իսկ Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցներիս մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու ամենաշատը խաղաղություն և հանդուրժողականություն։
ՀՀ ԱԺ Պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյան 
 
  Ինչպես միշտ Ամանորն անց եմ կացնելու մեր տանը, ընտանիքիս ու հարազատներիս հետ: Ինձ համար մեծագույն հաճույք է մեծ ընտանիքով որեւէ տոն նշելը: 
Հայաստանին ու աշխարհահռչակ հայությանը մաղթում եմ խաղաղություն, շենություն ու լիություն: Թող բոլորն առողջ լինեն, ուրախ եւ երջանիկ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար ՝ Ստեփան Սաֆարյան
 
 Ամանորը պայծառ ու լուսավոր տոներից է, երբ նորի սպասման տրամադրություն ունես ու տարվա ընթացքում բացասական լիցքերը ցրելու և նորացված, մաքրված, ձերբազատված վատ երևույթներից ու հիշողություններից, ցանկանում ես ոտք դնել Նոր տարվա շեմին: Ամանորը նաև ընտանիքի տոն է, ինչը հնարավորություն է տալիս ընտանիքի բոլոր անդամներին հավաքվել և միասին տոնել: Ես էլ շատերի նման Նոր տարին դիմավորում եմ հայրենիքում, տանը ընտանիքիս հետ միասին: Ամփոփում ենք անցնող տարին, արձանագրում ընտանեկան ձեռքբերումներն ու հաջողությունները, նախագծում գալիք տարվա ընտանեկան ռազմավարությունը: 
Նոր տարվա բարեմաղթանքներից ամենակարևորը՝ Հայրենիքի սահմաններն ամուր թո՛ղ լինեն, մեր զինվորը զենքն օգտագործելու հնարավորություն թո՛ղ չունենա. խաղաղությունն այսօր օրախնդիր է: 
Մաղթում եմ Հայաստանում և սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին համախմբվածություն, համերաշխություն և նպատակային ու թիրախավորված հաջողություններ:

Թո՛ղ 2016 թվականը դառնա հավատի, հույսի վերականգնման տարի: Թո՛ղ մանուկների աչուկները երբեք ցավի արտահայտում չունենան: Թո՛ղ մարդկանց հոգիներում լավատեսության ու դրական էմոցիաների տեղատարափ լինի: Թո՛ղ ընտանեկան անդորրն ու երջանկությունը դառնան համազգային:

ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ՝ Աստղիկ Ավետիսյան
 
Ավանդաբար, Ամանորը, մեծ սիրով և ուրախությամբ դիմավորում ու անցկացնում եմ իմ տանը՝ ընտանիքիս հետ. միմյանց մաղթանքներ ենք հղում, ջերմորեն գրկախառնվում,անպայման շնորհավորում ենք մեր մտերիմներին, առաջին հերթին, Լոս Անջելեսում բնակվող իմ զավակներին և մի քանի օր շարունակ, մեր օջախ այցելող մտերիմ մարդկանց հետ ճաշակում ենք համեղ ուտեստներ, շրջում ենք Երևանում, պարզապես քայլում մեր սիրած փողոցներով...
 Կյանքի կարևոր շրջափուլում ենք. բոլորիս դուռն է թակում 2016 թվականը. կուզենայի, որ սիրով, նոր սպասումներով ու լավի ակնկալիքներով դիմավորեինք այն՝ թե սփյուռքում, թե հայրենիքում... մեծագույն ակնածանքով եմ վերաբերվում,մասնավորապես, մեր այն հայրենակիցներին, ովքեր հանգամանքների բերումով բնակվում են հայրենիքից հեռու, սակայն հոգով և սրտով, մտածումներով ու սպասումներով միշտ հայրենիքի հետ են, ապրում են նրա հոգսերով ու խնդիրներով, իրավամբ հպարտանում են հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր քաջասիրտ զինվորներով, սրտատրոփ ցանկանում են մեկ օր շուտ տեսնել,իրոք, արդարացի, ծաղկուն, բարեհամբույր, աշխարհասփյուռ իր զավակներին իսկապես սպասող ու իր հարկի տակ առնող Հայաստան... 
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ամբողջ սրտով շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին՝ մաղթելով առողջություն, հոգու և մտքի ներդաշնակություն, հայկական ընտանեկան ամուր միասնություն, հոգու լույս և ջերմություն. թող Ձեր ընտանեկան հարկի տակ միշտ լինի խաղաղ անդորր, ժպիտ, մանկան ծիծաղ և անսահման ուրախություն. թող 2016- ը լինի համայն հայության նվիրական իղձերի իրականացման տարի. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի հայրենակիցներ.
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, անկեղծորեն շնորհավորում եմ նաև Ձեր և մեր նորահայտ հայաշունչ և հայահունչ կայքի աշխատակազմի ու նրանց ընտանիքի անդամների Նոր Տարին և մաղթում արդյունավետ գործունեություն՝ կյանքի բոլոր բնագավառներում... Գայանե ջան, իսկ քեզ՝ առանձնակի ջերմ շնորհավորանքն ու համբույրս՝ հայաստանաբույր հարազատ մարդու անկեղծությամբ...

