Ո՞ւմ ուրախությունն է Տարոն Մարգարյանը
2016-09-23 17:56:00

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն այսօր առավոտյան արթնացել է ու մի կարգին չլվացված, չսանրված ու չնախաճաշած վազել է համակարգչի մոտ, բացել է իր ֆեյսբուքյան էջը ու մի շնչով գրի է առել հոգում կուտակված հուզախռիվ այս տողերը. «Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետը և իմ բարեկամը լինելուց բացի առաջին հերթին իմ ընկերն է, ում հետ շփումը պարբերաբար է լինում:

Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, Երևանի քաղաքապետը, ի վերջո՝ լուսահոգի վարչապետ, մեր կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդին և նրա քաղաքական փորձառությունն ու գիտելիքը ինձ շատ է օգնել: Ավելին՝ շատ նորմալ եմ համարում, երբ մարդն այլ ոլորտից գալիս է քաղաքականություն և սկզբնական շրջանում մի հեղինակավոր և սիրված ու հարգված մարդ, ինչ-ինչ խորհուրդներով ուղղություն է տալիս: Ես հպարտ եմ, որ իմ պարագայում այդ մարդը Տարոն Մարգարյանն է»:

Շատ դժվար է ասել, թե մոլորակի վրա քանի՞ մարդ կգտնվի, որ այսպիսի սիրո խոստովանություն կհղի Տարոն Մարգարյանին:

Եվ անհնար է հասկանալ, թե ինչի համար: Տարոնի խելքի՞, որը այդպես էլ մնաց 8-րդ դասարանի մակարդակին, թեպետ դպրոցը նա էքստեռնով է ավարտել դեռ 18 տարեկանում:Բայց եթե նույնիսկ գտնվի, ինչպես այսօր հայտնաբերվեց Ռոբերտ Սարգսյանը, ապա գոնե կարելի՞ է հասկանալ, թե ինչն է բուռն զեղումների պատճառը, որովհետև, ինչ մեղքներս թաքցնենք, պատգամավորի գրած ամեն բառից ահավոր քծնանքի հոտ է գալիս, իսկ քծնանքն, ինչպես հայտնի է, հենց այնպես չի բուրում:

Բայց պիտի հիասթափեցնեք ձեզ, քանի որ Սարգսյան Ռոբերտի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզունակ ու ճղճիմ է, քան պիտի թվար առաջին հայացքից: Բանն այն է, որ այս պատգամավորը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է ու երևի երբեք էլ իր կյանքում օրեսնդիրի մանդատի երես չտեսներ, եթե չլիներ պարոն Տարոնը:

Իսկ հիմա առջևում գծագրվում են նոր ընտրություններ, ու Ռոբերտ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ իր նման գունազուրկ, ծույլ, երբեք ոչինչ չարած, ԱԺ-ում որևէ ելույթ չունեցած ու որևէ օրենքի նախագիծ չհեղինակած մարդուն խորհրդարանի ներսում մի շրջան էլ պահելը անմտություն կլինի: Եվ այդ ժամանակ մնում է վերջին հույսը՝ իր ուրախություն, իր խնդություն, իր հույս ու հավատ Տարոն Մարգարյանը:

Միայն նա կարող է անարժանին արժանավոր դարձնել, ինչպես որ ժամանակին հենց ինքը դարձավ:

Դրա համար էլ պատգամավոր Սարգսյանի մոտ գրողական ջիղն է արթնացել, և նա ներբող է հյուսել Տարոնի մասին, որ սա կարդա, հուզվի, խղճա ու մարդատեղ դնի իր աներորդուն:

shame.am

Այս նյութը դիտել են - 5896 անգամ