Ուզում եմ հավատալ Կարեն Կարապետյանի անկեղծությանը. տեսնենք, ինչպես են համատեղվելու տնտեսությունը ծանր վիճակից հանելու փորձերը Սերժ Սարգսյանի ագահության հետ
2016-09-23 01:40:00

Ֆինանսների նորանշանակ նախարարը երեկ մի շատ կարևոր «բացահայտում» արեց:

Ասում է, թե «քո տնտեսական միջավայրը ներկա դրությամբ տնտեսական պոտենցիալի տեսակետից բավականին խնդրահարույց է և դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է մուտքեր ապահովելու մասով, դա ոչ այլ ինչ է, քան քո երկրի տակ թաքնված ռումբ դնելը»: Դա երևի մեր իշխանությունների համար իրոք բացահայտում էր, քանի որ այլ պարագայում անհասկանալի է, ինչու են հիմա դրա մասին խոսում:

Հարկաբյուջետային կոշտ քաղաքականության միջոցով տնտեսությունը քամելը և անիրատեսական բյուջե ձևավորելը սկսվել է դեռևս հին ու ոչ այնքան բարի Տիգրան Սարգսյանից: Դեռ այն ժամանակվանից է այդ ռումբը, որի մասին խոսում է ներկայիս ֆիննախը, դրվել մեր երկրի տակ: Ու հետհաշվարկն էլ մոտենում է ավարտին՝ շուտով այդ ռումբը պայթելու է: Հավանաբար, Սերժ Սարգսյանը վերջապես դա գիտակցել է և խուճապահար միջոցներ է փորձում ձեռնարկել:

Սակայն խնդիրն այն է, որ գիտակցելով հանդերձ նա նույնիսկ այս պայմաններում չի ցանկանում զսպել իր ագահությունը:

Վարդան Արամյանը մեկ այլ կարևոր բացահայտում էլ արեց, որին, ըստ ամենայնի, ոչ բոլորը ուշադրություն դարձրեցին: Նա նաև ասել է. «Ավելի լավ է հանրությանը բացատրել, թե ինչ է կարելի անել, ինչո՞ւ այդ ծախսի հարցում ավելի պահպանողական ենք և այլն»: Իսկ ի՞նչ է սա նշանակում:

Գիտեք, չեմ կարծում, որ հանրությանը պետք կլիներ բացատրել, թե ինչու է, օրինակ, կառավարությունը վաճառքի հանել այն գեր-թանկարժեք հանգստյան տները, որոնք կառուցվել են հարկատուների գումարով և որոնց արժեքը հավասար է այս տարվա բյուջեի դեֆիցիտին: Բայց Արամյանը չի էլ խոսում դրանց մասին: Նա ասում է, որ կառավարությունը «պահպանողական» է լինելու: «Ֆինանսերենից» թարգմանելով, դա նշանակում է, որ պետությունը կտրուկ կրճատելու է բոլոր՝ այդ թվում սոցիալական ծախսերը:

Այն, որ բյուջեի ծախսերը խիստ անարդյունավետ են, և որ Սերժ Սարգսյանի ընտանիքի հարստացման հիմնական աղբյուրներից մեկն է, շատերը գիտեն: Սակայն պարզվում է, որ նույնիսկ նման ծանր պայմաններում Սերժ Սարգսյանը չի ցանկանում սահմանափակել իր սեփական «մուտքերը» և դրանց բեռը կրկին դրվելու է անապահով խավի վրա:Ասում են, տնտեսագետների մոտ իրական կյանքը մասնավոր դեպք է: Կարծում եմ, կառավարությունը դեռ չի պատկերացնում, ինչպիսի պայթյունի կարող է հանգեցնել նման պահպանողականությունը: Ժամանակին Մեծ Բրիտանիայի հասարակության վրա այն շատ թանկ արժեցավ, թեև Թեթչերը երկրի լեգիտիմ ղեկավար էր, արյունալի բախումներից խուսափել չհաջողվեց:

Ինչ կկատարվի Հայաստանում, երբ ողջ հասարակությունը ոչ միայն չի հավատում իշխանություններին, այլև արդարացի ատելությամբ է լցված նրանց նկատմամբ, դժվար չէ պատկերացնել:

Ինչևէ, վարչապետն էլ խոստացել էր մեղմել այդ անապահով խավի սոցիալական վիճակը: Ուզում եմ հավատալ Կարեն Կարապետյանի անկեղծությանը: Տեսնենք, ինչպես են համատեղվելու տնտեսությունը ծանր վիճակից հանելու փորձերը Սերժ Սարգսյանի ագահության հետ:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 6409 անգամ