Հաղորդում սեփական հանցագործության մասին
2016-09-29 22:37:00
«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ. տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ. տարողությամբ և երկու հատ 0,33լ. տարողությամբ գարեջուր:
Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր» զավեշտալի այս հայտարարությունը տարածվել է ոչ ավել ոչ պակաս ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ասել է թե՝ սեփական հանցագործության կամ ավելի մեղմ ասած՝ անգործության մասին հաղոդում է տրված։
Քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան:
Այդ ոլորտը միշտ դիտարկվել է որպես մեծ գումարներ աշխատելու հարթություն: Հենց այդ պատճառով է, որ այս բնագավառը դարձել է միջազգային դոնոր կազմակերպությունների թիրախ:
Այդ ամենը իմանալով հանդերձ` պետությունն այս բնագավառում միշտ պաշտպանվողի և արդարացվողի դերում է, ինչպես այս պարագայում, երբ ակնհայտորեն փոևձ է արվում մի քանի հոգու վրա «ջարդել» կատարվածը։
Դատապարտյալների հիվանդանոցը ոչ Լուսնի վրա է, ոչ էլ գետնի տակը, ավելին, այն քրեակատարողական հիմնարկ է, որի ղեկավար կառույցի լրատվականն է նման հաղորդագրություն տարածել։
Հաղորդագրությունը զավեշտալի է, քանի որ երբ հանրությունը ոլորտի պատասխանատուների առջեւ նման հարցեր է բարձրացնում տիրող կամայականությունների եւ բարձիթողի վիճակի մասին, հարցադրումները կանխվում են սրերով՝ օդում։
Հիմա իրենք են խոստովանում «բարդակ» վիճակը, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նման մասշտաբի ոգելից անցկացնել։
Թեեւ կա մի նրբություն, հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ ալկոհոլը չակցիզավորված է։ Իսկ դա նշանակում է,որ որոշակի խմբաքանակը դուրս է բերվել գործարանից։ Չի բացառվում, որ սա ուղերձ է տվյալ սեփականատիրոջ կամ նրա հետ կապ ունեցողների շրջանակներին «քսիֆների» մասին , որը հետագայում կարող օգտագործվել որոշակի հանգամանքներում։
Բայց փաստ է, որ սա քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճակի եզակի դեպք չէ, օրինակ ամիսներ առաջ էլ դատապարտյալներից մեկը մամուլին ահազանգել էր իրենց խցի անմարդկային պայմանների մասին եւ այն մասին, որ իրենք մտադրվել, ապա սեփական ուժերով վերանորոգել են այն: Ստացվում է, որ դա իրենց որոշելիքն է:
Այսինքն, ստացվում է, որ նրանց մոտ առկա էր շինանյութի այն խմբաքանակը, որն անհրաժեշտ էր շինարարությունը սկսելու համար:
Փաստորեն, դատապարտյալներն իրենք են որոշում, երբ և ինչ անել, եւ ամենակարևորը՝ նրանք տիրապետում են համապատասխան ռեսուրսների և անմիջապես իրականացնում են որոշածը, տվյալ դեպքում` վերանորոգումը: Ստացվում է, որ բերդերում բոլոր առումներով է բարդակ։
 
Անի Սահակյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 2565 անգամ