Երեք խոստովանություն վարչապետից
2016-09-28 11:18:00
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին՝ ակնկալելով նրանցից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:Երեք խոստովանություն վարչապետից

 Հասկանալի է, որ ներկաներից որևէ մեկը վարչապետին չէր ասելու այն, ինչ անհրաժեշտ էր ասել: Փոխարենը Կարապետյանն է բացառիկ անկեղծացման պահեր ունեցել և նվազագույնը երեք մեծ խոստովանություն է արել: Նա ասել է «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք»: Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու։ «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,- նշել է վարչապետը:

Իր այս հակիրճ խոսքում Կարապետյանն առաջին հերթին խոստովանել է, որ մեր երկրում գործարարների նկատմամբ առայսօր վերաբերմունքը եղել է, մեղմ ասած, ոչ բարեհաճ, ու հիմա ինքը պատրաստվում է փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի բիզնես ոլորտի ներկայացուցիչը: Երկրորդ խոստովանությունն այն է, որ Հայաստանում ստվերը հասել է ահռելի ծավալների, ու եթե կարճ ժամանակում այն չբերվի թափանցիկ դաշտ, անհնար կլինի որևէ արդյունքի հասնել: Եվ վերջապես Կարապետյանն ընդունել է, որ այս երկիրը դեռ երկիր չի դարձել ու չի էլ դառնա, եթե հրատապ կարգով կյանքի չկոչվեն արմատական բարեփոխումները:

Պարզ է, որ խոստովանությունը դեռ գործ չէ: Բայց գոնե լավ է, որ կա դրա գիտակցումը և մեծ ցավերի մասին բարձրաձայն խոսելու համարձակությունը: Իսկ եթե Կարապետյանը նաև ասեր, թե ովքեր են մեղավոր այդ աղետալի կացության համար, նրա խոստովանանքը լիովին ընդունելի կլիներ:

shame.am

Այս նյութը դիտել են - 4437 անգամ