Այն օրից ի վեր, երբ նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վտարվեց իր աթոռից, նա ինքնադրսևորման ու ինքնաարտահայտման տիրույթներ է որոնում: Էլ ուր ասես, որ այս ընթացքում չնետեց իրեն, էլ ինչերով ասես, որ չզբաղվեց, նույնիսկ ծեծ կերավ Եվրոպայում, բայց ցանկալի արդյունքը դեռ չկա: Ու հիմա էլ Աշոտյանը որոշել է ԱԳ նախարար Նալբանդյանի հացը կտրել ու սկսել է զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Ավելի ազդեցիկ լինելու համար նա հիմա իրեն ոչ միայն Հանրապետական կուսակցության փոխնախագահ է անվանում, այլև կուսակցության արտաքին կապերի պատասխանատու: Եվ այդ կապերի մեջ էլ խճճված այսօր ընդարձակ հարցազրույց է տվել ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրման մասին:
Ի՞նչ է ասում Աշոտյանը:
Նախ այն, որ մեր երկրի համար անչափ-անչափ կարևոր է Եվրոպայի հետ համագործացությունը: Հետո ասում է, որ աշխարհի վրա չկա ավելի լավ փաստաթուղթ, քան այն, որ պիտի առաջիկայում ստորագրվի: Իսկ երբ նրան հիշեցնում են, որ շատերն են քննադատում նշված համաձայնագիրը, դա անվանում են ձևական քայլ, Աշոտյանն անմիջապես հակադարձում է. «Նման փաստաթուղթը կարող են ձևական կոչել նրանք, ովքեր ծանոթ չեն: Այդ փաստաթղթի դետալներին ես էլ ծանոթ չեմ, բայց ի տարբերություն նման քննադատության, կարող եմ այդ համաձայնագրի քաղաքական ու տնտեսական դրական հետևանքների մասին խոսել»:
Ուրեմն ինքն էլ ծանոթ չի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի:
Նախկին նախարարն իր ամբողջ գիտակցական կյանքում խոսել է անծանոթ բաների մասին ու միշտ նշել է դրանց դրական հետևանքները, միայն թե, չգիտես ինչու, հետո այդ դրականի երեսը ոչ ոք չի տեսել:
Ու հետո Աշոտյանը կարողանում է ցանկացած ակնհայտ փաստ գլխի վրա շրջել: Օրինակ, նա անմիջապես մոռացության է տալիս, որ հենց Հայաստանը ժամանակին հրաժարվեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցելուց, ու հիմա այդ իրողությունը մատուցում է հետևյալ կերպ. «Ակնհայտ է, որ վերանայելով իր քաղաքականությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ն թիրախային համագործակցության կարիք է ստանում: Հայաստանն էլ դրա կարիքն ունի»:
Ստացվում է, որ ոչ թե մենք, այլ ԵՄ-ն է վերանայել իր դիրքորոշումը: Այսպես շատ հարմար է և նաև լավ է հնչում, ինչպես որ չափազանց գեղեցիկ է հնչում աշոտյանական հետևյալ ասույթը. «Ես հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր եվրասիական տարածքում»:
Այս մեկն, իրոք որ, պատմա-աշխարհագրական նոր բացահայտում է, թեև ինչո՞ւ զարմանալ: Մեր օրերում հնարավոր է նույնիսկ Սիբիրում ուղտեր բուծել: Միայն թե ոչ ոք բուծելուց առաջ ուղտերի կարծիքը չի հարցրել: