Մեր միջավա՞յրն է մեղավոր, թե՞ մենք…
2016-10-03 11:19:00
11-րդ դասարանում Գր. Զոհրապի «Երջանիկ մահը» նովելն ենք ուսումնասիրում: Դասարանի թույլ կարողությունների տեր աշակերտներից մեկը ձեռք բարձրացրեց` դաս պատմելու համար: Նա շատ հակիրճ, մի շնչով ներկայացրեց նովելի սյուժեն: 
Նրան ուղղված իմ հարցը, թե այդ նորավեպում կին և ամուսին հարաբերությունների մեջ ու՞մ է արդարացնում, երբ կինը դավաճանում է ամուսնուն: Նա միանգամից ասաց, որ ամուսնուն չեմ կարողանում մեղադրել: Իսկ երբ նորից ցանկացա լրացնել այդ հարցը մի նոր հարցումով, թե արդյո՞ք մեր շրջապատում այդպիսի տղամարդուն չէին մեղադրի, որ կնոջն այնքան է ազատություն տվել, որ նա դավաճանում է իրեն, և ինքը հանդուրժում է:
Իմ հարցը կարծես մի պահ մնաց անպատասխան, ապա նկատեցի իմ նեղված աշակերտին, որ միանգամից հնչեցրեց. «Տիկի՛ն Պողոսյան, խնդրում եմ ինձ հարցեր մի՛տվեք, մի «4» գնահատեք ինձ, ես գնամ նստեմ»:
Բայց ես չեմ ուզում իմ աշակերտին` Սերգեյ Մինասյանին, անմիջապես գնահատել, ուզում եմ լսել նրա կարծիքը, և, որքան էլ նեղված, շուտով նա պատասխանում է իմ հարցին, նույնիսկ զարմացած, թե ինչպե՞ս կարելի է մեր շրջապատում արդարացնել այդպիսի տղամարդուն:
Նովելի սյուժեից գիտենք, որ հերոսուհին քառասունին մոտ կին էր, բայց ավելի երիտասարդ էր երևում, նա շատ գեղեցիկ էր ու հմայիչ, կենսախինդ մի անձնավորություն: Ամուսինը ծեր էր, տարիքով նրան հայր կարող էր լինել, նա կնոջը ազատություն էր տվել, և նրա շուրջը երիտասարդ սիրահարներ էին պտտվում: Բժիշկը, ով պատմում էր դեպքը, հաճախակի էր հանդիպում այդ կնոջը, քանի որ վերջինս սրտի հիվանդություն ուներ: Կինն ազատ կյանքով ապրում է, չի կատարում բժշկի խորհուրդները և իր տանը կազմակերպված երեկույթում խելահեղ պարի ժամանակ` գեղեցկության, հիացումի վեհ պահին, սրտի կաթվածից նվաղում է և մահանում սիրած երիտասարդի գրկում: Գրողը այդ մահը ներկայացնում է որպես երջանիկ մահ, որպես այդ կնոջ կյանքի վերջին աստեղային պահը:
Իմ դասերին զրուցում եմ աշակերտների հետ, սիրում եմ զրուցել, ինչպիսի~ ուշադիր հայացքներ և որքա~ն շատ հասկացվածություն, երբ նույնիսկ թույլ կարողությունների տեր աշակերտի կարծիքն եմ ուզում իմանալ: Իմ հերոսները խոսուն են դառնում, երբեմն` քարկոծվում, երբեմն` մեծարվում դեռահասների կողմից, մեկընդմեջ մեր գրական կերպարները երբեմն մեր օրերում են հայտնվում, երբեմն իմ աշակերտներն էլ դարերով հետ են գնում, զրուցում գրական հերոսների հետ, ապրում նրանց ցավով, երբեմն` հրճվում, երբեմն` տխրում, պատահում է` հուզվում են, նաև` արտասվում... Բայց ինչու՞ են մեր գրական կերպարները երբեմն իրենց վերաբերմունքով այդ միջավայրում արդարացվում, իսկ մեր շրջապատում` դատապարտվում: Մեր միջավա՞յրն է մեղավոր, թե՞ մենք…
Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6212 անգամ