Ծնվել է հայտնի սփյուռքահայերի նախաձեռնությունը
2016-09-27 14:48:00

Սփյուռքի մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հանդես են եկել Հայաստանի իշխանությանն ուղղված կոչ-հայտարարությամբ, որում քննադատելով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու դրա համակարգային պատճառները, հայտարարում են նաեւ, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, այլ մտահոգ են Հայաստանի համար եւ 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն էլ լինելու են Հայաստանում, որ հետեւեն ընտրության ընթացքին:

Նախաձեռնությունը դերասանուհի Արսինե Խանջյանինն է, որը Հայաստանի հուլիսյան իրադարձությունների ընթացքում բերման ենթարկվեց, դառնալով աղմուկի պատճառ: Ընդ որում, այդ աղմուկի մեջ այնքան էլ զանազանելի չէր՝ ոստիկանությանը մեղադրում էին հայտնի դերասանուհուն չճանաչելու եւ բերման ենթարկելո՞ւ, թե անօրինական բերման ենթարկելու համար:

Արսինե Խանջյանն ասում է, որ դրանից հետո զանգահարել է ամուսնուն՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին, որպեսզի հայտնի, որ իր հետ ամեն ինչ լավ է: Այդ զանգի ընթացքում էլ Խանջյանը որոշել է, որ պետք է անել ինչ որ բան:

Այդպիսով, ծնվել է հայտնի սփյուռքահայերի նախաձեռնությունը:

Նախաձեռնությունը եղել է տեղին ու ժամանակին, երբ երկրում առաջացել է «փրկչի» վակուում: Հայաստանի հասարակությունը տարիներ շարունակ փոփոխությունների հույսը կապել է այս կամ այն քաղաքական գործչի՝ առաջնորդի հետ, ամեն անգամ հուսախաբվել է, բայց գտել նոր հույս: Հետո այլեւս գործիչները կամ լիդերները վերջացան, ու քանի որ ի տարբերություն չինացիների, հայերը ոչ թե նույն գետը, այլ նույն հույսը երկու անգամ չեն մտնում, Հայաստանի հասարակությունը բոլոր լիդերներին սպառելուց հետո հայտնվեց որոշակի վակուումի առաջ: Հուլիսին այն լցվեց Սասնա ծռերի արմատական քայլով: Ընդ որում, ստեղծվեց հետաքրքիր իրավիճակ՝ Սասնա ծռերի հույսը փաստորեն ժողովուրդն էր, իսկ ժողովրդի հույսը՝ Սասնա ծռերը:

Մինչ կհստակեցվեր պատճառահետեւանքային հաջորդականությունը՝ հաջորդ քայլին անցնելու համար, իշխանությունը հույսն ինքն իր վրա դնելով հանգուցալուծեց խնդիրն այնպես, որ հանրությունը կրկին կանգնեց հույսի վակուումի առաջ:

Եվ ահա, այդ ճակատագրական պահին առաջացավ հույսի նոր աղբյուրը՝ սփյուռքահայ մտավորականության նախաձեռնությունը: Այժմ հանրությանը փրկելու են նրանք, իրենց նախաձեռնությամբ ու 2017-ին իրենց ներկայությամբ:

Սփյուռքի մտավորականների ազնիվ նախաձեռնություն է: Ընդ որում, նրանք իհարկե ամենեւին չեն ներկայանում իբրեւ Հայաստանի հայտատու փրկիչներ: Պարզապես նրանք որոշել են, որ պետք է անտարբեր չլինեն Հայաստանի ճակատագրի հանդեպ, համարել են, որ ունեն Հայաստանի, հանրության առաջ պատասխանատվություն:

Բայց Հայաստանում նրանք սկսում են այդպիսին ընկալվել, ու աստիճանաբար խորանալու է այդ ընկալումը, որովհետեւ Հայաստանի հանրությունն իր առաջ այլ խնդիր չի դրել: Հայաստանի հանրությունն իր առաջ չի դրել հասարակական-քաղաքական գործընթացին եւ դրանում պատասխանատվության առանցքային խնդրին այլ դիտանկյունից եւ այլ ելակետով նայելու խնդիր, չի դրել ի վերջո մինչ այժմ եղած «փրկիչ» գտնելու խնդիրը վերաձեւակերպելու խնդիր:

Հայաստանի հանրությունը մինչ այժմ չի վերարժեվորել անցնող ճանապարհն ու եկել այն եզրակացության, որ բուն խնդիրը պարզապես անորակ լիդերները չեն եղել, այլ եղել է ընտրված մեթոդաբանությունն ինքնին՝ «որակյալ» կամ «ազնիվ» լիդերի կամ այդպիսի խմբի շարունակվող փնտրտուքը, խնդիրը սեփական մտածողության եւ արժեհամակարգի մեջ փնտրելու փոխարեն:

Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ փորձը չի եղել նաեւ «լիդերների» մոտ: Նրանց էլ հարմար է եղել, որ հասարակությունը խնդիրը փնտրի իրենց, ոչ թե իր մեջ: Որովհետեւ եթե հանրությունը խնդիրը փնտրի իր մեջ, դառնալու է քաղաքականություն թելադրող: Բայց երբ փնտրվում են «լիդերներ», երբ խնդիրը փնտրվում է այդտեղ, ապա դա նախ լիդերներին հնարավորություն է տալիս միմյանց հետ հաշվեհարդար տեսնել, եւ հետո միշտ թարմ է պահում այսպես ասած վաղ թե ուշ «երկրորդ շրջան» գնալու հնարավորությունը, հետո «երրորդ շրջան» ու այդպես շարունակ, մինչեւ պատվավոր կամ անպատիվ թոշակ՝ ում բախտն ինչպես կբերի:

Միեւնույն ժամանակ, եթե փորձ արվի հանրությանն ուղղել խնդիրը իր իսկ մեջ փնտրելուն եւ վերաձեւակերպելուն, ապա դա կպահանջի տեւական ու տքնաջան աշխատանք, էապես նվազեցնելով հասարակական-քաղաքական «կոմերցիայի» հնարավորությունը, որի վրա է հիմնված Հայաստանի քաղաքական դասի գերակշռող մեծամասնության գործունեությունը:

Հայաստանում փոփոխության գործընթացի մեկնարկի գրավականը խնդրի վերաձեւակերպումն ու հանրության «որոնողական» ռեսուրսի ճիշտ հասցեագրումն է՝ որոնել ինքն իր մեջ: Քաղաքական հեռանկարային գործունեությունը պետք է միտված լինի հանրությանն այդ որոնումներում օգտակար լինելուն:

Դրանում պետք է լինի նաեւ Սփյուռքի դերը, այն Սփյուռքի, ում համար Հայաստանը միայն լուսանկարչական տաղավար չէ, այլ պետություն, որը հույժ կարեւոր է նաեւ Սփյուռքում խնդիրների զգալի մասը լուծելու համար: Սփյուռքի կարեւորագույն առաքելությունը Հայաստանի հանրության մտածողության եւ արժեհամակարգի, աշխարհայացքի, աշխարհընկալման փոփոխության հասնելն է, Հայաստանի հասարակությունը հիմնարար կերպով խորհրդա-ռուսական կայսերա-գավառական մտածողության օղակից դուրս բերելը:

Բայց, մինչ այդ իհարկե Սփյուռքն ինքը իր շատ ու զգալի հատվածներով պետք է դուրս գա այդ մտածողությունից, որովհետեւ Սփյուռքի ներկայացուցիչ լինեն ինքնաբերաբար չի նշանակում լինել այդ մտածողությունից դուրս: Հատկապես որ Խորհրդային ՊԱԿ-ն անկասկած տասնամյակներ շարունակ բավական լուրջ աշխատանք է կատարել Սփյուռքի շատ ու շատ շրջանակների ու շերտերի, Սփյուռքում որոշակի «կառավարելի էլիտայի» ձեւավորման համար:
Այդ համատեքստում, Սփյուռքը Հայաստանի փոփոխությանը նպաստելու համար պետք է սկսի նախ սեփական փոփոխությունից, Սփյուռքում եղանակ ստեղծող «էլիտայի» փոփոխությունից: Այդ տեսանկյունից, եթե օրինակ հանրահայտ սփյուռքահայերը բարձրացնեն Սփյուռքի վերակազմակերպման խնդիրները, դրանով թերեւս շատ ավելի արդյունավետ ծառայություն կմատուցեն Հայաստանին, քան ժամանակ առ ժամանակ Հայաստանի խնդիրների մասին արտահայտվելն ու կարճաժամկետ ակտերի մասնակից լինելը:

Կարեւոր չէ՝ Սփյուռքից, թե Հայաստանից, կարեւոր չէ՝ անազնիվ, խորամանկ դիտավորությամբ, թե ամենաազնիվ մղումներով եւ պետության ու հանրության հանդեպ ամենաազնիվ ձգտումով, եթե որեւէ մեկը ներկայում հանրությանն ասում է, որ կօգնի դիմագրավել եւ հաղթահարել իշխող համակարգը, ապա հանրությանը կամա թե ակամա գցում է հերթական ծուղակը:

Հայաստանի անցնող 25 տարիները, դրա ընթացքում իշխող համակարգի դեմ պայքարի 25 կամ կրկնակի ավելի՝ «50 երանգները» ցույց են տվել, որ խնդիրն է պետք փոխել, ոչ թե պետք է փոխվեն լուծողները, որ առաջնայինը նախ խնդրի վերաձեւակերպումն է՝ հանրային մտածողութան վերափոխումը, որպեսզի ոչ թե հասարակությունը մեծ ու փոքր, շատ ու քիչ փրկիչներ «որոնի», այլ «փրկիչները» հանրություն փնտրեն՝ լյումպենի փոխարեն: Երբ կգտնվի արժեհամակարգային նոր հիմքի վրա կանգնած հանրությունը, այդ ժամանակ կպարզվի, որ իշխող համակարգը չունի հիմք:

mitk.am

Այս նյութը դիտել են - 3039 անգամ