ԱՆՀԱՍՑԵ ԿԱԿԱՉՆԵՐ
2016-10-11 13:23:00

Պատերազմից տուն վերադարձած հոգնատանջ զինվորը մի լրիվ օր էլ տանը չմնաց: Միայն հասցրեց իրեն կարգի բերել ու մինչ լուսադեմ մի երկու ժամ քնել:

Ամենաառաջին ավտոբուսով հասավ գյուղ մտնող գլխավոր ճանապարհին ու իջավ: 
Կանցնի գարնանային դաշտերի միջով, մի քիչ կցողոտվի, մի քիչ կշաղոտվի: Դաշտից ծաղիկներ կհավաքի:
Չէ, միայն կակաչներ կքաղի: Աղավնին գժի նման կակաչներ է սիրում: Ափսոս, որ ծաղիկները քաղելուց հետո երկար չեն ապրում: Թերթիկները թափվում են ծաղկամանի չորս բոլորը: Աղավնին դա էլ է շատ սիրում ու ամեն անգամ Թումանյանի տողերն է մտաբերում` շորը կարմիր,սիրտը սև...
Աշխատում էր նորահարս կակաչները պոկել, որ թերթերը շուտ չթափվեն: Կակաչի կոկոնները շատ արագ են բացվում, արագ էլ` թառամում:
Մինչ կհասներ դարպասին, կոկոններն արդեն բացվել էին:
Չարագուշակ լռություն էր բակում: Գուցե Չալոն սատկե՞լ է:
Հա, բունը դատարկ է, վզի շղթան անտերության մատնված: Սատկած չլիներ, առաջ կվազեր, կծմրար, պոչը բարեկամաբար կշարժեր, հետո առաջին ոտքերը դոշին կդներ և ուշադիր աչքերի մեջ կնայեր:
Բայց Չալոն չկար:
Նախշուն տատն էլ չի երևում...
Դրսում հավ ու ճիվ էլ չկա:
Պարզ է, տանը ոչ–ոք չկա: Տունը լքված է, տանտերերը գնացել են: Լուսամուտների ու դռան ներկը թափվել է: Տանը կենդանի շունչ չկա: Գերեզմանային սարսռեցնող ու տհաճ լռություն է:
Ինքն էլ չիմացավ, թե ինչպես, կակաչների փունջը մի կերպ մտցրեց մարդու ձեռքին կարոտած բռնակի արանքն ու իրեն դուրս շպրտեց այնքան հարազատ ու օտարացած բակից, կարծես հետևից տանկ էր ընկել:
Մտամոլոր քայլում էր գյուղի անբարեկարգ փողոցներով: Դուրս կգա գլխավոր ճանապարհ ու նույն ավտոբուսով էլ կվերադառնա տուն:
Հեռվից նշմարեց Սաթո տատին, որ մի ձեռքով աչքերին հովանի էր արել, որ ծանոթ եկվորին լավ ճանաչի, մի ձեռքով էլ շալի տուտով աչքից հոսող արցունքն էր ցամաքեցնում: Մոտեցավ, բարևեց:
Սիրտ չուներ փաթաթվեր տատին,համբուրեր, թեպետ գիտեր, որ տատը դրան էր սպասում:
Սաթո տատը ավելի մոտեցավ ու, ի զարմանս, գրկախառնվեց, ձեռքով բարևեց: Սաթո տատի ձեռքի ջերմության հետ ափի մեջ մի ուրիշ, շատ թանկարժեք ջերմություն էլ հոսեց դեպի ձեռքի ափը:
Սիրտը թպրտաց, երակներում սառած արյունը հանկարծակի եռաց ու ջերմությունը տարածվեց ողջ մարմնով: Այս անգամ ինքը փաթաթվեց Սաթո տատին ու մի քանի տաք համբույր դրոշմեց խորշոմած դեմքին:

...Սաթո տատի տված հասցեն թաքցրեց ծոցագրպանում ու մի ուրախ պարեղանակ շվշվացնելով արագացրեց քայլերը: Հետո ձայնը գլուխը գցած` երգելով, վազում էր կակաչների դաշտի մեջով: 
Մեկ որոշեց, որ մի փունջ կակաչ էլ հավաքի, հետը քաղաք տանի: Հետո փոշմանեց: Կակաչները որքան էլ նորահարս լինեն, չեն դիմանում...
Մեկ օր առաջվա զինվորը ազատ քաղաքացի էր: Նա խենթ քամու նման սուրում էր դաշտերի մեջով: Շտապում էր, որ հասնի իր խենթ ու խելառ սիրուն: 
Հանկարծ չուշանա՞ քաղաք գնացող ավտոբուսից...

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 2112 անգամ