Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է.Գալուստ Սահակյան
2016-09-29 22:56:00
Հանրային հեռուստատեսության կողմից եթեր հեռարձակվող նոր երաժշտական նախագիծը, որ սկսել է մատուցել անճաշակություն և հարուցել է հասարակության արդարացի դժգոհությունը, իրականում միայն Հ1-ի ղեկավարության մեղքը չէ: Ջաղինյանը փաստացի պետական պատվեր է կատարում, իսկ պատվիրատուների պակաս չկա: Այսօր այդ փաստը մեկ անգամ ևս ապացուցեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս ըստ էության ոչ այնքան փորձում էր Հ1-ի կաշին փրկել, որքան անկեղծորեն կիսվում էր իր պատկերացումներով:
«Իսկ ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ` սա ստեղծվել է սովետի ժամանակ, որ որոշակի խավեր այդ երաժշտության տակ կարողանան իրենց խնջույքը, թաղումը ու մոտեցումը ձևավորել: Եվ դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել, օրինակ` ռաբիս երգողներից Թաթա Սիմոնյանը: Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է, որը, կարծում եմ, ավելի ճոխացված է»,-բացատրում է Գալուստ Սահակյանը՝ իր անձը նետելով սովետի ժամանակների գիրկը և ընդգրկվելով այն խավի կազմում, որի համար ռաբիսը լույս աշխարհ է եկել:
«Կարողանում եմ երբեմն-երբեմն լսել ռաբիս: Իմիջիայլոց ասեմ, որ երբ մենակ ես լինում, մի քանի հոգով կարողանում ես լսել ռաբիս երաժշտություն: Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձևափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ էլ է լսվում»,- երաժշտական գիտելիքների ամբողջ պաշարը հրամցնում է ԱԺ նախագահը և դրանով իսկ հստակեցնում մի պարզ ճշմարտություն: Ռաբիսն այլևս մշակութային գործոն չէ, այլ կեցության ձև ու մտածողություն: Եվ Գալուստ Սահակյանի ղեկավարած կառույցն այսօր երկրի առավել ռաբիս հաստատությունն է: Այս իմաստով Ջաղինյանը կարող է բոլորովին չանհանգստանալ ժողովրդի վրդովմունքից, քանի որ դրան հակակշիռ միշտ էլ կունենա կայուն և բավականին ազդեցիկ լսարան, որը կխրախուսի նրա բոլոր նախաձեռնությունները՝ ի փառս հայ մշակույթի և ռաբիսության կայացման:
shame.am

 

Այս նյութը դիտել են - 3146 անգամ