Վրացական արև և հայկական արևայրուք
2016-09-28 15:34:00



Վրացական արև և հայկական արևայրուք

Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու կառուցողական չեն եղել, քան հիմա, շատերի մեջ դա արդարացի զարմանք հարուցեց: Տեսնես ի՞նչ նկատի ուներ նա, երբ այդպիսի հայտարարություն էր անում: Զարմանքը կրկնապատկվեց, երբ նույնը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ստացվում է, որ այս մարդիկ ջերմության ու բարեկամության մասին այնպիսի պատկերացումներ ունեն, որոնք չեն համընկնում հասարակության ընկալումներին: Իսկ ահա փաստերը ճիշտ հակառակ պատկերն են ուրվագծում, և դրանից ոչ մի տեղ չեն փախչի ոչ Նալբանդյանը, ոչ Կվիրիկաշվիլին:

 

Հատկապես այս նախընտրական շրջանում Վրաստանում խիստ սրվել են ազգայնական տրամադրությունները: Մխիթարիչ կլիներ, եթե դրանք վերագրվեին միայն առանձին խմբերի ու կազմակերպությունների, սակայն, ցավոք, յուրաքանչյուր դեպքի թիկունքում գծագրվում է տեղի իշխանությունների խրախուսիչ հայացքը:


Ահա, Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են, թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:


Սակայն այս արգելքների շարքում ամենամեծ խայտառակությունը «սև ցուցակի» առկայությունն է: Ինչպես հայտնի է դարձել, ներկա պահի դրությամբ Վրաստան մուտք գործել արգելված է Հայաստանի հետևյալ քաղաքացիներին՝ Շիրակ Թորոսյան, Ստեփան Մարգարյան, Հովհաննես Այվազյան, Սամվել Կարապետյան, պատմաբան Վահե Սարգսյան, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունի:

Ի պատասխան նման «անհյուրընկալ» վերաբերմունքի, Հայաստանը ոչ միայն իր ցուցակը չունի՝ անցանկալի վրացիներով (թեև նրանց պարբերական հրապարակումներն ու գործունեությունը հաշվի առնելով՝ մեր ցուցակը պիտի ավելի ընդարձակ լիներ), այլև համարձակություն էլ չունի պաշտոնական Թբիլիսիին հարցում անելու, թե սա ինչ պատմություն է:

Ու հենց այս լռության արդյունքում է, որ հայ-վրացական հարաբերություններն անամպ ու արևոտ են: Բայց Աստված հեռու պահի նման արևից ստացած այրվածքներից:

shame.am

Այս նյութը դիտել են - 3347 անգամ