ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալներ՝ տեր և տիկին Հակոբ և Լյուդովիկա Այնթափլյաններին
2016-10-01 01:34:00

 

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել էին ամերիկահայ նշանավոր սրտաբան, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ, բժշկագիտության դոկտոր, հայտնի բարերար, «Մեսրոպյան ուխտ» միության նախագահ Հակոբ Այնթափլյանը և նրա տիկինը՝ ճարտարապետ Լյոդովիկա Այնթափլյանը:

Ողջունելով և ներկայացնելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Սիրիայում ծնված, Իտալիայում կրթություն ստացած մեր սիրելի հայրենակիցն ավելի քան 50 տարի ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում՝ իր մասնագիտական բարձր կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով նշանավոր սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին և բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է օգտակար լինել հայությանը ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Դոկտոր Այնթափլյանը Հայաստան է եկել ղարաբաղյան շարժման դժվար օրերին, 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո  և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է իրականացրել: Նրա մտահոգությունների կենտրոնում են եղել նաև հայոց լեզվի անաղարտության և արևմտահայերենի պահպանության խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ է տանում նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի հետ»:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև տիկին Այնթափլյանին՝ շեշտելով ինչպես ճարտարապետության, այնպես էլ բարեգործության ոլորտում նրա ներդրումը՝ շնորհակալություն հայտնելով հատկապես այն բանի համար, որ մշտապես սատար է կանգնել  ամուսնուն՝ նրա ազգային և բարեգործական նախաձեռնություններում:

Իր խոսքի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանության ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար տեր և տիկին Այնթափլյաններին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալներով:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին գնահատանքի համար՝ դոկտոր Այնթափլյանն ասաց. «Մենք ապրում ենք այն մտայնությամբ, որ մի օր պետք է վերադառնանք Հայաստան և այդ մտայնությամբ էլ մեր կարելին անում ենք Հայաստանի համար: Իմ առաքելություններից մեկն էլ հայերենն է: Օտարաբանությունը պետք է դուրս մղենք մեր լեզվից: Որքան որ մեր լեզուն մաքուր լինի, այնքան մեր կերպարը մաքուր կլինի: Մենք շատ հարուստ բառամթերք ունենք և հայերեն ջինջ, մաքուր բառերը չօգտագործելով՝ դրանք ժանգոտվում են բառարաններում: Ես իմ կարելին պիտի անեմ՝ հանուն հայերենի անաղարտության»:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ իրենց նշանակալի գործերով Այնթափլյան ամուսիններն իրենց մշտական ներկայությունը կհաստատեն Հայաստանում և հայ ժողովրդի հոգում:

hayernaysor.am

Այս նյութը դիտել են - 3367 անգամ