Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց
2016-10-02 19:25:00


Ծառուկ Սարգսյան

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երեկ վտանգավոր փորձարկում կատարեց սեփական ժողովրդի գլխին, իսկ ողբալին այն է, որ այն հաջողությամբ պսակվեց: Ի՞նչ արեց այս անգամ ՀՀ իշխանությունն իր տանջված և իրենից զզված ժողովրդի հետ:

Ուրեմն, Գյումրիում հաղթեց «Բալասանյան դաշինք» կոչվող խայտառակությունների հավաքածուն` մեր մշտական հաճախորդ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ԲՀԿ-ն` Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ:

Երրորդ ու չորրորդ տեղերը հասան «Հայկական վերածնունդ»-ին` Քավորկին Հովոյի (Հովհաննես Մարգարյան) առաջնորդությամբ և ԳԱԼԱ-ին:

Ինչևէ, ողբերգությունը Բալասանյանի հաղթանակը չէ, ոչ էլ ավագանու կազմը: Ողբերգությունը կատարված փորձարկման հաջողությունն է, ինչի պատճառով հայ ժողովուրդը 2017թ. ապրիլի 2-ին կզրկվի բավական մեծ գումարներից:

Բանն այն է, որ այս անգամ ռազմավարական որոշում էր կայացվել` փորձել ընտրություններում հաղթել առանց ընտրակաշառքի, միայն վարչական ռեսուրսի կիրառմամբ:

Եվ դա հաջողվեց:

Փորձը հստակ ցույց տվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը տալ իշխանությանը բացարձակ անվճար` բավարարվելով վարչական ռեսուրսով, այսինքն` անվճար ճնշվելով: Եվ քանի որ փորձարկումը հաջողություն արձանագրեց, իսկ Վանաձորում էլ են նույն բանն արել` ըստ հավաստի տեղեկությունների, նշանակում է, որ ապրիլի 2-ին ոչ ոք փողի երես չի տեսնի, բոլորը կճնշվեն անվճար և կընտրեն ՀՀԿ-ին:

Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված էր 20.000 դրամով գնել կեսմիլիոն ձայն: Դա կազմում է 10 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկրի էկոնոմիկան զրկվեց այդ 10 միլիարդից, այսինքն` երկրում 10 միլիարդ դրամի պակաս հոսանք, միս, տեղական արտադրանքի մսամթերք և կաթնամթերք, այլ ապրանքատեսակներ ու ծառայություններ կսպառվեն:

Իսկ դա արդեն հարված է Կարեն Կարապետյանի կառավարությանը, և միանշանակ կարելի է ասել, որ նա չի ողջունի այդ որոշումը, քանզի տնտեսական աճն ու ՀՆԱ ցուցանիշներն այսօր վարչապետի համար ամենակարևորն են:

shame.am

Այս նյութը դիտել են - 4767 անգամ