Օրերս ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:
Այս հայտարարությունից հետո հիմնականում շրջանառվում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը: Նրա անունը շրջանառության մեջ դրեցին ռուսական ԶԼՄ-ները: Այսօր ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ անգամ առաջարկ լինելու դեպքում ինքը չի պատրաստվում զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Այս ընթացքում շրջանառվեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի անունը և ըստ մեր ունեցած տեղեկությունների նա եղել է հիմնական թեկնածուներից մեկը:
Սակայն պարզվում է, որ ՀՀ իշխանությունները բոլորովին այլ մարդու են պատրաստվում նշանակել այդ պաշտոնին: Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը ցանկանում է, այդ պաշտոնում տեսնել ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին: Եթե ՌԴ-ն դեմ չլինի Ղուկասյանի թեկնածությանը, ապա հենց նա էլ կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Այս նյութը դիտել են - 5520 անգամ