Հաղորդավար, հեռուստամեկնաբան՝
Գրիգոր Հարությունյան
 

 Ե՛վ Ամանորը, և՛ Սուրբ Ծնունդը դիմավորելու եմ տանը` ընտանիքիս հետ, բոլորիս ծանոթ եւ հարազատ հայկական ավանդույթներով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծնունդը փառաբանելով:

 Եվ չնայած անցնող տարին ինձ դատապարտեց ցմահ տխրության, այնուամենայնիվ հույսս չեմ կորցրել և հավատում եմ, որ 2016-ը իր հետ բերելու է միայն լավն ու բարին:

 Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն: Թող չարիքը վերանա Երկիր մոլորակից և թագավորի միայն Լույսն ու անսահման Սերը: Թող ոչ մի մայր չսգա իր զավակի կորուստը և մեր զինվորները տուն վերադառնան ողջ ու առողջ:

Կուզենայի, որ մեր երեխաների աչքերում ծվարած տխրությունը վերանար ու փոխարենը` արևի լույսի պես ուրախությու՛նը շողարձակեր նրանց աչքերում: Ցանկությունս է նաև, որ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի հայը` չկորցնի հայկական ինքնությունը, հավատարիմ եւ կառչած մնա իր արմատներին:
Ես հավատում եմ ու սպասում եմ վաղվա Հայաստանի ավելի լավ ապագային: Մեր Ժողովուրդը արժանի՛ է դրան, նա վաստակե՛լ է արժանապատիվ ապրելու իրավունքը:
Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հաղորդավարուհի՝ Աիդա Ներսիսյան
 
Լռում    եմ, բայց  անխոս  լռությունս  աղաղակում է հոգումս,  սիրտս տառապում   է ցավից, մտքերս նորից սավառնում են դեպի հեռուները… Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ արցախցու  համար   ամեն  բացվող  օր   մի   «Նոր  տարվա  հրավառություն  է»`  սահմանից եկող  կրակահերթերի   արձագանքների  տակ:    Այստեղ  մեզ  համար կյանքը հավերժական տոն չէ,  սա սահմանն է, իսկ սահմանի մոտ  մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով…  	                                
Ամենքը սիրով սպասում են այդ օրվա հերթական հրաշքին, իսկ ես ուզում եմ այդ օրը դիմավորել անհանգիստ Արցախիս` իմ խաղաղ օջախում: Ուզում եմ Նոր տարում խաղաղությունը կեցության ապահով օրրան դարձնել, որ մեզանից ոչ հեռու սահմանից եկող կրակահերթերը լռեն: Սիրում եմ Ամանորի այս տոնը, ժամանակի սահմանն է այն, իսկ ես երբեմն մոռանում եմ ժամանակը, երբ սահմանամերձ բնակավայրում ապրող արցախցի ուսուցչուհիս հերթական հրետակոծության տակ սերնդին հայրենասիրության դաս է տալիս:
Արցախի երեխաները զինվորական համազգեստով են տոնածառ զարդարում, իսկ ես տխրում եմ: Լույս մանուկները տոնածառի մեջ լույսեր են փնտրում, խաղաղ օրեր...Կանաչ տերևների մեջ մի նոր ճանապարհ եմ ցույց տալիս, հրավառ մի կյանք` սպասումով լեցուն: Տոնածառի խաղալիքների մեջ ճերմակն են ընտրում` լույս-լուսավորը, երազանքների եզերքին կանգնած` կապույտ խաղալիքն են փնտրում, որ խաղաղ կյանքի հեքիաթը պատմեն: Նոր տարվա գալստյան օրերն են հաշվում, երազանքների ամրոց կառուցում, հնչող զանգերի ղողանջների մեջ հույսեր են փնտրում, ծիծաղկոտ օրեր: Շատ բան չեն ուզում մեր մանուկները` Ձմեռ պապիկից հայրենական տան հավերժությունը, տոնածառի շուրջ շուրջպարի բռնած` ամբողջ աշխարհից անամպ երկնքի մի փոքրիկ կտոր, անհոգ մանկություն: Ես ի՞նչ եմ ուզում... Բարությամբ լեցուն սրտեր եմ ուզում ամբողջ աշխարհում, որ պատնեշ դառնան ու մեզ սատարեն, հայությամբ լեցուն երգեր եմ ուզում, որ կողքիս հնչեն խրոխտ ձայներով, մեծ Տոն եմ ուզում կարոտով լեցուն հայերիս համար, հայրենիք եկող քարավանների ղողանջն եմ ուզում լսելի դարձնել համայն աշխարհին…

