Փաստորեն Աշոտյանի ընկնելու ճիշտ վայրը չեն ասում...
2016-01-04 05:02:00

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` տոնական օրերին ընկնելու հետեւանքով ոտքի կոտրվածք ստանալու պատմությունը հասել է մինչեւ Ֆրանսիա եւ յուրօրինակ արտացոլում ստացել ֆրանսահայ մամուլում:

Մասնավորապես, «Նոր Յառաջ» պարբերականը «Նախարար Աշոտեանի սրունքի բեկումով ծագած վէճը» գլխագրով հոդված է հրապարակել, որում հետաքրքիր դիտարկումներով է հանդես եկել: Մեջբերումները, որ կներկայացնենք մեր հոդվածում, իրենց բնույթով ասես Հակոբ Պարոնյանի ժամանակից լինեն՝ «Մեղու»-ի կամ «Մշակ»-ի էջերից:

«Նոր Յառաջ»-ը գրում է, որ Աշոտյանի` վնասվածք ստանալու դեպքն այնքան էլ հատկանշական չպիտի լիներ, եթե այդ երեւույթի շուրջ վեճ ծագած չլիներ: Վեճը, ըստ ֆրանսահայ նշանավոր պարբերականի, հետեւյալն է. Արմեն Աշոտյանը եւ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը հրաժարվում են բացահայտել դեպքի վայրը, եւ այդ գաղտնապահության պատճառն այն է, որ Երեւանը ձյունից լավ չի մաքրվել, եւ Տարոն Մարգարյանի հետ սերտ հարաբերույթյուններ ունենալով` Արմեն Աշոտյանը զերծ է մնում լրացուցիչ մեկնաբանություններից:

«Թէ՛ նախարարը, եւ թէ՛ նախարարութեան բանբեր Զօհրապ Եկանեան կը մերժեն բացայայտել պատահարին թէ՛ վայրը, թէ՛ ալ հանգամանքները եւ շատերու կարծիքով նախարարը Երեւանի փողոցներէն մէկուն մէջ սահած ու ինկած է, վերջին օրերուն առատ ձիւն տեղացած ըլլալով: Կը կարծուի, թէ այդ գաղտնապահութեան պատճառը նախարար Աշոտեանի եւ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի սերտ յարաբերութիւններն են եւ այդ պատճառով իսկ կը փորձուի ծածուկ պահել հանգամանքները, որպէսզի քաղաքապետը չքննադատուի մայթերը մաքրել տուած չըլլալու ամբաստանութեամբ»,-գրում է «Նոր Յառաջ»-ը:

Թերթն այնուհետ անդրադարձել է նաեւ Զոհրապ Եգանյանի մեկնաբանությանը՝ գրելով• «Նախարարութեան բանբերը բաւական երգիծական արտայայտութիւն ունեցած է այս մասին՝ ըսելով, որ պատրաստ է գարնան իր սրունքը բեկանելու, որպէսզի Տարօն Մարգարեանը չմեղադրեն՝ աւելցնելով. «մենք չգիտենք դէպքը որտեղ է եղել։ Ամրանն էլ են ոտք կոտրում, ձմրանն էլ են կոտրում, տարուայ բոլոր եղանակներին… Դա փորձանք է, որ պատահել է։ Մնացածը նախարարը արդէն կը խօսի, երբ որ դուրս գրուի հիւանդանոցից»։

Ուշագրավ է, որ «Նոր Յառաջ»-ը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին անդրադառնում է ոչ շատ հաճախ, ուր մնաց` նախարարի սայթաքելու եւ ոտքը կոտրելու դեպքին: «Նոր Յառաջ»-ի, ինչպես նաեւ սփյուռքահայ մամուլի ուշադրության կենտրոնում լինում են հիմնականում Հայկական հարցը եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունները եւ այլն: Վերջին համարում, օրինակ՝ Աշոտյանի դեպքի մանրամասների կողքին թերթում տեղ են գտել բավականին հետաքրքիր նյութեր` «Թրքական լկտի քաղաքականութիւնը գործի վրայ», «Թրքական բանակը մեծ թիւով քրտերէն Աստուածաշունչ յայտնաբերեր է ՓՔՔ-ի զէնք ու զինամթերքին հետ», «Թուրքիան կը շարունակէ ժողովուրդների դիակներուն վրայ ինքզինք կառուցել» եւ այլ վերնագրերով հոդվածներ:

Արմեն Աշոտյանն այս անգամ կարողացել է հետաքրքիր բացառությամբ հայտնվել «Նոր Յառաջ»-ի էջերում: 

Գագիկ Աղբալյան http://past.am/?p=31878&l=am

Այս նյութը դիտել են - 1565 անգամ