Նա ուզում էր ապրել և կյանք էր խնդրում
2016-10-05 10:55:00
Այսօր Ուսուցչի օրվան նվիրված համերգը Մարտակերտում կասեցվեց, մեր հասարակության համար այս տոնական օրը բացվեց սարսռազդու բոթով: Եվ ես ժամեր եմ հաշվում, որ հոկտեմբերի 5-ի տոնական այս օրն անցնի: Իսկ այն սահում է կամաց, և ես փորձում եմ արտաքուստ հանգիստ ու սիրով, շնորհակալական զգացումով ընդունել բոլորի ի սրտե ասված շնորհավորանքները: Բայց ծաղիկների բազմազանության մեջ մի նոր հայացքով եմ նայում վարդերին, որոնք սիրում էր նա, ու մտովի առանձնացնում եմ երկու փունջ, որ նա Ուսուցչի օրը պիտի նվիրեր ` սահմանամերձ բնակավայրիս 9-ամյա հիմնական դպրոցի տնօրեն իր շատ սիրելի մայրիկին ու մեր դպրոցի դասվար իր հմայիչ տիկնոջը: 
Ծանր հիվանդությունից հետո անժամանակ կյանքից հեռացավ բոլորիս սիրելի Արտաշես Գրիգորյանը` ընտանիքի լավագույն հայր, սիրված ամուսին, կենսախինդ բնավորությամբ, մաքուր հոգու տեր մի երիտասարդ, ում դասավանդել եմ տարիներ առաջ:
Ես նրան հիշում եմ 5-րդ դասարանից, և արցունքներիս արտացոլանքում երևում է նա` մի կախարդական փայտիկ ձեռքին, որ փորձում էր նրանով վերակենդանացնել բոլոր զոհված ազատամարտիկներին: Երբ դասարանում հարցրի աշակերտներին, թե կախարդական փայտիկ ունենալու դեպքում ի՞նչ կցանկանային…Աշակերտներից մեկը շքեղ տուն էր ուզում, մեկ ուրիշը` մեքենա, մի երրորդը` բարվոք կյանք…Եվ հանկարծ նա ձեռք բարձրացրեց, մտախոհ էր հայացքը, նաև` զարմացած…Ամենօրյա այն մեղմ ժպիտը քաշվեց դեմքից, ապա միանգամից հնչեց նրա խոսքը, որ անակնկալի բերեց ինձ. «Ես կփորձեի այդ փայտիկով վերակենդանացնել մեր բոլոր զոհված ազատամարտիկներին»:
Լռության քողը պատում է դեմքս, այդ լռության մեջ սրբում եմ արցունքներս, տարիների հեռավորությունից հիշողությանս մեջ երևում է իմ բարեհամբույր աշակերտ Արտաշես Գրիգորյանը, որ կախարդական փայտիկը ձեռքին` փորձում էր վերակենդանացնել բոլորին, բայց ինքն այս օրերին չկարողացավ փրկվել:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 4577 անգամ