Սևանում թեժ է․ ծեծ ու ջարդ է սկսվել թեկնածուների միջև
2016-10-01 20:44:00

Lurer.com-ը գրում է․

Այսօր կեսօրին ծեծուջարդ է սկսվել Սևանի քաղաքապետի թեկնածուներ`Սևան ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանի և գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանի (հանրության մեջ առավել հայտնի է Ուդո մականվամբ) թիմակիցների միջև:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` լուրջ վնասվածքներ է ստացել Ռուդիկ Ղուկասյանի եղբորորդին` Բաբկեն Ղուկասյանը: Սևանում ընտրակաշառք են սկսել բաժանել և’ Սևանի գործող քաղաքապետը, և’ մյուս թեկնածուն` Սարգիս Մուրադյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրը փորձեց ճշտել հենց Ռուդիկ Ղուկասյանից, ով թեպետ հերքեց իր եղբոր տղային ծեծի ենթարկելու փաստը, բայց մի նոր տեղեկություն հայտնեց. «Եկեք տեսեք ոնց է հաստագլուխ ոստիկանապետն իրա շայկով մեկ ընտրակաշառք բաժանում: Չեք հավատում` մի հատ եկեք, տեսեք ինչա կատարվում քաղաքում»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Սևանի ոստիկանության բաժնի պետն է ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանը:

Նկատենք, որ Ռուդիկ Ղուկասյանին այս ընտրություններում չի սատարել հարազատ կուսակցությունը և վերջինս որոշել է ինքնաառաջադրվել:

Կիզակետում գտնվող մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված Սարգիս Մուրադյանն է, ով անկուսակցական է և վայելում է տեղի ոստիկանության պետի սերն ու հարգանքը:

 
Այս նյութը դիտել են - 4188 անգամ