Այսօր Հանրապետական կուսակցության նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անցավ իր պարտականությունների կատարմանը և ելույթ ունեցավ լրագրողների առաջ: Այլևայլ տեղեկություններից զատ նա նաև հայտարարեց հետևյալը. «Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Ստացվում է, որ համայնքապետերի 76 տոկոսն արդեն ՀՀԿ-ական են»։
Էդվարդ Շարմազանովն այդ թվերը հրապարակելիս հաստատ մտածել է, որ դրանք իրենց կուսակցության հաղթական զեկույցի մի մասն են: Մինչդեռ սրանք խայտառակ վիճակագրության արդյունքներ են: Շարմազանովը երբեք չի կարող դառնալ այնքան խորաթափանց, որպեսզի գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց տա, թե այդ մարդիկ ինչո՞ւ մինչև ընտրություները չէին դարձել ՀՀԿ-ականներ, եթե այդքան խորը գաղափարական աղերսներ էին տեսնում իրենց համոզմունքների և նժդեհյան ավանդների միջև: Իսկ պատասխանը շատ պարզ է: Եթե նրանք ընտրություների գնային իբրև ՀՀԿ անդամներ, հաստատ չէին ընտրվի:
Այն, որ այդ մարդիկ հաշված օրերի ընթացքում անկուսակցականից դառնում են Հանրապետական, վկայությունն է նրա, որ նույն համայնքապետերը, եթե վաղը իրավիճակ փոխվի, նույնպիսի արագությամբ կարող են անդամագրվել, ասենք, պահպանողականներին կամ լեյբորիստներին: Ի՞նչ տարբերություն, թե կուսակցությունն ինչպես կկոչվի: Միևնույն է, դրանից բան չեն հասկանում, փոխարենը շատ լավ կռահում է, թե որ օրը ինչ գույնի հագուստ պիտի կրեն և ինչ դրոշակ դնեն իրենց աշխատասենյակում: