Քանի օր կդիմադրի Արմեն Ամիրյանը
2016-09-27 13:53:00

Արդեն հայտնի դարձավ, որ մշակույթի տխրահռչակ նախարար Հասմիկ Պողոսյանին վերջապես հնարավոր եղավ կտրել իր աթոռից, այդ պաշտոնը կստանձնի Արմեն Ամիրյանը:
Եթե որոշ մարդիկ չգիտեն, ապա տեղեկացնենք, որ տարիներ եւ անգամ տասնամյակ շարունակ մշակույթի ոլորտի կորդինացումը եւ ոլորտի անցուդարձի վերահսկողությունը եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան , ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանի ձեռքում:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նախարարի պաշտոնը զբաղեցրած Սմբատյանն արդեն իսկ աչքի է ընկել իր անգերազանցելի հատկանիշներով, պատմում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հասկացել է, որ անթույլատրելի է Սմբատյանին , որը ոչ ավել , ոչ պակաս մաֆիոզի համբավ է ունեցել:
Իհարկե, Վանո Սիրադեղյանն էլ իր չափով է ազդեցություն ունեցել մշակույթի ոլորտի վրա, բայց այնքանով, որքանով չեն խաչվել իր եւ Սմբատյանի շահերը:

Որպես կանոն վերջինը իր ճարպկության շնորհիվ միշտ էլ պահպանել է կայուն դիրքը, օրինակ նա Վանոյին ամենաթանկարժեք նվերներ արած պաշտոնյաների ցանկում է, պատմում են, թե բիլիարդի այնպիսի սեղան է նվիրել, որի նմանը այդ ժամանակներում չի եղել:
Նա նախարար աշխատեց ընդամենը երկու տարի՝ 1996-98թթ, 1997-ից Սմբատյանը ստանձնեց նաեւ ԱՕԿՍ-ի նախագահի պաշտոնը:

Մեկ տարի անց նա արդեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Թե ինչպես պատահեց, որ կոնսերվատորիայի տնօրենը, չունենալով դիվանագիտական կրթություն եւ աշխատանքի փորձ, նշանակվեց ամենաառանցքային համարվող երկրներից մեկում, միայն Սմբատյանը կիմանա:
Կոնսերվատորիան մշտապես իր հսկողության տակ պահելու համար Արմեն Սմբատյանն այստեղ ռեկտոր նշանակել տվեց Սերգեյ Սարաջյանին:
Սմբատյանի պահանջով էլ կոնսերվատորիայի հարկաբաժիններից մեկն առանձնացավ, այստեղ կառուցվեց փորձասենյակ` իր բոլոր հարմարություններով, անգամ «ջակուզիով» Սմբատյանի որդու՝ Սերգեյ Սմբատյանի համար, ով դարձել է Հայաստանի միակ ու «տաղանդավոր» երիտասարդ դիրիժորը:
Այս տարիներին Սմբատյանը բազում ֆինանսական չարաշահումների մեջ է ընկել, նեղ օրերին իրեն օգնության է հասել Ֆադեյ Տաճատիչը: Արմեն Սմբատյանը դիվանագիտական որեւէ ձեռքբերում չարձանագրեց, փոխարենը բազմապատկեց իր ֆինանսական միջոցները, ինտեգրվեց ռուսական բիզնեսին: Ի վերջո Սերժ Սարգսյանը որոշեց մի քիչ սաստել նրան, լիազորությունները դադարեցվեցին: Թեեւ ի սկզբանե որոշված էր Արմեն Սմբատյանին դեսպանի պարտականություններից ազատելուց հետո նշանակել ՀՀ մշակույթի նախարար, սակայն չարաշահումների փաստերն այնքան շատ ու այնքան աղաղակող էին, որ հոդս ցնդեցրեցին բոլոր շանսերը:

