Մեծարանքի խոսք ուսուցիչներին
2016-10-04 17:47:00
Որպես Արցախի դպրոցի ուսուցչուհի` սահմանամերձ բնակավայրիս ապրումներով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների այս հիանալի մասնագիտական տոնը: Այն լինելության խորհուրդն է, որ ապրելու կամք ունի իր մեջ, հարատևություն, այն ուսուցչի աշխատանքի արժանի գնահատանք է, մեծարման օր: 
«Ո՞Վ Է ՈՒՍՈՒՑԻՉԸ», - հարց, որի պատասխան արձագանքը պիտի հնչեր որպես մեր տասներկուերորդցիների ակնածանքի խոսք` ուղղված ուսուցիչներին:
«Ուսուցիչը կատարյալն է...Տանել չեմ կարողանում այն ուսուցիչներին, ումից վախենում են աշակերտները» (Աբրահամյան Ռուզաննա): «Ինչ ստանում է աշակերտը դպրոցում ուսուցչից, չի ստանա կյանքի ոչ մի փուլում: Ուսուցիչը պատրաստի հոգեբան է...» (Ղուլյան Գեղեցիկ): «Երեխաների կյանքում ուսուցիչներն ընդամենը սովորեցնողներ չեն, նրանք օրինակ են, առաջնորդող, ձևավորող և երեխայի ապագայի վերաբերյալ հայացքներ կազմավորող» (Հովսեփյան Լիլիթ): «Ինչպես զինվորն է իր զենքով պայքարում` հայրենի հողը ազատագրելու, այնպես էլ ուսուցիչն է գրչով մարտնչում` հայ գիրը սուրբ պահելու համար» (Բաղրյան Իննա):
«Ուսուցիչն է, որ իր շունչը խառնում է հայոց սուրբ հողին և նմանվում արարողի: Նրանց մեջ հորդում է արարչության լույսը» (Արզումանյան Լադա): «Հարգում ու սիրում եմ այն ուսուցիչներին, ովքեր ընկերական են աշակերտների հետ, ովքեր հասկանում են նրանց հոգեբանությունը և ինչ-որ տեղ ներում նրանց սխալները» (Ջավադյան Վարդուհի): «Շատ ծանր է ուսուցչի աշխատանքը, ես երբեք չէի ցանկանա լինել ուսուցիչ» (Խաչատրյան Աննա): «Ես փորձում եմ մտնել ուսուցչի բարդ դրության մեջ, ով ձգտում է աշակերտներին գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ` մտերիմ ու ջերմ կապ ստեղծել, որպեսզի աշակերտների համար հետաքրքիր միջավայր լինի» (Անդրյան Անգելինա):
«Իմ համար ուսուցիչը նա է, ով իր մասնագիտությունը դարձնում է իսկական արվեստ, օգնում աշակերտին` հաղթահարելու բոլոր դժվարությունները» (Դանիելյան Անուշ): «Ուսուցիչը պետք է աշակերտների հետ ընկերական լինի, որպեսզի նրանց հարգանքը վայելի: Սիրում ու հարգում եմ բոլոր ուսուցիչներին, սակայն երբեք որպես ուսուցիչ չեմ աշխատի» (Կարապետյան Արմինե): «Իմ համար ուսուցիչը նա է, ում կերպարը տարիների ընթացքում սկսում եմ սիրել և նրա բոլոր լավ կողմերը օրինակ են ծառայում բոլորիս համար» (Սաիյան Դիանա):
Յուրաքանչյուր միտք յուրովի հետաքրքիր է, բայց նաև աշակերտների համար ուսուցիչը երևում է որպես կատարելություն, որպես հոգեբան, իսկական մանկավարժ, ուսուցանող, լույսի սերմնացան…Նա սրտեր ջերմացնող է, դժվարություններ հաղթահարող, հողի նվիրյալ, օրինակելի կերպար: Մնում է` շնորհակալություն հայտնել մեր աշակերտներին` մեծարանքի այս խոսքերի համար, բայց նաև ուսուցիչներին ուղղված պարտավորվածություն է սա, որ նույնիսկ մտորելու տեղիք է տալիս…

Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 24056 անգամ