Ամանորի գիշերը իմ տանն եմ ուզում Նոր տարին նշել, խաղաղ հարկիս տակ, որ ուրախ-զնգուն ծիծաղը հնչի, կապույտ երկինքն էլ մի նոր լուր բերի, ավետիս դառնա բոլորիս համար, Նոր տարին դառնա համայն հայության տունդարձին սպասող մի նոր տարեդարձ:

Արցախի վաստակավոր մանկավարժ՝ Նատաշա Պողոսյան
 
 Ամանորը դարեր ի վեր, հատկապես հայերիս համար, համարվել է ընտանեկան տոն։ Չխախտելով դարերով ձևավորված ավանդույթը՝ տարեմուտը, բնականաբար, նշելու եմ ընտանիքիս հետ, իմ հայրական օջախում։  
Կանգնելով հնի ու նորի խաչմերուկում, մեզնից յուրաքանչյուրը, բնականաբար, մի հետադարձ հայացք է ձգում՝ փորձելով ամփոփել անցնող տարին և դրա հաշվառումով էլ նախանշել նոր տարվա անելիքները։ 
Անցնող 2015 թվականը բարդ տարի էր, բարդ էր ոչ միայն աշխարհաքաղաքական սրընթաց ու անկանխատեսելի զարգացումներով, այլ նաև սոցիալ-տնտեսական առումով։
Պարզ է, որ մենք՝ հայերս, անմասն մնալ այդ իրադարձություններից չէինք կարող։ Անցնող տարում ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին լարված իրադրությունը հասել էր գագաթնակետին։
Մեր երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքն են տվել նվիրյալ հայորդիներ։
Փա՜ռք, քաջազուններին։ Մեր խոնարհումը նրանց անմահ հիշատակին։ Հենց սահմանում կանգնած դիրքապահ տղաների շնորհիվ հաջողվեց պատմության գիրկն ուղարկել ևս մեկ հարաբերական խաղաղության տարի, ինչը, կարծում եմ, 2015-ի մեր բոլորիս ամենամեծ ձեռքբերումն է։

Շնորհավորելով հայ ժողովրդին գալիք տոների առթիվ՝ կցանկանայի, որ 2016-ը գերազանցի 2015-ին և լինի նոր ձեռքբերումների ու հաջողությունների, իսկ աշխարհասփյուռ հայության համար ՀԱՅՐԵՆԻՔ վերադարձի տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հարգանքներով՝ Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Արսեն Առստամյան
 

 Նոր Տարին դիմավորելու եմ տանը, ընտանիքիս հետ:

  Ամբողջ հայությանը մաղթում եմ առողջություն, հաջողություն և երջանկություն:

