Գազանանոցի մենթը կապիտան Գեղամ Խաչատրյանն է...
2016-01-03 00:38:00

Արդեն հայտնի է, որ Ամանորի գիշերը միջադեպ էր արձանագրվել Ազատության հրապարակում: Ցուցարարների ու ոստիկանների միջև ծագած լարվածությունը ավարտվել էր բռնություններով և ձերբակալություններով: Հետո կողմերը մեկը մյուսին մեղադրող հայտարարություններ պիտի տարածեին, սակայն այժմ խոսքը դրա մասին չէ: Հիմա մենք ուզում ենք պատմել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի մասին:

Այս կապիտանը, որ հատկապես մեծ ակտիվություն էր հանդես բերել գիշերային հերոսամարտում, ֆեյսբուքյան իր էջում արել է մի գրառում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Սա մեր ծառայությունն է, մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»:

Փաստորեն կապիտան Խաչատրյանի համար մեր հասարակությունը ոչ այլ ինչ է, քան մի մեծ գազանանոց: Հրապարակ դուրս եկածները նրա համար կապիկներ են: Մյուսներն էլ համապատասխանաբար պիտի որ այլ կենդանիների տարատեսակներ լինեն: Տեսնես Գեղամ Խաչատրյանն ինչպե՞ս կանվաներ այն մարդկանց, ովքեր հող են մշակում, կամ նրանց, ովքեր խորհրդարանում են: Ի վերջո, համազգեստավորների համար էլ նա կենդանակերպի մի անուն պահած կունենար, թեև այս հարցում ժողվուրդը կապիտանից առաջ է ընկել: Անկասկած նույն կապիտանը գիտի, որ մարդիկ իրեն ու իր նմաններին անվանում են մենթ, երբեմն ասում են՝ мусор, այսինքն զիբիլ, ասում են շուն, իսկ երեխաներն էլ բակերում էշ միլիցա են խաղում, և խաղի այդ անվանում էլ հենց այնպես չի ընտրված:Մենք իհարկե, կարող էինք նաև ոստիկաններին վերագվող այլ պիտակավորումներ էլ հիշել, որոնք որ թղթին հանձնելու բան չեն: Բայց չէ՞ որ դա անթույլատրելի է: Չի կարելի մարդուն անվանարկել ու վիրավորել: Ծառայական պարտականություններ կատարող ոստիկաններին առավել ևս չի կարելի: Դա կոչվում է քաղաքացու արժանապատվության վիրավորում և քրեորեն հետապնդելի է: Կապիտան Գեղամ Խաչատրյանն այդ մասին հրաշալի գիտի: Բայց և այնպես հրապարակում հավաքվածներին նա անվանում է կապիկներ:


Ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որ ամեն առիթով խոսում է նոր որակի ոստիկանություն ձևավորելու մասին, հանձին կապիան Խաչատրյանի մեծ առաջընթաց է արձանագրել: Որակական այդ հատկանիշները հանգեցրել են նրան, որ Հայաստանի բնակիչները՝ կախված նրանց քաղաքական հայացքներից, վերածվում են կենդանաբանական այգու բնակիչների: Կապիկներն ու մյուս չորքոտանիները մենթեր դառնալ չեն կարող, իսկ մենթերի երեխաները էշ միլիցա չպիտի խաղան, քանի որ յուրաքանչյուր կենդանի այս երկրում ունի իր որոշակի, հստակ ընդգծված գործառույթը: Ու երբ հատուկ գումարտակի հրամանատարը իր ընտանիքի անդորրն է պաշպանում կապկանման էակներից, ապա երկրում էլ պիտի գործի անտառի օրենքը, որետղ մարդը մարդուն գայլ է: Դու ես խժռում կամ քեզ են խժռում:

shame.am

Այս նյութը դիտել են - 2094 անգամ