Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյանը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակին հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
Չնայած, Ավետյանի ադրբեջանահաճո հաճոյախոսություններին՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել Բաքու եւ նա այսօր վաղ առավոտյան մեկնել է Կիեւ: Այնինչ, Բաքվի օդանավակայանում նա հայտարարել էր, թե մտադիր է Ադրբեջանում մնալ մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Վահե Ավետյանը բոլոր հիմքերն ունի իրեն «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հորջորջող Վահան Մարտիրոսյանի արժանի հետեւորդը կոչվելու համար: Չնայած, որ Ավետյանը պնդում է, թե իր նախաձեռնությամբ է ժամանել Բաքու եւ առաջին հայն է, որ առանց իր այցը համաձայնեցնելու ժամանել է Ադրբեջան՝ չի կարելի բացառել, որ նա ի սկզբանե համաձայնեցրել է այցը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դեպի Ադրբեջան թռիչքների ժամանակ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ մտնել ինքնաթիռ, էլ ուր մնաց հասնել Բաքու: Հավանաբար, նրա ամբողջ առաքելությունը սոսկ Բաքու ժամանելն էր, որը տեղի լրատվամիջոցներին թույլ կտար թմբկահարել, թե հերթական հայն է ժամանել Ադրբեջան:
Մնում է ենթադրել, որ սույն անձնավորությունը, աչքի տակ ունենալով Վահան Մարտիրոսյանի փորձը, եւս որոշել է մեծ բաժին ունենալ ադրբեջանական սպառվող նավթադոլարներից: Սեփական ժողովրդին պիտակներ կպցնող անձնավորությունը, հավանաբար, որոշել է մեծացնել իր «արտադրանքի» սպառումը: Իսկ այդպիսի լայն սպառման շուկա կարող է լինել Ադրբեջանը, որը նա անվանում է եղբայրական: Հնարավոր է, որ ազերիների մեծ ուշադրությունից զրկվելով՝ նա որոշել է անձամբ հիշեցնել իր գոյության մասին եւ իր «ծառայությունները» առաջարկել: Ավետյանը, կարծես, փորձում է հետ չմնալ Մարտիրոսյանից: Իսկ Մարտիրոսյանը, ինչպես գիտենք, 2015 թվականի օգոստոսի 18-ին Բաքու փախչելուց հետո այնտեղ ջերմ ընդունելության էր արժանացել սեփական ժողովրդի ու երկրի դեմ հայտարարություններ անելու համար:
Դժվար չէ կռահել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում մի անձնավորություն, որի հետ պարբերաբար հարցազրույցներ են կազմակերպում ադրբեջանական լրատվամիջոցները: Համացանցը ողողված է նման հարցազրույցներով, որոնց ժամանակ, օրինակ, նա ղարաբաղյան հիմնախնդիրը անվանում է Ադրբեջանի ներքին հակամարտություն եւ խոսում է հայերից ու թուրքերից ներողություն խնդրելու անհրաժեշտության ու նման այլ բաների մասին:
Այս նյութը դիտել են - 3896 անգամ