Ճիշտ է, հանրապետական Դոնալդ Թրամփը փորձեց ներողություն խնդրել 11 տարի առաջ արված մի տեսագրության համար, որտեղ նա վիրավորական արտահայտություն է անում կանանց վերաբերյալ, ու ասաց, թե ինքը ատում է այդ տեսագրությունը եւ որ այդ արտահայտություններն ինքն արել է նեղ շրջապատում միայն, Քլինթընը փաստն օգտագործեց հայտարարելու համար, թե այդ տեսագրությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թրամփը չի կարող լինել ԱՄՆ-ի նախագահ։ Նա հիշեցրեց նաեւ լատինամերիկացիների ու մահմեդականների մասին Թրամփի արտահայտությունները։
՝՝Արդյո՞ք սա է մեր պատկերը՛՛, հրապարակային հարց ուղղեց Քլինթընը։
Թրամփը շարունակում էր Քլինթընին անվանել ՝՝ստախոս՛՛ ու մի դեպքում նրան նույնիսկ համարեց չարք։ Նա դեմոկրատ իր մրցակցին քննադատում էր պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ պետական նամակագրությունը մասնավոր էլեկտրոնային կայքով իրականացնելու համար։
՝՝Եթե ես հաղթեմ այս ընտրություններում, արդարադատության նախարարին պիտի հրահանգեմ Ձեր հարցով սկսել հատուկ քննություն՛՛, ասաց նա Քլինթընին՝ ավելացնելով, որ ՝՝մինչ այժմ չի եղել այսքան սուտ ու այսչափ խորամանկություն՛՛։
Քլինթընը Թրամփի այս մեղադրանքներն անվանեց ՝՝սին խոսքեր՛՛, ու շարունակեց, ասելով, թե ՝՝ինչ լավ է, որ Դոնալդ Թրամփի խառնվածքով մեկին չի տրված ԱՄՆ-ի օրենքները տնօրինելու հնարավորություն՛՛։
Թրամփն այստեղ միջամտեց հետեւյալ արտահայտությամբ.
՝՝Որովհետեւ այդ դեպքում դու բանտում կլինեիր՛՛։
Քլինթընը որոշեց նորից հիշեցնել մահմեդական փախստականների վրա արգելք դնելու մասին Թրամփի հայտարարությունն ու ասաց.
՝՝Մենք մահմեդականության դեմ պատերազմի մեջ չենք։ Իսկ Թրամփի նման հայտարարություններն ահաբեկիչներն օգտագործում են ապացուցելու համար, որ իրոք մենք պատերազմում ենք ընդդեմ մահմեդականության՛՛։
՝՝Խոսքը խստագույն ստուգումների մասին է՛՛, հայտարարեց Թրամփը, ավելացնելով, որ Սիրիայից տասնյակ հազարավոր մարդիկ են Ամերիկա մուտք գործում Բարաք Օբամայի ու Հիլարի Քլինթընի վարած քաղաքականության արդյունքում։
Եթե Սիրիայի հարցով Քլինթընը դատապարտում էր Ռուսաստանին, Թրամփը խոսում էր Մոսկվայի հետ համագործակցելու կարեւորության մասին.
՝՝Կարծում եմ Ռուսաստանի հետ լեզու գտնելու դեպքում միասնաբար կծավալեինք պայքարն ընդդեմ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման՛՛։
Երկու թեկնածուների միջեւ դրական միայն մեկ երանգ հայտնվեց երկրորդ բանավեճի միայն վերջում, երբ քվեարկողներից մեկը խնդրեց ինչ որ լավ բան ասել մեկը մյուսի վերաբերյալ։
Հիլարի Քլինթընը նախընտրեց խոսել Թրամփի երեխաների մասին.
՝՝Նրա երեխաները չափազանց կարող ու նվիրված անձնավորություններ են՝՝։
Դոնալդ Թրամփի խոսքերով.
՝՝Նա գործը կիսատ չի թողնում ու չի հանձնվում՛՛։
Քլինթոնն ու Թրամփը մինչեւ նոյեմբերյան ընտրությունները կհանդիպեն եւս մեկ անգամ՝ Լաս Վեգասում հոկտեմբերի 19-ին անցկացվելիք երրորդ ու վերջին բանավեճի ընթացքում։