Ուսուցչի օրվա հետ կապված` որքան զարմանալի, նույնքան հրաշալի էր, երբ լսեցի այս խոսքերն իմ դասղեկական 7-րդ դասարանում. «Ճիշտն ասած, ուսուցչի մասին խոսելը շատ բարդ խնդիր է, որովհետև արդեն սպառվել են վեհ բառերի պաշարները, որոնց շնորհիվ կարող ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց` իրենց չափազանց կարևոր և ծանր աշխատանքի համար» (Մկրտչյան Անի):
Նայում եմ ինձ ժպտացող աշակերտուհուն, ապա հայացքս սահում է մեկ ուրիշ աշակերտուհու ուղղությամբ. «Նա ոչ միայն լույսի ու ջերմության մի անսպառ շտեմարան է, այլ նաև հարազատ ու սրտացավ մեկը, ով քո կողքին է ցանկացած դժվար պահի, երբ դու նրան ամենաքիչն ես սպասում: Նա է քո ամեն մի հաջողությամբ առաջին ուրախացողը, քո ամեն կորուստ ավելի ծանր տանողը, ով, սակայն, կարող է թաքցնել կարեկցանքը` քեզ նորից ոգեշնչելու և թևեր տալու համար» (Հովհաննիսյան Լուսինե):
Մի՞թե կա շատ ավելի բարձր գնահատական, քան աշակերտների վեհ ու հրաշալի խոսքերն են ուսուցչի մասին. «Ուսուցիչն ամենաիմաստուն հանրագիտարանն է, ով պատասխանում է մեր բոլոր անհասկանալի հարցերին» (Հակոբյան Մանե):
Նայում եմ ձեռքն օդում թափահարող մեկ ուրիշ աշակերտուհու, որ ավելացնում է ակնածանքի մի նոր խոսք. «Ես ուրախ և երջանիկ եմ, որ ծնվել ու մեծացել եմ ուսուցչի ընտանիքում, նրանց շնորհիվ է, որ բարձր ու վեհ զգացում ունեմ նրանց հանդեպ, իմ համար նրանք սուրբ էակներ են» (Մելքումյան Էլմիրա):
Մի ամբողջ դասաժամ ուսուցիչներին ուղղված հրաշալի խոսքեր էին հնչում, մեկը մյուսից առաջ ընկնելով, ամեն մեկը յուրովի իր ակնածանքն էր ուզում արտահայտել, որ օրհներգի նման հնչում էին այս դեռահասների շուրթերից: «Ուսուցիչների ազնիվ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ է գիտության լույսը տարածվում մեր հոգիներում, նրանք մեր ազգի դպրության առաքյալներն են» (Սամվելյան Անժելիկա):
Տղաներից այն մեկը, որ անպայման ուզում էր իր միտքն արտահայտել, վերջապես հերթը նրան է հասնում. «Բոլորը չէ, որ կարող են արժանանալ այդ բարձր կոչմանը, չէ՞ որ ուսուցիչն է սովորեցնում ապրել կյանքում ճիշտ, պայքարել, ժպտալ, անգամ դժվար իրավիճակում բարություն անել, հերոս լինել» (Բաղրյան Նարեկ):
Նորից ու նորից հպարտությամբ է լցվում հոգիդ, որ իզուր չի անցել աշխատանքդ, երբ առջևդ նստած աշակերտներն են մեծարանքի խոսքեր հղում ուսուցիչներին, նախապատրաստում նրանց տոնական օրվան: Եվ համոզվում ես, որ դար էլ անցնի, որպես հարատևող կանչ, հավերժ կհիշվի սուրբ գործը նրանց: «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա):
Նատաշա Պողոսյան,Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 21056 անգամ