Ղարաբաղ-ադրբեջանական սահմանից ստացվող վերջին օրերի ամփոփագրերն ավելի ու ավելի լարված իրավիճակ են ենթադրում: Ադրբեջանն ինտենսիվացրել է կրակոցները, կիրառվող զենքի տեսակներն ու տրամաչափն «աճում» են: ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ այսօր արդեն երկար ժամանակից ի վեր առաջին անգամ նշվում էր, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հրապարակվել է ադրբեջանական կրակոցներից հայկական վնասված բեռնատարի լուսանկարը:
Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Քերրին հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի լուծման պայմաններ ներկայում չկան: Դրան հետեւեց Ռուսաստանի ԱԳՆ բավական նյարդային արձագանքը. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք», հայտարարել էր ԱԳՆ խոսնակ Զախարովան:
Այսօր Ադրբեջանը պաշտոնապես իր վրդովմունքն է հայտնել Ջոն Քերիի հայտարարության նկատմամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել է, որ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ղեկավարների անպատրաստ լինելու վերաբերյալ զարմացնում և վշտացնում են մեզ»:
Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներդաշնակ արձագանքը նորություն չէ, հատկապես վերջին տարիներին: Եվ դա բնական է՝ ԱՄՆ-ն փաստացի առաջարկում է ստատուս-քվոյի «ճանաչում», այդ թվում հետաքննությունների մեխանիզմի ներդրումով, ինչը Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականության վախճանը կլինի Ղարաբաղում: Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունն ու շահն այս հարցում նույնական են:
Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել Սիրիայում: Պուտինը նույնիսկ գնաց «միջուկային շանտաժի», որպեսզի ԱՄՆ-ից փորձի զիջումներ կորզել Սիրիայում, մասնավորապես՝ որպեսզի Մոսկվան հայտնվի Սիրիայի հարցում որոշում կայացնողների «ակումբում»: Սակայն Ռուսաստանին համառորեն թույլ չեն տալիս, իսկ ԱՄՆ-ն ռուսական շանտաժին պատասխանեց կոշտ քայլերով, մասնավորապես՝ Սիրիայում ռուսական օդանավերի համար երկինքը «փակելու» նախաձեռնությամբ:
Հիմա Ռուսաստանը երեւում է կրկին փորձում է «ակումբ» մտնել Ղարաբաղով, ինչպես ապրիլին: Կասկած չկա, որ սահմանին Ադրբեջանն իրավիճակը սրում է Մոսկվայի հետ համաձայնությամբ, որն այդպիսով ձգտում է ԱՄՆ-ին «հարկադրել» բանակցության: Դա է Քերրիի հայտարարությանը Մոսկվայի ու Բաքվի նյարդային արձագանքի պատճառը:
Զուգահեռ, ադրբեջանական մամուլում կրկին հաճախակի են դարձել ռուս փորձագետների տարատեսակ հրապարակումները Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին:
Այս իրավիճակում Հայկական զինված ուժերը պետք է անցնեն նոր ռեժիմի՝ հնարավոր նոր սադրանքները կանխելու համար: Ռուս-ադրբեջանական գործակցության ոճն ու մեթոդները լավ հայտնի են, այդ փորձը կա:
lragir.am