Փաստաբան․ «Արամ Մանուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունում հիմք է հանդիսացել Վալերի Օսիպյանի ցուցմունքը»
2016-09-26 00:37:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա կալանքը երկարացնելու միջնորդությունը։

Ի տարբերություն գործով կալանավորված այլ անձանց, Արամ Մանուկյանի փաստաբանները գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն չէին ներկայացրել: Ինչպես պարզաբանեց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ գրավով ազատ արձակելու միջնորդություն չներկայացնելը սկզբունքայնության հարց է, քանի որ համոզված են, որ կալանավորումը այս պահին այդ անձի նկատմամբ որևէ փաստարակ չի պարունակում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Բաղդասարյանը պնդում է, որ դատարանը իրավունք չուներ Արամ Մանուկյանին կալանավորել։

Փաստաբանն ասում է,ո ր նախաքննական մարմինը այնպիսի փաստարկներ չէր ներկայացրել, որը կապացուցեր, որ անհրաժեշտ է երկարացնել Արամ Մանուկյանի կալանքը։

«Ինչպես Պավլիկ Մանուկյանի, այնպես էլ Արամ Մանուկյանի դեպքում կալանքը երկարացնելու միջնորդությունում հիմք է հանդիսացել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը։ Օսիպյանի այդ ցուցմունքը կարող էր հիմք լինել Մանուկյանին կալանավորելու ժամանակ, այն տրվել է հուլիսի 26-ին, մինչ Արամի ձերբակալումը, սակայն կալանքը  երկարացնելու դեպքում այդ նույն ցուցմունքը չէր կարող ներկայացվել։ Այսինքն՝ դատարան լրացուցիչ փաստեր չէին բերվել, այն թե՛ օրենքի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջն է»,- նշում է փաստաբանը։

Արամ Մանուկյանը ներկա չի գտնվել դատական նիստին և, փաստաբանի հաղորդմամբ, դատարան թուղթ է ներկայացրել, նշելով, որ չի ցանկանում ներկա գտնվել գործի քննությանը։ Բաղդասարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ աստիճանաբար մեղադրյալները չեն ներկայանա դատարան, քանի որ, ըստ նրա, արդեն նրանք էլ հասկանում են, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական պատվերի շրջանակներում է։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

hetq.am

Այս նյութը դիտել են - 3926 անգամ