Այն օրերին ինչքա՜ն շատ զգացինք ապրելու գինը
2016-09-30 12:08:00
 Ինչու՞ չեմ մոռանում ապրիլյան այն մի կաթիլ վաղորդյան ցողը: Ես այն միշտ հիշում եմ, երբ նկուղից դուրս եկա ու ինձ ժպտացող մի կաթիլ ցող սահեցրի ձեռքիս ափի մեջ: Շնչավորվել, մի նոր կյանք էր տվել ինձ, ինչու՞ մինչ այդ չէի նկատել այդպիսի շատ ու շատ ցողեր, որ գալիս ու գնում էին անդարձ: Տարուբերում էի ձեռքիս ափի մեջ շատ կամա~ց ու խաղաղ, լուսե արցունքի նմանվող այդ ցողի արտացոլանքում ինձ էի փնտրում: 
Դալկացած մի դեմք կար, հայացքով ցողն էր գուրգուրում, որ մի նոր կյանք էր դարձել ու մի նոր շունչ: Աչքերից հոսող արցունքներ կային, որ միախառնվում էին այդ ցողի կաթիլին, բայց ինչու՞ այն մյուս ձեռքս ձգվում էր դեպի այդ մի կաթիլ ցողը… Մատներս շոշափում էին նրան շատ մեղմ ու հանգիստ, գիտեի, որ այն մեզ վերադարձված մի կտոր կյանքն էր, ապրելու անթաքույց ցանկությունը: Ու նայում էի վերին բարձրյալին և աղոթում` մեզ նորից կյանքի վերադարձնելու համար…
Ապրելու տենդով հուսավառված` հայացքս գրկել էր նրան: Ի~նչ լավ էր, որ գիտեի` այդ օրն էլ ապրեցինք, և հասկանում էի կյանքի գինը, որ կարողանում ենք նույնիսկ ափի մեջ ունենալ այդ մի կաթիլ ցողը: Բայց ինչքա~ն լավ էր, որ վերևից ծիկրակող արևի շողը խաղում էր ափիս հետ, ժպիտներս էլ հյուսվում էին ցողին, որ արցունքոտ էին, բայց շատ երջանիկ: Արթնացած մի նոր կարոտ կար, նորից ապրելու անսահման ցանկություն: Ի~նչ լավ էր, որ նորից ապրում էինք, նորից մենք կայինք…Այն օրերին ինչքա~ն շատ զգացինք ապրելու գինը:
Ու այսպես ամեն օր հայացքս փնտրում է արցունքոտ ու արևոտ այն մի կաթիլ ցողը, որ կյանք էր դարձել, ապրելու սուրբ հավատ ու մի նոր կարոտ:

Նատաշա Պողոսյան
Արցախ, ք. Մարտակերտ
Այս նյութը դիտել են - 1167 անգամ