Հալեպում հայերի վիճակն օրհասական է: Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի, վիրավորների, հայկական թաղամասում խոշոր ավերածությունների մասին: Հայաստանցիների անհանգստությունը փարատել փորձող սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ, ի պատասխան այդ ահազանգերի այլ պատճառաբանություն չգտավ, քան այն, որ սիրիահայերից շատ քչերն են ցանկանում այնտեղից հայրենիք տեղափոխվել, իսկ իրենք չեն կարող մարդկանց պարտադրել:
Հրանուշը պարտադրել չի սիրում: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան միանգամայն այլ տրամադրությամբ է տոգորված: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել նրանց, ովքեր ցանկանում են Սիրիայից Հայաստան տեղափոխվել: Ռուս տիկինը չի ասել՝ դրանք շատ են, դրանք քիչ են, Հրանուշ Հակոբյանի պես թվաբանությամբ չի զբաղվել, նույնիսկ Հրանուշին ընթացակարգն է հուշել՝ բացատրելով, որ եթե «կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, ապա նրանք պետք է համապատասխան ձևով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի ԱԳՆ ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ համապատասխան ձևով, եթե դրական է նայում հարցին, պետք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնություն ցուցաբերել»:
Ստացվում է, որ այս պահին Մարիա Զախարովան արտահաստիքային կարգով իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարի գործառույթները: Իսկ նման իրավիճակում անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր հատկապես այս օրերին, երբ նոր կառավարության կազմ էր ձևավորվում, կցանկանային տիկին Հրանուշի փոխարեն տեսնել տիկին Մարիային: Դրա մեջ արտասովոր բան չէր լինի: Ի վերջո, մենք նույնիսկ վարչապետին ենք Մոսկվայից բերում: