Դեռ մի դաշնակ նախարարն իր շուրջ ծավալված աղմուկից գլուխը չի ազատել, հիմա էլ մյուսն է խրվել տհաճ պատմության մեջ: Եվ պատահեց այնպես, որ այդ տհաճությունը եկավ ու չոքեց ամենահայրենասերի՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի դռանը:
Մի օր մարդիկ բացեցին նախարարության պաշտոնական կայքը և տեսան, որ այնտեղ տեղեկություն է տեղադրված այն մասին, որ ««Ռուսգործակցություն» գործակալությունը շարադրությունների միջազգային մրցույթ է հայտարարել, վերնագիրը՝ «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է»:
Հասկանալի է, որ նման մրցույթների մասին տեղեկացվում է հավուր պատշաճի և կայքում էլ դրված հրապարակումը հենց այնպես չէր հայտնվել այնտեղ, եղել էր թույլտվություն: Բայց հենց որ քաղաքացիները սկսեցին աղմկել, երբ բոլորը միաբերան պնդեցին, որ մեր հայրենիքը մեկն է ու այն կոչվում է Հայաստան, այլ ոչ թե ԱՊՀ, Լևոն Մկրտչյանն անմիջապես հասկացավ, թե ինչի մեջ է ընկել և շտապ կարգով հանձնարարեց իր վրայից սրբել այդ ամոթալի բիծը:
Նրա մամլո խոսնակը կայծակնային արագությամբ գրեց հերքումի հետևյալ տեքստը. «Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին»: Այնուհետև գալիս էր ամենակարևոր միտքը. ԱՊՀ–ն չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել:
Միանգամից նկատենք, որ նախարարության բացատրությունը չափազանց անհաջող է: 600 այլազգի երեխաների վկայակոչումը դեռ չի նշանակում, թե նրանց համար հայրենիք է ԱՊՀ-ն ու ոչ ոք այդ 600-ի կարծիքը մեկիկ-մեկիկ չի հարցրել:
Պարզապես Լևոն Մկրտչյանի պատվի ու արժանապատվության փրկության օպերացիան որոշել են գլուխ բերել այդ երեխաներին զոհաբերելու հաշվին:
Իսկ այն, որ դաշնակների համար այլևս ծովից ծով հայրենիքի գաղափարը արդիական չէ և այն փոխարինվում է օվկիանոսից օվկիանոս հայրենիքով, սա պիտի լրջորեն մտահոգի շատերին:
Ի՞նչ իմանաս, թե վաղը սրանք որ քաղաքը կցանկանան արյան ծով դարձնել: