Ծանրորդ Նորիկ Վարդանյանի՝ Յուրի Վարդանյանի որդու մոտ նույնպես դոպինգ է հայտնաբերվել
2016-10-06 22:37:00

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է հերթական հայ ծանրորդի անունը, որի մոտ արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Ինչպես նշվում է միջազգային ֆեդերացիայի կայքում, 2012 թ. Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում Նորիկ Վարդանյանի մոտ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն է հայտնաբերվել:

Նորիկ Վարդանյանը ժամանակավորապես զրկվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից: Նրա վերաբերյալ որոշում կկայացվի եւ հայտարարություն կարվի:

Լոնդոն 2012-ում 94 կգ քաշայինների պայքարում մարզիկը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:

Նորիկ Վարդանյանը 1980 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հեղինակ գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է: Նա ծնվել է 1987 թ. Գյումրիում։ 1991 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նա հոր գլխավորությամբ սկսել է զբաղվել ծանրամարտով։ 2008 թ. դարձել է ԱՄՆ 94 կգ քաշայինների չեմպիոն։ 2009 թ. ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան։ 2012 թ. Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոն 2012-ին: Հետագայում, կրկին մեկնել է ԱՄՆ եւ մրցումների մասնակցել ԱՄՆ դրոշի ներքո:

Ավելի վաղ, արգելված խթանիչներ էին հայտնաբերվել նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Պեկին 2008-ի բրոնզե մեդալակիր Տիգրան Գ. Մարտիրոսյանի մոտ: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման համաձայն՝ Տիգրանը պետք է որքան հնարավոր է շուտ վերադարձնի բրոնզե մեդալը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 4263 անգամ