Այնքան էլ մեծ ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նախնական ծրագրերը և առկա իրողությունները ոչ մի ընդհանրություն չունեն և կառավարության նոր ղեկավարն էլ այն կինոյի հերոսը չէ, որ պիտի գա ու բոլորին ազատի չարքերի ձեռքից:
Դրա փոխարեն վարչապետն ինքն է արդեն նահանջի նախանշաններ ցուցադրում կամ, ավելի ճիշտ, սկսել է հաշվի նստել նրանց հետ, ովքեր այս երկրում խաղի կանոններ են թելադրում:
Երբ առաջին անգամ տեղեկացվեց, որ Կարապետյանի հետ հանդիպել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բոլորն էլ հասկացան, որ նրանց առանձնազրույցի թեման այնքան էլ գործարարության շուրջ չէր:
Իսկ հիմա հայտնի է դառնում, որ վարչապետը հանդիպել է նաև ԲՀԿ նախկին ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ:
Նորից նկատենք, որ տնտեսական հարցերի շուրջ երկխոսության տարբերակը հավաստիների թվում չէ: Փոխարենը շատ հավանական է, որ բարեփոխումների դրոշակակիր վարչապետը կամաց-կամաց իր համար բացահայտում է, թե այս երկրում ովքեր են դրոշակները բռնում և ջանում է իր անձը տեղավորել նրանց արանքում, որովհետև ինքն այդ օլիգարխ հիմնասյուների առաջնորդը լինել չի կարող: