Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում երեկ կայացել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակիցների 2-րդ հեռուստաբանավեճը, որի ընթացքում թե՛ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, թե՛ հանրապետական Դոնալդ Թրամփը հանդես են եկել կտրուկ հայտարարություններով:
Սակայն, ինչպես նշում է The Hill-ը, բանավեճի ամենաշատ քննարկված պահերից մեկն այն է, որ ճանճը նստել է Քլինթոնի դեմքին, ինչից հետո քաղաքական գործիչը շարունակել է իր ելույթը՝ անտեսելով կպչուն միջատին:
Համացանցի օգտատերերին այնքան է տպավորել ճանճի հայտնությունը, որ միջատի անունով առանձին էջեր են բացվել Facebook և Twitter սոցկայքերում: Օգտատերերի մի մասը կատակել է՝ նշելով, որ ճանճն ուղարկված էր Թրամփի կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ըստ CNN հեռուստաալիքի անցկացրած բլից հարցման արդյունքների, 2-րդ հեռուստաբանավեճում հաղթել է դեմոկրատ Քլինթոնը:
Կին թեկնածուին հաղթող է ճանաչել հարցվածների 57%-ը, իսկ Թրամփին՝ 34%-ը: Ի դեպ, հարցվածների 63%-ն ասել է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն իրենց կանխատեսածից շատ ավելի լավ է ելույթ ունեցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բլից հարցումն անցկացվել է գրանցված ընտրողներից 537-ի շրջանում:
Քաղաքական գործիչների ավանդական ձեռքսեղմումով մեկնարկած հեռուստաբանավեճի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ երբ նախագահ դառնա՝ Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի: