Պետությունը ինքն իր շենքում «կենվոր» է դարձել
2016-09-25 22:55:00

Սա կատարյալ խայտառակություն է: Եվ այն գրեթե մասսայական բնույթ է կրում: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ վազքը կատարած հին ծառայողական մեքենան դուրս էին գրում վարորդի անունով ու սեփականաշնորհում, ապա այսօր ամբողջ պետական շենքեր են սեփականաշնորհում: Ու երկրից «օրենքով գողացած» այդ շինությունները նույն երկրին վարձով են տալիս:

Օրինակներն անթիվ, անհաշիվ են: ՀՀ տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 2002-2009թթ. Կենտրոն համայնքի թաղապետն էր, այնուհետև` քաղաքապետ: Թե ինչեր է նա հասցրել սեփականաշնորհել, կպատմենք եկող շաբաթ: Բայց մի խայտառակ գործարքի մասին հիմա կնշենք:

Ժամանակին այս թաղապետը սեփականաշնորհեց Կենտրոն համայնքի թաղապետարանի հսկայական շենքը: Եվ ի՞նչ արեց հետո... Պետությունից «խլած» այս շենքը տարիներ շարունակ վարձավճարով տվել է պետությանը: Պետությունը ինքն իր շենքում «կենվոր» է դարձել: Իսկ պետության փողերը գնում եսեփականատիրոջ գրպանը: Մոտավորապես այդպես սեփականաշնորհվեց Փավստոս Բուզանդի վրա գտնվող մանկապարտեզի շենքը, որտեղ այժմ նրա կինը մանկապարտեզի վարիչ է:

Նույն կերպ վարվեց նաև Քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (բուլկի Արամ): Նա էլ պետությունից «խլեց»` սեփականաշնորհեց Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության շենքը... և «արենդայով», արդեն քանի տարի է, տվել է հենց այդ վարչությանը:

Արամ Հարությունյանի համար էս ի՞նչ է, որ. նա համարվում է անկախությունից ի վեր «ամենառեկորդային» կաշառակերը: Համենայն դեպս, քրեական գործում` գործարար Սիլվա Համբարձունյանը պնդում է, թե նրան 14 միլիոն դոլար կաշառք է տվել...

Ինչևէ. պետությունը փաստորեն իր շենքերը ծախում է իր սիրասուն նախարարների վրա, ու այդ շենքերում դառնում կենվոր, վարձակալ...

nyut.am

Այս նյութը դիտել են - 5956 անգամ