Աստված հայ ժողովրդին պատժում է Աշոտյանով...
2016-10-03 10:00:00

Աշոտյանի գնահատականներն եմ կարդում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ու մտածում, որ սա մեզ դեռ քիչ է: Աստված հայ ժողովրդին պատժում է Աշոտյանով...կամ, գուցե, փորձում թասիբի գցել:

Բայց քանի որ թասիբի չենք ընկնում, հակված եմ մտածել, որ այնուամենայնիվ՝ պատժում է: Ծաղրելով բոլորիս, այս երիտհանրապետականը հայտարարում է, թե «ՀՀԿ-ն մնում է քաղաքական համակարգի առաջատարը»: Նման ցինիզմը հատուկ է հանրապետականներին: Կարծես թե չգիտեն, թե ինչ կլիներ այդ «առաջատարների» հետ, եթե իշխանությունը նրանց ղեկավարի ձեռքին չլիներ:

Մյուս կողմից էլ, եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքին չլիներ, նա չէր լինի այս «հրաշամանուկների» ղեկավարը: Նման ամպագորգոռ ու անբովանդակ հայտարարություն իրենց կարող էին թույլ տալ թերևս միայն Աշոտյանը, Շարմազանովը և Փուչիկ Կարենը: Սերժ Սարգսյանը նրանց հենց սրա համար էլ պահում է:

Դե իսկ մնացածս գիտենք, թե ինչպես է ՀՀԿ-ն ապահովում իր «առաջատարի» դիրքը: Գիտենք նաև, որ հենց ՀՀԿ-ն զրկվի այդ դիրքից, Աշոտյանը լինելու է առնետավազքի առաջատարը, կատաղի պայքարի մեջ մտնելով նույն այդ Շարմազանովի ու Կարենի հետ:

Հիմա էլ տաքուկ տեղավորվելով Սերժ Սարգսյանի թևի տակ, այս անսկզբունքային օպորտունիստն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել այլ քաղաքական ուժերի մասին:

Աշոտյանը երևի մոռացել է, թե ինչ կարծիքի էր հասարակությունը իր և իր կուսակցության մասին և ուր էր նույն այդ Աշոտյանին ուղարկում «էլեկտրիկ Երևանի» ժամանակ:

Դրանից ավելի օբյեկտիվ գնահատական հասարակությունը ձեզ երբեք չի տվել ու չի էլ կարող տալ: Սա է հասարակությունը մտածում ձեր մասին և այս իմաստով ոչինչ չի փոխվել:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3315 անգամ