ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները զգուշորեն են անդրադառնում ոստիկանության կողմից երկու սևամորթ քաղաքացիների սպանության թեմային
2016-09-24 00:04:00

Հինգշաբթի օրը Փենսիլվանիա նահանգում իր ելույթի ժամանակ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում կատարվող հանցագործություններն ու բռնության դեպքերը:

«Մեր երկիրը աշխարհի վրա բացասական տպավորություն է թողնում այն դեպքում, երբ մենք պետք է լինենք աշխարհի առաջնորդը: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել, երբ չենք կարողանում ղեկավարել մեր իսկ քաղաքները»:

Իսկ նրա դեմոկրատ հակառակորդը անդրադարձել է Օրլանդոյի իրադարձություններին, ասելով թե երկու սևամորթ քաղաքացիների սպանությունը անհավատալի է: Սակայն նա նաև գովաբանել է իրավապահներին՝ անցած շաբաթ Նյու Յորքում և Նյու Ջըրզիում ահաբեկչական հարձակումների շուրջ արդյունավետ աշխատանքի համար:

Թեև Քլինթոնը հինգշաբթի օրը ելույթ չի ունեցել, նրա առաջադրած փոխնախագահի թեկնածու Թիմ Քեինը ելույթ է ունեցել Նեվադա նահանգում:

«Անհրաժեշտ է ավելի լավ կամուրջներ ստեղծել իրավապահ մարմինների և համայնքների միջև: Հիլարին և ես այդ հասկանալով, ցանկանում ենք ներդրումներ կատարել այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար»:

Հինգշաբթի օրը Սպիտակ տունը քննադատել է Հյուսիսային Կարոլինայի սպանություններին հաջորդած բռնի բողոքի ցույցերը:

Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էրնեսթը ասել է,- «Նախագահը միանշանակ քննադատում է այս ցույցերի համատեքստում բռնությունների կիրառումը: Նա հավատացած է, որ այս ցույցերը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, երբ դրանք խաղաղ են»:

Հիշեցնենք, որ հուլիսին Բարաք Օբաման հանդիպել էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների և սևամորթ համայնքի ակտիվիստների հետ, փորձելով նրանց միջև երկխոսություն սկսել համայնքների կանոնների և իրավապահ համակարգի փոփոխությունների շուրջ:

Այս նյութը դիտել են - 8232 անգամ