Տեսե՞լ եք իմ հայրենիքը` այս մի կտոր Ղարաբաղը2016-09-26 12:15:00
«Մտքերս շարադրում եմ, բայց, չգիտեմ, կհավանե՞ք այն…»,-ինձ դիմելով` կասկածամտություն հայտնեց նա: Հաջորդ օրը 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհի Տաթևիկ Դավթյանը կարդաց իր գրածը: Հիացմունքի արժանի տողեր կային, բայց կարևորը` նրա ոգին է, հայրենիքի հանդեպ ունեցած սերը, որ նրան ուր էլ տանում, նորից բերում է իր հարազատ քաղաքը: Մի բնակավայր, որ ապրիլյան պատերազմ տեսավ, հերոսացած տղաներ, տարհանված ժողովուրդ, հրետակոծված տներ, դպրոցի լռված զանգ, դատարկված դասարաններ...
Կենսախինդ է նա, գեղեցկատես, ծիծաղկոտ ու ժպտերես: Շատերի նման այս դեռահաս հայուհուն պատերազմը հեռացրեց հայրենիքից, բայց նորից եկավ, եկավ` աշխարհով մեկ ազդարարելու, որ անհայրենիք մարդը անթև թռչուն է, ոչինչ հայրենիք չի դառնա, այն օտարը չի փոխարինի երբեք հայրենի եզերքին, ինչքան էլ այն քաղցր ու գեղեցիկ լինի: Ու տողերը շարված էին անկեղծ սրտի մորմոքով. «Տեսե՞լ եք իմ հայրենիքը….Մի բարձրաբերձ Մռավ, նրանից ձգվող լեռներ, ձյունափառ կատարներ, ժայռեր: Ու հետո` ձորակներ, վիհեր: Ամեն ձորում` սառնորակ մի աղբյուր, ամեն ժայռի վրա` հինավուրց մի վանք` դարերի փոշին քարերի վրա: Ու հետո` մի գիժ Թարթառ, որ դարերով ծեծում է ժայռերի կուրծքը: Սարալանջերին փռված մի քաղաք` երկնասլաց բարդիներով, թթենիներով, խաղաղ ծխացող երդիկներով: Իմ հայրենիքն է այս փոքրիկ քաղաքը, այս ժայռերը, այս սարերը: Իմ հայրենիքն է հայոց երկիրը, այս մի կտոր Ղարաբաղը` իմ Մարտակերտը»:
Եվ նրա տողերում հայոց հինավուրց երկրի պատմությունն է, արարող մի ժողովուրդ, որ այսօր էլ դիմակայում է հարևան երկրի խարդավանքներին: «Աստված մեզ բաժին հանեց քարը, արարեց մեզ քարեղեն երկրում: Ու մենք էլ նմանվեցինք մեր քարերին, նրանք էլ հոգի ունեն, պատմություն, մեր քարերն էլ խոսել գիտեն ու հրաշքներ գործել: Իսկ ավելի ճիշտ, մեր ժողովուրդն է հրաշագործ, որ մեր երկիրը քարե դրախտի վերածեց: Մենք քարերից հաց ենք քամում, արվեստ արարում, հոգի ու սիրտ ենք դնում քարի մեջ ու մարտիրոսվում մեր քարե երկրի համար: Աստված մեզ բաժին հանած թշնամու սրտի փոխարեն էլ քար դրեց: Ու դարերով մենք մեր գոյությունը պսակեցինք քարսիրտ թշնամու դեմ մաքառելով: Բայց մեր քարե երկրում մենք զարմանալի փխրուն սիրտ ունենք, և թշնամին այն խոցեց հազար ու մեկ անգամ, բայց մնացինք մենք անսասան»:
Օտարության շունչը հոգում զգացած հայուհու խոսք էր սա, որ հայրենիքը հեռուներում իր համար դարձել էր վշտոտ հուշերի կծիկ ու վերադարձել էր` շենացնելու այն հայրենիքը, որ դարձել էր իր համար ամենաթանկ կարոտը: Եվ ես ուրախ եմ, որ հայրենիքի կարոտով ապրող Արցախի դուստրը իմ աշակերտուհին է, որ նորից նստած է իմ առջև` դպրոցական նստարանին և իր հայրենաբաղձության խոսքն է հղում աշխարհին…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 3698 անգամ