Միացյալ Նահանգների հարավ արեւելքում գտնվող Շարլոտ քաղաքի ղեկավարությունը դադարեցրել է պարետային ժամը, որը մտցրվել էր, ոստիկանի կրակոցից սեւամորթ տղամարդու սպանության պատճառով առաջացած բուռն բողոքի ալիքին ի պատասխան:«Ոստիկանության եւ համայնքի միջեւ պետք է վստահություն հաստատվի:
Մենք այստեղ ենք, որովհետեւ այն չկա: Մենք ընդամենը պահանջում ենք, որ ոստիկանությունը մեզ հետ վարվի նույնպես, ինչպես մյուսների հետ», - ասում է Շարլոտի բնակիչ Լորենզո Մաքը:Օրեր առաջ ոստիկանությունը հրապարակել էր ոստիկանական ավտոմեքենայի տեսախցիկի տեսագրությունը, որի վրա երեւում է, թե ինչպես է ոստիկանությունը շրջապատում 43-ամյա Քիթ Լամոնթ Սքոթին:
Տեսագրության վրա Սքոթը դուրս է գալիս ավտոմեքենայից եւ հետ նահանջում, մինչդեռ ոստիկանները հրամայում են վայր նետել զենքը, որից հետո կրակ բացում: Տեսագրության վրա սակայն պարզ չի երեւում, թե արդյոք Սքոթը զինված է եղել, ինչպես հայտարարել են ոստիկանները:
Սքոթի սպանությանը հետեւեցին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում բողոքարարները կոտրում էին խանութների պատուհաններ եւ հարձակվում ոստիկանների վրա, իսկ օրինապահները ստիպված էին արդյունքաբեր գազ կիրառել:
Բողոքի ընթացքում ցույցի մասնակիցների միջեւ ծագած վեճի արդյունքում նույնիսկ սպանվել էր 26-ամյա մի տղամարդ:Ոստիկանների վարկածի համաձայն, նրանք հրաման էին ստացել ձերբակալել այդ շրջանում գտնվող մի տղամարդու, երբ նկատել էին Քիթ Լամոնթ Սքոթին, որն իր մեքենայում էր նստած՝ զենքը ձեռքին: Սքոթի ընտանիքի անդամները սակայն հայտարարել են, որ նա չուներ որեւէ զենք, իսկ ավտոմեքենայում գիրք էր կարդում եւ սպասում էր որդուն, ով պետք է վերադառնար դպրոցից:
Այս նյութը դիտել են - 8355 անգամ