Վիգեն Սարգսյանն ԱՄՆ գործակա՞լ. Armtimes
2016-10-07 19:11:00
Իհարկե, սովորաբար անանուն նամակները լուրջ չեն ընկալվում, սակայն այս մեկի լրջությունը հավաստեց հենց ինքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն երեկ, այս նամակի հետ կապված, պաշտոնական հերքում հրապարակեց` խոստանալով պարզել դրա հեղինակներին: Այսպես, «ԱԱԾ մի խումբ աշխատակիցների» հեղինակած նամակում, որը տարածվել է [email protected] էլեկտրոնային հասցեից, սկսվում է այսպես. «Հայաստանի ներկա իշխանությունները իրենց ոչ կոմպետենտ եւ անհեռատես քաղաքականությամբ վնասում են Հայաստանի պետական շահերին, ստիպված ենք մեր հասարակությանը տեղյակ պահել վերջերս հետախուզական աշխարհում կատարվող արտառոց դեպքերի մասին, հույս ունենալով, որ այս հրապարակումը կկանխի մեր պետական անվտանգության համար էլ ավելի վնասակար զարգացումները»: Իսկ պատմությունը, որը ներկայացվում է նամակում, ըստ հեղինակների, կապված է վերջերս ԱՄՆ-ում ծագած «լրտեսական պատմության» հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ իշխանությունները բացահայտել էին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) համար աշխատող գործակալների մի ցանց: Անանուն նամակի հեղինակների պնդմամբ, սակայն, այդ աղմկոտ միջադեպն ունեցել է իր նախապատմությունը, որը չնայած հնչեղություն ձեռք չի բերել, բայց առավել ուշագրավ է, քանի որ այն առնչվում է նաեւ Հայաստանի հետ: «Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ԱՀԾ-ին հաջողվել է Վաշինգտոնում անցկացված հատուկ օպերացիաների շնորհիվ բացահայտել որոշ տեղեկություններ ամերիկյան Կենտրոնական Հետախուզական Վարչության (CIA) կողմից դեռ անցյալ դարի վերջից սկսած հավաքագրված եւ ԱՊՀ երկրների տարածքում գործող գործակալների մի ամբողջ ցանցի մասին: Այդ ցանցի մի մասը գործել է նաեւ Հայաստանում, որտեղ նրանց առջեւ խնդիր է դրվել թափանցել պետական իշխանության մարմիններ, ինչպես նաեւ ազդեցիկ դիրքեր գրավել բիզնեսի տարբեր ոլորտներում, փոխանցել Հայաստանի պետական կառավարման, քաղաքական եւ տնտեսական կյանքին վերաբերող կարեւորագույն տեղեկություններ, ինչպես նաեւ ազդել ԱՄՆ-ի համար բարենպաստ որոշումների կայացման ուղղությամբ:

Ռուսական ԱՀԾ-ին հաջողվել է պարզել, որ այդ ցանցում առանցքային դեր է կատարում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, որը հավաքագրվել է ամերիկյան հետախուզության կողմից մոտ տասը տարի առաջ, երբ սովորում էր Բոստոնում ամերիկյան համալսարաններից մեկում»,- նշված է նամակում: Ըստ նամակագիրների, քանի որ Վիգեն Սարգսյանն ազդեցիկ դիրք է զբաղեցնում Սերժ Սարգսյանի աշխատակազմում, մասնակցում է վերջինիս առանցքային հանդիպումներին եւ տիրապետում է կարեւորագույն պետական գաղտնիքներին, ռուսական կողմը Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ գործակալ լինելու մասին տեղեկությունը փոխանցել է անձամբ Սերժ Սարգսյանին:

«Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը պատասխանել է ռուսական կողմին, որ որոշել է խուսափել Վիգեն Սարգսյանին, որպես օտար երկրի համար լրտեսություն կատարող գործակալի, հրապարակային բացահայտման սկանդալից, փոխարենը ստիպել է Վիգեն Սարգսյանին գրավոր խոստովանություն տալ, որ նա համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ օգնել Հայաստանի ԱԱԾ-ին բացահայտել ԱՄՆ հատուկ ծառայությունների համար աշխատող այլ գործակալների անունները: Հարցաքննելով Վիգեն Սարգսյանին եւ իր կողմից հայտնած կոնտակտներին, ԱԱԾ-ն շատ արագ կարողացել է բացահայտել Հայաստանում վերոնշյալ ծրագրի շրջանակներում գործող ամբողջ լրտեսական ցանցը: Ռուսական կողմի ճնշման ներքո այդ գործակալների ցուցակը փոխանցվել է Մոսկվային»,- նշված է նամակում:

