Հոգով, սրտով և մարմնիս յուրաքանչյուր բջջով դեմ լինելով ռաբիսին (շատերը կվկայեն, թե վերջին 15 տարիների ընթացքում քանի անգամ եմ բարձրացրել այդ հարցը), այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնալ վերջին օրերի աղմուկին:
Սկսենք նրանից, որ ռաբիսը Հայաստանում միայն 6/8 երաժշտական ֆորմատը չէ:
Ռաբիսը շատերի` այդ թվում նաև իրենց «էլիտա» համարողների համար վաղուց արդեն ապրելակերպ է: Իսկ ով ասեց, որ րոպեն մեկ Առաքել Մովսիսյանից կամ Սամվել Ալեքսանայնից հարցազրույց վերցնել ցանկացողները և այդ «մտքի գոհարները» պրոպագանդողները ռաբիս չեն:
Ով ասեց, որ Արմենչիկին, Արման Հովհաննիսյանին, Թաթային և այլոց վաստակավորի կոչում տվողները ռաբիս չեն:
Ով ասեց, որ Լիլիթ Հովհաննիսյանով հիացողները ռաբիս չեն:
Իսկ եթե խոսքը գնում է հարկատուների մասին, ապա վերոնշյալ բոլոր մարդկանց լցրած դահլիճներով և մարզադաշտերով, համոզված կարող եմ ասել, որ նրանց երկրպագող հարկատուների (որոնց մեջ են նաև շատ խոշոր հարկատուներ) քանակը հազար անգամ ավելի է, քան դասական, ժողովրդական, ջազ կամ ռոք երաժշտության երկրպագուները:
Անձամբ ինձ համար սա ողբերգություն է, բայց փաստ, որը ոչ ոք չի կարող հերքել: Երբ ես ժամանակին ասում էի, որ պետք է օրենքով արգելել այս այլանդակությունը, ինձ ասում էին, որ ես ուզում եմ եթերում ցենզուրա մտցնել;
Նորից եմ կրկնում՝ ուր էին այսօրվա բողոքողները, երբ այդ երգչիստները վաստակավորների և ժողովրդականների կոչումներ էին ստանում կամ Հանրապետության հրապարակում «համերգ» էին տալիս:
Ինչու ձեզ համար պարզ չէր, որ եթե այսօր պետական բարձր կոչումներ են ստանում, վաղը պետք է Հանրայինում ժյուրի նստեն:
Եթե այսօր դուք Սամվել Ալեքսանյանից հարցազրույց եք վերցնում, վաղը նա ձեզանից 500 եվրո է պահանջելու, եթե այսօր դուք հումորիստին լուրջ եք վերաբերվում, վաղը ինքն իրեն պետք է քաղաքական գործիչ պատկերացնի...
Պատրաստ եմ այս թեմայով բանավիճել եթերում: