Կրակոցներ` գործող համայնքի ղեկավարի տան վրա...2016-10-01 00:05:00
Երեկ երեկոյան ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից մոտ երեք ժամ առաջ՝ ժամը 21-ն անց 10 րոպեին կրակոցներ են հնչել Սեւանի տարածաշրջանի Գեղամավան գյուղում: Կրակոցները հնչել են գործող համայնքապետ Մնացական Վարդանյանի հենց տան մոտ: Գործող համայնքապետը նույնպես իր թեկնածությունն է առաջադրել համայնքապետի պաշտոնի համար, որի մրցակիցը ՀՅԴ-ական Վաչիկ Սաղաթելյանն է / ի դեպ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հայրը/:Կրակոցներից անմիջապես հետո Մնացական Վարդանյանը զանգել է ոստիկանություն, որը տեղում արձանագրել է միջադեպը:
USArmenianews.com-ի հետ զրույցում ՀՀԿ-ական թեկնածուն նշեց, որ անցած ՏԻՄ ընտրություններում միշտ էլ գյուղում լարվածություն է եղել, քանի որ արդեն երրորդ անգամ «ՀՅԴ-ն ամեն կերպ ձգտում է իշխանության» ՝ իր դեմ առաջադրելով սեփական թեկնածուներին:
Իսկ թե ում է կասկածում երեկ իր տան մոտ արձակված կրակոցների առնչությամբ, Մնացական Վարդանյանը նշեց, որ ոչինչ չի կարող ասել, սակայն նկատեց, որ երբ ոստիկաններն իրենց տանն են եղել, այդ ընթացքում դաշնակների մեքենաներն անընդհատ «գնացել-եկել» են տան մոտով:
«Վերջին երեք ՏԻՄ ընտրություններում մեզ մոտ միշտ նման լարվածություն է եղել, դաշնակցականները միշտ ուզել են հասնել իշխանության: Բոլորը կարող են գալ ու տեսնել, թե որքան աշխատանք է կատարվել համայնքում եւ կույր պետք է լինել այդ ամենը չտեսնելու համար:
Ես չեմ ուզում, որ նման բաներ լինեն, քանի որ դրանք կարող են հասցնել ծանր անկանխատեսելի իրավիճակի, ինչը կարող է տանել քաոսի հանգեցնել:
Դրա համար խնդրանքով դիմում եմ ոստիկանությանը, որ ուժեղացնի վերահսկողությունը մեր համայնքում»- USArmenianews.com-ի հետ զրույցում թեկնածու Մնացական Վարդանյանն իր խնդրանքն ուղղեց ոստիկանությանը:
Վերջինս նաեւ ասաց, որ ինքը ոչ մի կեղծիք չի հանդուրժելու, 1348 ընտրող կա, որոնք
իրենց քվեարկությամբ թող որոշեն՝ ում են ուզում տեսնել համայնքի ղեկավար: Իսկ նման մեթոդներով արդյունքի հասնել չի հաջողվի:
Որպես ՀՀԿ-ի թեկնածու, Մ. Վարդանյանի ուզածն ընդամենը նորմալ մթնոլորտում անցկացվող ընտրության ապահովումն է:
Այս անընդունելի քայլերը, որ նկատվում են ՏԻՄ ընտրություններում /տարբեր քաղաքներում/ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի վկայություն են:
Ի դեպ, գյուղում արդեն հեգնախառը արտահայտություններ են հնչում, թե՝ «Դաշնակի վզյալի Գեղամավան» օպերացիան չի հաջողվի, քանի որ «դաշնակցական» այդ մի ընտանիքը եւ համակիրներն անցած տարիներին ոչինչ չեն արել հօգուտ համայնքի: Սակայն ամեն ջանք գործադրել են տեղական ընտրություններում լարվածություն մտցնելու համար:
Հետաքրքիր է, որ ամռանը Դաշնակցությունը խստորեն դատապարտում էր «Սասնա ծռերի» գործողությունը, սակայն առանձին վերցրած այս համայնքում, փաստորեն, թշնամանք ու լարվածություն են ստեղծում՝ կրկին անգամ շատերին հիշեցնելով «մաուզերիստի» գործելաոճով իշխանության հասնելու իրենց սիրելի մեթոդը:
Հ.Գ. Հետաքրքիր է, երկրի նախագահն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյա՞կ են Գեղամավանում հնչած կրակոցների մասին: Եթե այո, ինչպե՞ս են պատրաստվում այս «բեսպրեդելի» դեմն առնել վերջապես:
Թամարա Ղարիբյան
Նյութի աղբյուրը՝ USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 8169 անգամ