Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշակի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի և ստվերում մնա:
Թերթը հղում տալով իր աղբյուրներին նշել էր, որ Բեգլարյանը հակադարձել էր նախագահին և հայտարարել, որ իր կատարած քայլերը եղել են ի նպաստ Սերժ Սարգսյանի: Թերթի փոխանցմամբ Բեգլարյանը հրաժարվել է մտնել ստվերային դաշտ:
Այս հրապարակումից հետո հետարքիքր հայտարարությամբ է հանդես եկել ՊԵԿ-ը: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում։
Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն:
Պետք է նկատել, որ «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունն էր: Մամուլում բազմիցս գրվել է, որ ավտոմայրուղու շինարարության համար նախատեսված գումարների բավական մասը գրպանվել է: Մամուլի բազմաթիվ հրապարակումներում նշվում էր նաև Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը:
Հետաքրքիր է, որ սույն ստուգումների հետ կապված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար: Եվ գուցե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության գումարների հետ կապված նոր մանրամասններ մեզ հայտնի դառնան:
Կարծում ենք սա նաև հետաքրքիր մեսիջ է նաև նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին: ԵՎ եթե նա որոշում կայացնի նախագահի հորդորներին հակառակ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ապա կարող է ՊԵԿ քննչական վարչություն ուղարկված նյութերին ընթացք տրվի և գուցե գլխավոր պատասխանատու Գագիկ Բեգլարյանն էլ ձերբակալվի:
Այս նյութը դիտել են - 2532 անգամ