Անձնական օգտագործման գուսանը, կաշառակերության չեմպիոնը` մեդալ ստացավ
2016-09-24 22:42:00
Պետական տոների և տարելիցների ժամանակ պետական պարգևներ բաժանելը դարձել է տոնական հրավառություն կազմակերպելու պես մի բան, անպայման տեղի է ունենում՝ անկախ այն բանից, թե դրա անհրաժեշտությունն իրոք կա՞: Նույնիսկ հատուկ մեխանիզմ է մշակվել. գերատեսչությունները ցուցակներ են ներկայացնում և ապահովում են թվաքանակը, հանձնողներն էլ ըստ այդ ցուցակների բաժանում են՝ առանց հաշվի առնելու, թե դրանք ովքեր են և ինչ ծառայություններ են մատուցել:

Արդյունքում՝ հայտնվում են զինվորականներ, որոնց կուրծքը ծածկված է պետական պարգևներով, թեև երբեք առաջնագծի երես չեն տեսել, հայտնվում են կոչումներով արվեստագետներ, որոնք չգիտեն, թե արվեստն ինչ բան է, հայտնվում են հերոսներ, որոնց առավել կվայելեր թշնամի կոչվելու «պատիվը»:

 Վերջին օրերի պարգևատրումները նույնպես առանց կուրյոզների չընթացան: Բայց խոսենք դրանցից ընդամենը մեկի մասին: Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին Վաստակավոր լրագրողի կոչում շնորհվեց:

Մեր երկրում բազմաթիվ լրագրողներ կան, որոնք իրոք մեծ ավանդ ունեն ազատ մամուլի և բարձրակարգ լրագրության կայացման գործում, սակայն չունեն ոչ կոչում, ոչ պարգև: Իսկ ահա Ալեքսանյանը միանգամից դա վաստակեց: Ո՞ր ծառայության համար:

Այս հարցի պատասխանը ներկայանում է անմիջապես:

Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդյան տարեդարձը, նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ:

Իսկ նման համեմատությունը այդ ե՞րբ է մնացել առանց պարգևի, որ հիմա մնար: Ու պատահական չէ, որ այս լուրը լսելուն պես համացանցում բուռն քննարկում ծավալվեց, իսկ օգտատերերից մեկը մեկ նախադասությամբ բնորոշեց Ալեքսանյանի կարգի լրագրողների բուն անելիքը՝ «անձնական օգտագործման գուսան են, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն»: Իսկ եթե սրանք են վաստակավորները, ուրեմն կեցցե՛ն անվաստակները:

shame.am

Այս նյութը դիտել են - 3567 անգամ