Ղարաբաղյան հակամարտության ապագան քննարկում են ԱՄՆ-ի վերլուծաբանները
2016-10-04 23:34:00

Միացյալ Նահանգներում վերլուծաբանները շարունակում են քննարկել ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումներն ու կարգավորման հեռանկարները: Վաշինգտոնում Ջորջ Մեյսոնի համալսարանում գիտական հանրությանն է ներկայացվել ամերիկյան եւ մի շարք այլ կազմակերպությունների միջոցներով հրատարակված Հակամարտությունների վերափոխման հանդեսի առաջին համարը: Հանդեսի գործադիր խմբագիր, հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանի խոսքով, նախագիծը եզակի է իր բնույթով.

«Սա առաջին դեպքն է, երբ Հարավային Կովկասի տարբեր հատվածներից մարդիկ միավորվել եւ որպես համահեղինակներ միասին են գիտական հոդվածներ գրել»:

Գամագելյանի խոսքով, հանդեսի առաջին համարի հոդվածների վրա աշխատել է երեք տասնյակից ավելի հեղինակ Հայաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ չճանաչված տարածքներից՝ Ղարաբաղից, Աբխազիայից եւ Օսեթիայից: Հոդվածներից շատերը գրվել են միասին հակամարտության տարբեր կողմերում գտնվող երկրները ներկայացնող մասնագետների կողմից:

«Նախագծի հիմնական ձեռքբերումն այն է, որ տարածաշրջանի տարբեր շրջաններից 30-40 մասնագետներ միավորվել եւ ամուր մասնագիտական կապեր էին ստեղծել, միասնական արդյունք ապահովելով», - նշել Ֆիլ Գամագելյանը:

Անդրադառնալով բուն ղարաբաղյան հակամարտության զարգացման հեռանկարներին, Ֆիլ Գամագելյանը նշել է, որ եթե մինչեւ ապրիլյան պատերազմ իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, ապա քառօրյա պատերազմը սառեցրեց որոշ ռազմատենչ տրամադրություններ:

«Ապրիլից հետո պատերազմի հնարավորությունը նվազել է, որովհետեւ այն սկսող կողմը պետք է լիներ Ադրբեջանը, իսկ ապրիլն ապացուցեց, որ պատերազմով խնդիրը կարգավորել հնարավոր չէ եւ դա հաշվի առնելով կասկածում եմ, որ այսօր Ադրբեջանը կրկին չի փորձի գնալ նման քայլերի»:

Վերլուծաբանի կարծիքով սակայն, ապրիլյան պատերազմից եւ զոհերից հետո կողմերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ ո՛չ հայկական ոչ էլ ադրբեջանական կողմը զիջումների պատրաստ չեն: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչը համամիտ է, որ ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել մոտ ապագայում: Նախկին դիվանագետի կարծիքով սակայն, ապրիլից հետո ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղիով է ընթանում.

«Այժմ մենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության իրավիճակում ենք եւ դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, քան կար մինչ ապրիլ, քանի որ այժմ երկու կողմերը տեսան, որ ռազմական ուղին միակ ճանապարհն է պահպանել իրենց դիրքերը ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ միջազգային ասպարեզում»:

Ռիչարդ Կազլարիչի խոսքով, ձմռան ցրտի պայմաններում ղարաբաղյան հակամարտության շրջանում պատերազմը քիչ հավանական է, սակայն առաջիկա գարունը կարող է իր հետ վտանգավոր իրավիճակ բերել:

Այս նյութը դիտել են - 3176 անգամ