 Հայաստանի մեր հայրենակիցներին մաղթում եմ նոր տարի, որը կվերահաստատի իրենց հավատը ապագայի  նկատմամբ: 
Սփյուռքի հայրենակիցներիս մաղթում եմ ավելի մեծ ներգրավվածություն Հայրենքի խնդիրներին:

Հարգանքով ՝ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինայան
 

 Մեծ սիրով և բարի մաղթանքներով ցանկանում եմ շնորհավորել համայն հայության Սուրբ Ծնունդն ու Նոր Տարին։

 Թող 2016-ը առողջության, նպատակների իրագործման, սիրո ու համերաշխության տարի լինի։ Խաղաղություն մեր ընտանիքներին և Հայրենիքի սահմաններին։


«Levon Travel» ընկերության տնօրեն՝
Կարպիս Թիթիզյան
 

 Ամանորը անցկացնելու եմ Հայաստանում:

 Ամբողջ աշխարհի հայությանը ցանկանում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցություն, իսկ ձեր խմբագրությանը ցանկանում եմ հայ մշակույթով ջերմացնել մարդկանց սրտերը 2016թ. և ընդմիշտ:

   Հարգանքներով` ՀՀ Գրողների Միության նախագահ  Էդվարդ Միլիտոնյան

 
 Ամանորը սովորաբար տանն ենք դիմավորում:  
Ճիշտն ասած  տարեմուտին այնքան գործ է լինում անելու, որ տոնական տրամադրության չափաբաժինն աննկատ անցնում է հոգնածությանը: Մինչև Նոր Տարին՝ դեկտեմբերի 31-ին ամուսնուս ծննդյան օրն է,  բայց այնպես է ստացվել, որ նրա տարեդարձը միշտ նշել են հունվարի մեկին: Այս տարի ևս բացառություններ դժվար լինեն, իհարկե  հոգու խորքում փոփոխություններ և հրաշքներ սպասելու իրավունքից չօգտվել չեմ կարող....
 Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներիս Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: 
2016 թվականը թող մնա մեր հիշողության մեջ որպես հաջողակ տարի: Յուրաքանչյուրի նվիրական իղձերի շուտափույթ իրականացում և երազանքների հիմնահատակ թարմացումներ, միմյանց հանդեպ կարեկցանքի, սրտացավության և հոգատարության անկեղծ դրսևորումներ...

Ջրային Տնտեսության կոմիտեի մամլո խոսնակ՝
Ծովինար Խաչատրյան
 

 Ամանորը անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս հետ:

 Ցանկանում եմ բոլորին առողջություն, հաջողություն և երջանկություն: Թող երբեք պատերազմ չլինի: Թող միշտ լինի արև, կապույտ երկինք և ամենայն բարիք ամբողջ հայ ազգին:

 Հայաստանի Մշակույթի Վաստակվոր Գործիչ, 70-ականների Երևան Նվագախմբի Գեղարվեստական Ղեկավար՝ Վազգեն Ասատրյան

 
 Ամանորն ինչպես միշտ, այս տարի ևս դիմավորելու և անցկացնելու եմ Հայաստանում: Կարծում եմ, սա այն տոնն է, որ պետք է անցկացնել ընտանիքի անդամների հետ և որքան հնարավոր է ընդլայնված կազմով՝ թոռնիկներ, տատիկ-պապիկներ և այլն: 
 Ես շատ կուզեի, որ եկող՝ 2016թվ.-ը հայերիս համար լինի խաղաղության ու հոգևոր հանգստության տարի:  
Մեզ պակասում է հոգևոր հանգստությունը: Մեզանից պետք է դուրս գա ներքին չհիմնավորված տագնապն ու մենք սկսենք սիրել կյանքն ու ապրել մեր ու մեր երկրի բարօրության համար:

ՀՀ Գիտության Կրթության նախարարի մամլո խոսնակ՝ Զոհրապ Եգանյան
 

 Սիրելի՛ հայրենակիցներ:  

 Ի խորոց սրտի շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը:

 Ցանկանում եմ, որ իմ հայրենիքում լինի միշտ խաղաղություն, մեր ազգը հարատևի անամպ երկնքի տակ:

 2016 թվականին իմ հայրենակիցները թող ապրեն բարօրության մեջ, լինեն առողջ ու երջանիկ:

  Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ: 

Դասական երգչուհի՝ Սալբի Մայիլյան
 
Ամանորը անցկացնելու եմ այստեղ,  ընտանիքիս,  հարազատներիս և ընկերներիս հետ:   
Կմաղթեմ, որ 2016 թվականը լինի առողջության հաջողության և խաղաղության տարի:
Բոլորի երազանքները թող կատարվի գալիք տարում, թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում:
Հայերը թող միշտ ապրեն երջանիկ ու անհոգ:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Դասական երգիչ և դերասան՝ Ռազմիկ Մանսուրյան
 
 
  Սիրելի Հայրենակիցներ. 
Շնորհավորում ենք Ձեր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: 
Ցանկանում ենք ,որ 2016 թվականը լինի առողջության, հաջողության և երջանկության տարի:
Թող որ այս տարի խաղաղություն տիրի մեր Հայրենիքի սահմաններում և ամբողջ աշխարհում:
Ուրախություն և բարիք թո՛ղ լինի բոլորիս օջախներում։

Գևորգյան Պարարվեստի Ակադեմիաի ղեկավարներ՝
Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ
 
  2016 թվականը պատրաստվում եմ դիմավորել տանը, ընտանիքիս հետ: 
Սրտանց շնորհավորում եմ իմ հայ ժողովրդի նոր տարին և Սուրբ Ծնունդը:  Թող այս  գալիք 2016 թվականը,  իմ ժողովրդի համար լինի առողջության, հաջողության տարի:  
Աստծո խաչը թող իմ ժողովրդի գլխից միշտ անպակաս լինի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Միշտ ձեր՝ Պապին Պողոսյան
 
 Դեռ չենք որոշել որտեղ, որովհետև պարզապես չենք հասցրել մտածել այդ ուղղությամբ: Սակայն, ընդամենը երեկ, մի շատ լավ բան իմացանք, որը, եթե իրականանա, ապա Ամանորը, եթե ստացվի, կնշենք հրաշալի մարդկանց հետ, հրաշալի մի կոլեկտիվի հետ, հարազատ մարդկանց հետ: Փակագծերը դեռ չեմ բացի))) 
Ես չեմ ուզում տարանջատեմ Հայաստանի և սփուռքի հայությանը, որովհետև հայը, որտեղ էլ որ ապրի, մնում է հայ, անկախ բնակավայրից: Մենք մեկ ենք, մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ: 

Ես մաղթում եմ, որ հաջորդ տարի աշխարհի ողջ հայության համար լինի հաջողակ տարի, որ մենք բոլորս լինենք միասին, լինենք առողջ և Հայաստանյան դրոշը ծածանվի էլ ավելի շատ տեղերում:

Դերասան` Արմեն Թադևոսյան
 
  Ես Ամանորյա տոները անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս հետ, քանի որ փոքր երեխա ունենք և ընդհանրապես սիրում ենք տանը անցկացնել:
 Մաղթում եմ բոլոր հայերին առողջություն ու բարիքներով լի Նոր՝  2016 թվական:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Լավագույն մաղթանքներով ՝ ,,NV Motors Auto Sales & Leasing,, ընկերության տնօրեն Հայկ Բարսեղյան
 
 Դեկտեմբերի 28-ին վերադառնում եմ Հայաստան հյուրախաղերից, և Ամանորը նշելու եմ տանը ՝ ընտանիքիս հետ:
Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին ցանկանում եմ համբերություն , իրենք հայերի երեսն են արտասահմանում և թո՛ղ այնպես ապրեն  ու աշխատեն, որ բոլոր այլ ազգերը ճանաչեն, թե ինչ  լավն ենք հայերս: Շնորհավորում եմ բոլորին  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: 

Արմեն Պետրոսյան Մենչ
 
 Նոր տարին նշելու եմ նախկին Խորհրդային միության տարածքում: 
Սփյուռքահայերին ցանկանում եմ, որ իրենք որակով Հայաստան տեսնեն, իսկ Հայաստանի հայերին ցանկանում եմ այդպիսի Հայաստան ստեղծեն: 

Դերասան՝ Հովհաննես Ազոյան
 

 

Այս նյութը դիտել են - 104547 անգամ