Թևան Պողոսյանի տունը դառնում է մանկապարտեզ
«Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունների միջև ստեղծված թշնամական հարաբերությունները, որոնք իրականում Նիկոլ Փաշինյան - Էդմոն Մարուքյան անձնային հակակրանքի շուրջ ձևավորված տհաճ զարգացումներ են, արագ կերպով փաթեթավորվեցին քաղաքական դրդապատճառներով, և արդյունքում կողմերը սկսեցին իրար մեղադրել կեղծ ընդդիմություն լինելու մեջ։ Դժվար է ասել, թե երկուսի լարվածությունը դեռ ինչքան կխորանա, սակայն այս ընթացքում հայտնվել են միջնորդ անձինք, ովքեր ցանկանում են հաշտեցման սեղանի մոտ հրավիրել Փաշինյանին ու Մարուքյանին: Դրանցից ամենայուրահատուկը թերևս ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի առաջարկն էր, ով մրցակիցներին հրավիրեց իր տուն՝ գինու գավաթի շուրջ բանակցություններ վարելու:
Նիկոլ Փաշինյանն առաջինը արձագանքեց: Նա հայտնեց, որ կայցելի կնոջ ու երեխաների հետ: «Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։ Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ»,- գրել էր Նիկոլը:
Ու մինչ Մարուքյանը շարունակում է լռել, հանկարծ որտեղից որտեղ ի հայտ եկավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Սա Թևան Պողոսյանին հետևյալը գրեց. «Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ այս ընթացքում զուգահեռ զարգացումներ են տեղի ունեցել, և իմ երկրորդ դասարանցի յոթամյա որդին` Ռուբենը, ընդունել է իր համադասարանցի և համատեղության կարգով Ձեր որդի Մհերիկի հրավերը և այժմ գտնվում է Ձեր տանը: Այնպես որ, եթե ընդդիմության առաջնորդները իրենց բարձրության վրա գտնվեն ու բանակցություններ սկսեն Ձեր տանը առաջիկա ժամերի ընթացքում, խնդրում եմ այդ բանակցություններին մասնակից դարձնել նաև ՄԻԱԿ կուսակցությանը: ՄԻԱԿ-ի անունից պաշտոնապես բանակցողներ եմ նշանակում Մարտիրոսյան Ռուբոշին եւ Պողոսյան Մհերիկին (համաձայնությամբ)»:
Մարտիրոսյան Լևոնը, հավանաբար, ցանկացել է մրցման մեջ մտնել իր հարազատ եղբայր, КВН- շիկ Գարիկի հետ և փայլատակել սրամտությամբ: Թե որքանով է դա ստացվել, թողնում ենք ձեր դատին: Միայն շտապենք նկատել, որ Թևան Պողոսյանի տունը հետզհետե վերածվում է մանկապարտեզի, որտեղ առաջիկայում ելումուտի իրավունք կստանան ոչ միայն երեխաները, այլև մանկամիտ պատգամավորներն ու կուսակցական գործիչները:
shame.am