Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին անխուսափելիորեն պիտի բախվեր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների խնդրին, դա առանց մեծ ջանքերի էլ կարելի էր կռահել:
Բերքահավաքի բուռն օրեր են, իսկ մթերող ընկերությունները ոչ միայն անպատրաստ են, այլև դեռ չեն մարել անցյալ տարվա պարտքերը: Եվ ահա այսօր վարչապետը փորձեց ցնցող տպավորություն գործել, երբ խոսք գնաց «Վեդի ալկո» ընկերության սնանկացման և խաղողի մթերման խնդիրների մասին: Կարապետյանը հայտարարեց որ պետությունը կարող է վերցնել սնանկացող ընկերության կառավարումը` փորձելով առողջացնել այդ ընկերությունը` թույլ չտալով, որպեսզի փակվեն աշխատատեղեր և գյուղացիները զրկվեն իրենց բերքի գումարից:
Սա գրեթե սպառնալիքի նման մի բան էր Մանվել Ղազարյանի հասցեին, ում թափանցիկ կերպով ասացին, որ կարող են իր ձեռքից վերցնել գինու գործարանը, եթե նա չբարեհաճի վերադարձնել խաղողագործների գումարները: Պետք է ենթադրել, որ «Վեդի Ալկոն» հաշված օրերի ընթացքում խելքի կգա, միանգամից օդից կընկնի այն գումարը, որը մինչև երեկ դեռ չկար, և Ղազարյանն էլ արագ-արագ կմարի իր միլիոնանոց պարտքերը, որպեսզի չզրկվի հարստության աղբյուրից:
Կարեն Կարապետյանի խոսքն առավել ծանրակշիռ ու ազդեցիկ կլիներ, եթե դա վերաբերեր ոչ միայն «Վեդի Ալկո»-ին, այլև բոլոր անպատասխանատու ընկերություններին: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ վարչապետը նույնանման մի սպառնալիք էլ չի հասցեագրում Քաղցրաշենի գինու գործարանին: Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը մինչ օրս գյուղացիներին չի վճարել շուրջ 150 միլիոն դրամի մթերման գումարը: Գուցե վարչապետի ուժը չի՞ պատում Յուվեցի Կարոյի վրա, ով արդեն քանի տարի տասնյակ սկանդալային իրավիճակների մեջ է ընկնում և մինչ օրս բոլորից էլ չոր է դուրս եկել:
Այս նյութը դիտել են - 1051 անգամ