USArmenianews.com լրատվական կայքի ամանորյա հարցերին պատասխանել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը...
2015-12-30 22:22:00

 1. Ի՞նչ է ընդհանրապես Ձեզ համար Ամանորն,  ինչպես և որտե՞ղ եք պատրաստվում այն անցկացնել:
Ամանորն այս տարի դիմավորում եմ Հայաստանում: Դա հազվադեպ է պատահում: Վերջին անգամ չորս տարի առաջ էր: Ամանորն ընդհանրապես չեմ սիրում և հատկապես չեմ սիրում հայաստանյան ամանորը: Մի տեսակ որկրամոլության, ցուցամոլության, չտեսության, անճաշակության և ժանտախտի ժամանակ գինարբուքի մի տեսարան է ստեղծվում այդ օրերին Հայաստանում: Դա ցածր կուլտուրայի և ցածր գիտակցության արդյունք է: Եվ կարծես թե վերացման միտում այս հարցում, ցավոք չկա: Իսկ ամանորն ինձ համար ընդհանրապես տխուր օր է: Զարմանում եմ, երբ մարդիկ շնորհավորում են միմյանց: Շնորհավորել ինչի՞ կապակցությամբ. որ սեփական կյանքը ևս մեկ տարով կարճանում է և որ առջևում անսպասելի դժվարություններ են լինելու անպայման:
Սուրբ Ծննդյան տոնը նշել և շնորհավորել անհրաժեշտ է, բայց ամանորը, իմ կարծիքով՝ ոչ: Այնպես որ թեև Հայաստանում եմ դիմավորում, սակայն դիմավորելու եմ ամերիկյան, բայց ոչ՝ ամերիկահայկական ոճով: Թե ինչ է դա նշանակում՝ կարծում եմ դժվար չէ կռահել:
 
2. Ամանորյա Ձեր  բարեմաղթանքը Հայաստանի և Սփյուռքի հայությանը:

Սփյուռքի մեր մյուս հատվածների ներկայացուցիչներին՝ հատկապես նոր ամերիկահայերի մի մասին կմաղթեմ նոր տարում ոմանց մեջ առկա մակերեսայնությունն ու ցուցամոլությունը փոխարինել գոնե ամերիկյան համեստությամբ: Եվ՝ պահպանել իրենց լեզուն, իրենց ազգային ինքնագիտակցությունը և բուն ամերիկացիներից վերցնել լավագույնը, ոչ թե այն՝ ինչ ամերիկացիները մերժելի են համարում: Սուրբ Ծննդյան կապակցությամբ կմաղթեմ նախևառաջ մեր Միջին Արևելքի հայրենակիցներին խաղաղություն: Խաղաղություն և հաղթանակ՝ մինչ վերջերս, ցավոք սրտի, հաղթանակներ արձանագրած իսլամիզմի նկատմամբ: Մեր հայրենակիցները նույնպես արյուն են թափում այդ չարիքի դեմ պայքարում և նրանց կռիվը նաև մեր կռիվն է: Ամերիկահայերին մաղթում եմ Սուրբ Ծնունդը տոնել մեկ անգամ՝ և այն էլ՝ ճիշտ օրը՝ հունվարի վեցին: Քանի դեռ կաթոլիկություն կամ բողոքականություն չեն ընդունել՝ օրը մնում է հունվար ամսում: Իսկ ընդհանրապես՝ ստանդարտ մաղթանքներ ունեմ, որոնցից երկու ամենակարևորներն են՝ առողջություն և հաջողություն բոլորին:


Քաղաքագիտության դոկտոր՝ Հայկ Մարտիրոսյան

 
Այս նյութը դիտել են - 2372 անգամ