Եվ դարից երկար ձգվեց տարին...
2015-12-30 10:10:00

Եվ դարից երկար ձգվեց տարին... Չգիտեմ, տարիները գնում են, թե՝ մնում: Օրերի ի՜նչ հորինվածքներ ունեինք: Ափսոս, այլևս աղոտանալու ճանապարհին են: Իրար ինչքա՜ն պատմելու բան ունեինք: Ձգձգեցինք, ձգձգեցինք, այդպես էլ չհանդիպեցինք՝ Դիանա Համբարձումյան, Կարինե Աշուղյան: Տաղանդավոր իմ քույրեր: Դուք անընդհատ շրջագայության մեջ էիք: Դիանա կամ «Հեռագիր Ֆաթմային» գիրքդ էիր ներկայացնում Մյունխենում, կամ... մնացածի մասին ինքդ ավելի լավ կասես: Իսկ դու՝ Կարինե, ճամպրուկդ լեցուն պատումներով՝ Բուլղարիայից Իտալիա, Ռումինիայից Լեհաստան և չգիտեմ էլ ուր հասար: Չհանդիպեցինք: Ժամանակի շնորհը կորցրինք: Ամբողջ տարին ծայրահեղ զբաղված էի նաև ես: Ու հիմա, կարևոր մի բան փնտրելու նման, նորոգում եմ հուշերս: Այնուամենայնիվ, համոզվելով, որ չկան այլևս կամ պակասել են մերպեսների շփումները, ովքեր լավ գիտեն սրճարանային հանդիպումների լույսը վայելելու հաճույքը: Սա ասում եմ ու ակամա բացականչում. - Մարդ էին նրանք, Հորացիո... Մեզ կանչողները չկան: Խեչոյան Լևոնը չկա, Վահան Վարդանյանը, Հրաչ Բեգլարյանը...ԳՄ-ից էլ, մի տեսակ, կտրվել եմ: Աչքիս առաջ են Անանյան Լևոնի տենդոտ երթուդարձը, պոռթկուն հրահանգները: Պատմելու բան է լևոնանայանական հումորը: Էհ... 2015-ը տխուր տարի էր: Հորաքրոջս երրորդ տղա զավակն էլ գերեզման իջավ: Բոլորն էլ՝ երիտասարդ: Չդիմացան, այդպես էլ չհամակերպվեցին հարևան երկրի մայրաքաղաքում թողած, արած-դրածի կորստի ցավին: Հանգիստ Ձեզ, եղբայրներ: Ննջեցեք խաղաղ, կիսատված երազներով սիրելի զինվորներ: Ո՞վ է ամոքելու Ձեր հարազատներին: Թող հազարապատկվի Ձեր փոխարեն դիրքերը բարձրացողների ուժը, որ մոր կաթի հետ է փոխանցվում, որ վաղնջական է, էպոսային է ու անեզրական: Ամբողջ տարին անցյալի, անցյալի, անցյալի կրակն ու մոխիրն էի փորփրում: Ում ասես չհանդիպեցի. Վարուժան, Սիամանթո, Ռ.Սևակ, Համաստեղ, Անդրանիկ, Թերլեմեզյան, Սեդրակ Առաքելյան, Պետրոս Ադամյան, Լեո... որքան ինձ հուզեցին միսիոներ կանայք: Եթե հայ ես, ուրեմն «Հիշում եմ ու պահանջում եմ»-ը շուրթերիդ, անմոռուկը կրծքիդ ճանապարհ ունես անցնելու: Շառլ Ազնավուրի վարքը վկա: Լքված դռներ ունես բացելու Մուշեղ Գալշոյանի հետ. «Հողը չի մոռանում, հողը սպասում է տիրոջը»: Եվ ուրեմն. հավերժ հիշատակ Սրբադասվածներին: Հ.Գ. Ուզում էի նորամուտի խոսք հղել ֆեյսբուքյան իմ ընկերներին, սակայն ուրիշ բան ստացվեց: Բայց ամեն խոսքի մեջ շնորհավորանք կա ու բարիմաղթանք: Նաև նոր հանդիպումների ցանկություն: Շատ եմ ուզում տեսնել Ալվարդ Պետրոսյանին: Չգիտեմ, մեր զրույցը «Հեքիաթ-հեքիաթ» օրերի մասի՞ն կլինի, թե «Ապրելու օրենք»-ը կշարունակենք քննել: Երևի վերջինը, որ դիմանանք էս դարդ ու ցավին, էս անխինդ օրերին: Որ հավատանք Ամանորի բերած նոր շռինդներին, սպասումներին, զահրատյան պատրանքին, վերջապես, մեզ հավատավոր դարձնող, դարից դար ձգվող երկրապաշտ մեր հավատամքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Արփեն Մովսեսյան

Այս նյութը դիտել են - 1731 անգամ