Օրինակ մամուլում հրապարակումներ եղան, որ Արմեն Սմբատյանը Մոսկվայում գտնվող Հայաստանի դեսպանատան տարածքի զգալի մասը վարձակալական հիմունքներով տվել էր այլ կազմակերպությունների եւ այդ գումարները չէր ծախսել դեսպանատան կարիքները հոգալու համար:
Կամ Մոսկվայում բնակվող հայ կամ ռուս հայտնի հեղինակություններին Սմբատյանը օգնել էր հայկական անձնագրեր ձեռք բերել: Տեղեկություններ կային նաեւ այն մասին, որ Արմեն Սմբատյանը Հայաստանի դեսպանատան մեքենաների կարմիր համարանիշերը հաճախ տվել է տարաբնույթ հեղինակությունների, բնականաբար այս ամենը կատարվել էր ոչ հումանիտար սկզբունքով:
Սրանք ընդամենը պատառիկներ են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող: Փաստն այն է, որ այսօր էլ Սմբատյանի ազդեցության տակ է գտնվում կարեւորագույն այս ոլորտը:
Մամուլում շատ է գրվել, որ ոլորտում որեւէ պատասխանատու երկար չի մնացել իր պոստում, եթե չի անցել նրա թրի տակով: Մինչեւ Հասմիկ Պողոսյանը, եթե հիշում եք, հաճախակի էին նախարարներ փոխվում: Սմբատյանն ունի հստակ ձեռագիր, ունի թիմ՝ դրսի եւ ներսի մարդիկ, լրատվականներ աշխատացնելու մեթոդներ, ինտրիգանտ է, ձեռագիրը յուրօրինակ՝ սուպեր «մաստերսկի», նա հմուտ է անձերին ասպարեզից հանելու մարդկանց առջեւ դռներ փակելու հարցում։ Ուստի աշխատում են չթշնամանալ, հետեւանքները անխուսափելի է լինում:
Նրա կուրատորությամբ ամենաերկարակյաց նախարարը Հասմիկ Պողոսյանն էր, նրանց ամուր կապող բազում պատճառներ կար, գլխավորապես համատեղ գործարքը ԱՕԿՍ-ի հայտնի շենքի յուրացուցումը, որը մամուլում փաստարկված ներկայացվեց: Հիմա էլ նրանք համատեղ մեծ ծրագիր ունեն:
Սմբատյանը փորձելու է Հասմիկ Պողոսյանին նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հետո դրան միացնել նաեւ Ֆիլհարմոնիկը, սա չի արվում Պողոսյանի գեղեցիկ աչքերի համար, այլ այն բանի, որ վերջինը մշտապես ցույց է տվել ծառայելու անխոնջ պատրաստակամություն:
Խնդիրն այն է, որ Սմբատյանի կոկորդում է մնացել, որ ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն է ոչ թե յուր զավակը, այլ տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը վայելում է նախագահի համակրանքը:
Հասմիկ Պողոսյանին տանելով նշանակլով այդ պաշտոնում Սմբատյանը հույս ունի որդուն դարձնել միավորված կառույցների գլխավոր դիրիժոր:
Թե որքանով Արմեն Ամիրյանը կդիմադրի Սմբատյանին, կարելի է ենթադրել:
Բնույթով փխրուն նորանշանակ նախարարն ամենայն հավանականությամբ կհալչի Սմբատյանի կազմակերպած մի քանի սրճախմությունից հետո, երբ սովորույթի համաձայն նա ռուսաստանյան իր ծանոթ արվեստագետներին, կոմպոզիտորներին կհրավիրի ու նախարաի մասնակցությամբ մինի-փարթիներ կկազմակերպի՝ ցույց տալով իր ազդեցիկությունը:
Գաղտնիք չէ, որ Սմբատյանը գործում է այդ շրջանակների հայտնի ցանցի համատեքստում, որի նպատակը հայ մշակույթը ճզմելն է:Մոսկվայից Երեւան գործուղված Կարեն Կարապետյանը թերեւս քաջատեղյակ է այդ ցանցի մասին:
Անի Սահակյան
Այս նյութը դիտել են - 1088 անգամ