Հրանուշ Հակոբյանի փոխարեն
2016-09-24 20:47:00
Հայաստանում կառավարության փոփոխության եւ նոր նշանակումների շուրջ հանրային դիտարկումների եւ քննարկումների «հերոսներից» մեկը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Մամուլը գրում է, որ Հակոբյանը կարծես թե կարողացել է լուծել իր մնալու խնդիրը: Ըստ հրապարակումների, նա այդ խնդիրը լուծել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջոցով:
Միեւնույն ժամանակ, նոր վարչապետի նշանակումից հետո տեղեկություն տարածվեց, որ Հրանուշ Հակոբյանի եղբորն են հեռացրել, որն աշխատում էր կառավարության կառուցվածքում: Քույրն այդ կապակցությամբ հայտարարել էր, թե պետք չէ կառչել պաշտոնից: Բացառված չէ, որ եղբոր հեռացումը քրոջ պաշտոնավարման գինն է:
Բայց, դրանք իհարկե մանր հարցեր են այն կարեւոր խնդրի մոտ, ինչպիսին Հայաստան-սփյուռք հարաբերությունն է: Անկախության 25 տարիների ընթացքում այդ խնդրի հանդեպ պետական վերաբերմունքը շարունակում է լինել անհամարժեք, անգամ խնդիրը «նախարարության» մակարդակ բարձրացնելուց հետո: Թեեւ «նախարարության» մակարդակ բարձրացել է ոչ թե Հայաստան-Սփյուռք հարաբերության, այլ ընդամենը իշխանության մեջ եղած որեւէ մի խնդիր, որն առնչվում էր Հայաստանում իշխանության անցման փուլին՝ 2007-08 բարդ շրջանին:
Հայաստանում Սփյուռքի նախարարության ձեւավորումը ոչ թե Հայաստան-Սփյուռք հարաբերության, այլ Սերժ Սարգսյանի իշխանության եւ ծրագրերի խնդիր էր, որ պայմանավորված էր թե ներքին իրողություններով, թե նաեւ արտաքին զարգացումներով:
Բանն այն է, որ Մարտի 1-ի ողբերգության ուղեկցությամբ ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր իշխանության առանցքային խնդիրների հանգուցալուծումը եւ իրավիճակի հանդարտեցման ելքերը առավելապես փնտրելու էր Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ դա ենթադրում էր թե աշխարհքաղաքական կենտրոնների, թե Սփյուռքի հետ որոշակի աշխատանք: Առավել եւս, որ այստեղ էլ առկա էին կամ առաջանալու էին ենթախնդիրներ, կապված հայ-թուրքական գործընթացի հետ:
Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին այդ գործընթացը ներքին չափազանց բարդ իրավիճակն արտաքին լեգիտիմությամբ հակակշռելու ջանքի մեխն էր: Միաժամանակ, Սարգսյանը նաեւ լավ էր պատկերացնում, որ դա էլ պետք է խնդիրներ առաջացնի Սփյուռքում, ինչը այդպես էլ եղավ: Սփյուռքի նախարարությունն էլ պետք է հակակշռեր այդ խնդիրները:
Դժվար է ասել, թե ինչքանով հաջողվեց Սփյուռքի նախարարությանն ու Հրանուշ Հակոբյանին կատարել այդ դերը: Բայց ակնհայտ է, որ դրանից հետո նախարարությունն ընդհանրապես դերազրկվել է, ընդ որում օբյեկտիվորեն:
Բանն այն է, որ Հայաստանում Սփյուռքի նախարարությունը դեր ունենալ չի կարող, մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով:
Սփյուռք, որպես այդպիսին, գոյություն ունի զուտ որպես հասկացություն, բայց ոչ իբրեւ շոշափվող երեւույթ կամ սուբյեկտ: Սփյուռքն իրականում խիստ բազմազան է, բազմաշերտ, բաժանված է թե կազմակերպական, թե սոցիալական մի շարք շերտերի: Սփյուռքը տարբեր է ոչ միայն տարբեր մայրցամաքներում ու երկրներում, այլ տարբեր է նույնիսկ միեւնույն երկրում ու քաղաքում: Միաժամանակ, այն աշխուժորեն տրանսֆորմացվող երեւույթ է, անընդհատ փոփոխվող, ինչն օբյեկտիվ ու անկասելի իրողություն է: Դրան զուգահեռ անընդհատ փոխվում է նաեւ սփյուռքի ներուժը, Հայաստանի պետականության համար հնարավոր արդյունավետությունը կամ օգտակարությունը, ռեսուրսները, որ սփյուռքը կարող է տրամադրել հայկական պետականությանը: Միաժամանակ փոփոխվում են նաեւ հայկական պետականությունից սփյուռքին պետք եղող անհրաժեշտությունները:
Այդ ամենը չափազանց բարդ խնդիր է, միաժամանակ հայկական պետականության եւ դրա խնդիրների համար չափազանց կարեւոր: Այդ խնդիրը հնարավոր չէ սպասարկել բյուրոկրատական կառույցով: Իսկ նախարարությունը, անգամ ամենաարդյունավետության պարագայում, ընդամենը բյուրոկրատական կառույց է, չինովնիկական հոգեբանության անխուսափելի գերակշռությամբ:
Ըստ այդմ, խնդիրը ոչ թե սփյուռքի նախարարն է, այլ նախարարությունը: Սփյուռքի նախարար փոխելը չի տա որեւէ հիմնարար արդյունք: Պետք է փոխվի նախարարությունը: Այսինքն, Հրանուշ Հակոբյանի փոխարեն պետք է լինի ոչ թե նոր նախարար, այլ պետք է լինի նոր մոտեցում: Այդ նոր մոտեցումը պետք է ենթադրի սփյուռքի հետ Հայաստանի աշխատանքի լիովին նոր գործիք:
Պայմանականորեն, այն պետք է լինի «գիտա-հետազոտական» բնույթի: Նախարարության փոխարեն պետք է ստեղծել հմուտ մասնագետներից կազմված մի կենտրոն, որը կզբաղվի սփյուռքի հանգամանալից ուսումնասիրությամբ, դիտարկումներով, հետազոտությամբ, կդիտարկի սփյուռքը համաշխարհային տնտեսա-քաղաքական գործընթացների համատեքստում, կգնահատի հեռանկարները, սփյուռքի ռեսուրսների վերափոխման գործընթացը, ռիսկերը, կկատարի որոշակի ապագայագիտական աշխատանք եւ այդ ամենի հիման վրա պետությանը եւ հասարակությանը կներկայացնի ծրագրային առաջարկներ՝ կոնկրետ, հասցեական, խորքային, միտված հեռանկարներին, մշակված արդեն խիստ կոնկրետ պետական, հասարակական եւ քաղաքական կառույցների համար՝ ուղղված Սփյուռքի խիստ կոնկրետ սեգմենտներին, շերտերին, խմբերին:
Հայաստան-Սփյուռք հարաբերությանն անհրաժեշտ է ոչ թե պետական կառույց, այլ բովանդակություն ստեղծող մարմին: Պետական կառույցները բավարար, իսկ գուցե նույնիսկ պետք եղածից շատ են, բովանդակությունը սպասարկելու համար: Պետք է բովանդակություն ստեղծող կառույց, ինչն էլ կենսագործունեության տարբեր ոլորտներում կոնկրետ պատասխանատվությամբ առաջադրանքների պետք է վերածվի եղած պետական կառույցների համար, խիստ չափելի արդյունքով:
lragir.am
Այս նյութը դիտել են - 2497 անգամ