Շարունակելով` նամակագիրները նշում է, որ ռուսական կողմը ստուգումներից հետո պարզել է, որ իրեն ներկայացված ցուցակը իսկականը չէ: Այսինքն, այն տարբերակը, որը կազմվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ռուսական հատուկ ծառայություններին չի ուղարկվել: «Մինչեւ Մոսկվա ուղարկվելը այն (ցուցակը-Վ.Հ.), մի կողմից, համաձայնեցվել է ամերիկյան կողմի հետ, ինչի հետեւանքով որոշ առանցքային գործակալների անունները հանվել են, եւ, մյուս կողմից, ցուցակի մեջ խաբեությամբ մտցվել են նաեւ որոշ ազդեցիկ ընդդիմադիր գործիչների անունները, նպատակ ունենալով նման կերպ վարկաբեկել ընդդիմությանը Ռուսաստանի աչքերում, որպես արեւմտամետ ուժի»,- տեղեկացնում են նամակագիրները: Վերջիններիս գնահատմամբ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իր նման քայլով ծանր եւ բազմակողմանի հարված է հասցրել Հայաստանի պետական անվտանգությանը «եւ, հատկապես, մեր պետության հատուկ ծառայությունների` որպես հուսալի եւ վստահելի գործընկերների վարկին»:

Ըստ նամակագիրների, եթե երկրի ղեկավարությունը լիներ իր դիրքերում, ապա Վիգեն Սարգսյանի նկատմամբ «առաջին հերթին պետք է սահմանվեր պատշաճ օպերատիվ վերահսկողություն եւ զուգահեռ աստիճանաբար նվազեցվեր նրա ներգրավվածությունը կարեւոր պետական գործերին, նպատակ ունենալով ընդհանրապես նրան հեռացնել պետական ապարատից»: Իսկ ՀՀ քաղաքական վերնախավի դրսեւորած մոտեցմամբ, ըստ նամակագիրների, Վիգեն Սարգսյանը եւ «մի քանի այլ գործակալներ» խուսափել են քրեական պատասխանատվությունից: «Նրանց հանցագործությունը, ըստ էության, պարտակվել է, մնացել է անպատիժ, ինչը պարարտ հող է ստեղծում ապագայում նման հանցավոր գործունեության զարգացման համար»,- նշում են նամակագիրները: Վերջիններիս կարծիքով` նման քայլը հակասում է նաեւ «հետախուզական աշխարհում գործող չգրված կանոններին», քանի որ այս դեպքում Վիգեն Սարգսյանը վերածվել է «երկակի գործակալի» ինչն անթույլատրելի է, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյաներին երբեք որպես «երկակի գործակալ» չի կարելի օգտագործել»:

«....Պարտադրելով նրան բացել մյուս գործակալների ցանկը եւ փոխանցելով այն ռուսական կողմին, փաստորեն հակադարձ լրտեսական պատերազմի մեջ է մտել ԱՄՆ-ի դեմ: Ցուցակի համաձայնեցումը ամերիկյան կողմի հետ, թվում է թե հետապնդել է ամերիկացիների վստահությունը շահելու նպատակ, բայց իրականում միայն բացահայտել է ամբողջությամբ այն քայլերը, որ Հայաստանի ղեկավարությունը կատարել է ամերիկյան հատուկ ծառայությունների դեմ ռուսական հատուկ ծառայությունների ճնշման ներքո»,- պարզաբանում են նամակագիրները: Վերջիններիս գնահատմամբ` ՀՀ քաղաքական վերնախավի քայլի արդյունքում, ՌԴ եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների աչքերում ՀՀ ԱԱԾ-ն այլեւս դիտարկվելու է որպես անհուսալի գործընկեր: «Փաստորեն, Ռուսաստանի կողմից բարեկամաբար տրամադրված տեղեկությունների դիմաց Հայաստանի ղեկավարությունը մի ամբողջ ապատեղեկատվական գործողություն է կազմակերպել Ռուսաստանի դեմ, փորձելով, մի կողմից, շահել ԱՄՆ-ի բարյացակամությունը, եւ, մյուս կողմից, լուծել ներքին քաղաքական խնդիրներ, երկու դեպքում էլ չարաշահելով Ռուսաստանի վստահությունը»,- նշում են նամակագիրները:

Ինչպես արդեն նշել ենք, երեկ ՀՀ ԱԱԾ-ն վերը բերված նամակի առնչությամբ հերքում էր տարածել: «ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ տարածված նամակը քաղաքական եւ լրատվական որոշակի շրջանակների հերթական չհաջողված արկածախնդրության դրսեւորումներից է, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ չի կարող անգամ ճշմարտանման լինել»,- նշված է հաղորդագրությունում: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ նախագահականից, սակայն այստեղից մեզ ասացին, թե խնդրո առարկա նամակն անհեթեթություն է, եւ իրենք չեն ցանկանում այն մեկնաբանել:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 7757 անգամ