Ընդհանրապես ժամանակ առ ժամանակ նոր լիցքեր ստանալու կարիք բոլորն ունեն: Զարմանալի է, բայց ամենադրական էներգիան, անմնացորդ և անշահախնդիր ձևով հորդում է հենց մեծահասակներից: Նրանց յուրաքանչյուր խոսքը, խրատը, բարի ցանկությունը եղած իրական զգացողություններից ամենաիրականն են ու դրականը:
Տարիքի հետ մի քիչ միամիտ, մի քիչ երեխա, միշտ հանդուրժող ու վստահող են մեծերը: Պատմածը հետաքրքիր, երկիմաստ ու հումորով... Տարեցների հետ Գյումրիի գեղեցիկ սրահներից մեկում խնջույքի էինք մասնակցում: Բոլորն ուրախանում էին, քեֆ անում, մի տատիկ լուռ նստած էր: Թվաց, թե մտահոգված է, փորձեցի ցրել մտահոգությունը, համոզել, որ փոխի տրամադրությունը: Կողքին նստած տարեկից տղամարդիկ էլ, հումորով, թե. «վեր կաց, վեր, պարի, ինչ ես մտածում՝ հատակը հարթ է, չես սահի ընկնես»: Կարծես մի բան փոխվեց կնոջ մեջ, աչքերը պայծառացան, դեմքը կենդանացավ, հենվեց ձեռնափայտին ու ասաց «Տո ըսիկ մեր բաղնիքի շենքն է, ես ըստեղ օր կլողնայի, դուք ուրդեղ էիք...»: Նրան էլ հարց տվող չեղավ :):
Շնորհավորում եմ Ավագ սերնդին իրենց օրվա առթիվ: Անհոգ, երջանիկ, հուշաշատ օրեր Ձեզ …